Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեւ Երեւան. Տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման բողոքարկումը շարունակվում է

Հոկտեմբեր 15,2013 17:22

Երեւան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) եւ տրոլեյբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա եւ 3661-Ա որոշումները բողոքարկելու նպատակով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հոկտեմբերի 11-ին երկու վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարան: ՀՀ վարչական վերաքննիչ դատարան դիմելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանը երկրորդ անգամ էր հրաժարվել վարույթ ընդունել նույն պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության երկու հայցադիմումները: 

Առաջին հայցադիմումը ետ վերադարձնելու իր 14.08.2013թ ՎԴ/7087/05/13 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը, օգտվելով օրենսդրական բացից, կամայականորեն երեք հավելյալ պահանջներ էր առաջադրել խմբակցությանը. (1) ապահովել քաղաքապետի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ խմբակցության հավաքական քաղաքական կամքն արտահայտող որոշում կամ լիազորագիր տրված խմբակցության ղեկավարին, (2) վճարել պետական տուրք 4.000-ական դրամի չափով, (3) քաղաքապետի երկու որոշումների բողոքարկման հայցադիմումներն առանձնացնել:
Երկրորդ անգամ հայցադիմումները ներկայացնելիս «Բարեւ Երեւան» խմբակցությունը վերացրել էր դատավորի կողմից առաջ քաշված այդ ենթադրյալ բացթողումները, եւ թեպետ 24.09.2013թ. Վերաքննիչ դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը իր ՎԴ/8232/05/13 որոշման մեջ արձանագրել էր, որ առաջադրված պահանջները կատարվել են, սակայն կրկին մերժել էր հայցադիմումները վարույթ ընդունել եւ դրանք ետ էր վերադարձրել միանգամայն նոր պատճառաբանությամբ: Դատավորը մասնավորապես կեղծել էր իր նախկին՝ 14.08.2013թ որոշման 3 պահանջները, դրանցից հանելով պետական տուրքին վերաբերողն ու այն փոխարինել էր նորով՝ փորձել տպավորություն ստեղծել, թե դա խմբակցության կողմից չի կատարվել:
Դատավորի նոր պատճառաբանության համաձայն՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը «շահագրգռված չէ տվյալ հարցի ներկայացման հարցում, այսինքն նրան չի պատկանում այն իրավունքը, որը ներկայացված հայցով պաշտպանվում է, եւ հայցվորը իրավասու չէ դիմելու դատարան այդ իրավունքի պաշտպանության հարցով»: Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը ակնհայտորեն խախտել է ՀՀ օրենսդրությունը, միտումնավոր անտեսել այն հանգամանքը, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Երեւանի ավագանին «Երեւանում տեղական ինքակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ», վերջինիս կայացրած որոշումները վարչական դատարանում բողոքարկելու իրավունքը (հոդված 18) այդ վերահսկողության մեխանիզմներից մեկն է, իսկ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (որին միացել է Հայաստանը) 3-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների (ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի եւ համընդհանուր քվեարկության ճանապարհով ընտրված խորհուրդների եւ ժողովների, տվյալ դեպքում՝ ավագանու) իրավունք եւ իրական կարողություն է սահմանված պետական գործերի զգալի մասը կանոնակարգելն ու այն կառավարելը, գործելով օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ եւ տեղի բնակչության շահերից ելնելով: Դատավորը միտումնավոր անտեսել է այն հանգամանքը, որ ավագանին ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներից է տեղական մակարդակում եւ ներկայացնում է իր ընտրողների շահը եւ գործում է դրանից ելնելով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ներկայացրած իր վերաքննիչ բողոքներում «Բարեւ Երեւան» խմբակցությունը շեշտել է, որ դատավոր Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ոչ միայն խեղաթյուրել է ՀՀ օրենքները, դրանց ու ՍԴ որոշումներին տվել կամայական մեկնաբանություն, այլ նաեւ «Բարեւ Երեւանին» զրկել է իր ընտրողների շահը ներկայացնելու իրավունքից, ավագանու եւ քաղաքապետի որոշումների օրինականությունը վերահսկելու իրավական ու քաղաքական պարտավորությունից, խմբակցությանը զրկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, ստեղծել ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության եւ ամենակարեւորը` դատարանների հասանելիության իրավունքից օգտվելու անհնարինություն, որով թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 6 եւ 13 հոդվածների դրույթների խախտում:
Իր երկու վերաքննիչ բողոքներով «Բարեւ Երեւան» խմբակցությունը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից խնդրել է վարույթ ընդունել վերաքննիչ բողոքը եւ բավարարել դրանց պահանջները, այն է՝ առ ոչինչ ճանաչել Երեւանի քաղաքապետի N3660-Ա որոշումը եւ անվավեր՝ N3661-Ա որոշումը, ինչպես նաեւ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.09.2013թ. ՎԴ/8232/05/13 եւ ՎԴ/8233/05/13 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով առաջիկա օրերին «Բարեւ Երեւան» խմբակցությունը կդիմի ՀՀ արդարադատության խորհրդին:

«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031