Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ) այսօր սկսվեց Գեւորգ, Ջորջ, Կարապետ Թոսունյանների, Սահակ Սահակյանի եւ Վիլեն Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մինչ այդ՝ գործի քննությունը տեղի էր ունեցել Գորիսի նստավայրում, գործը բեկանվել էր եւ ուղարկվել էր նոր կազմով նոր քննության:
Այսօր դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, բացատրեց նրանց իրավունքները: Ամբաստանյալ Վիլեն Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնել էր փաստաբան Կիմա Սարյանը, մնացած ամբաստանյալների իրավունքները պաշտպանում էր Վահագն Մանուկյանը:
Մեղադրանքը պաշտպանող, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ պարոն Հակոբյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ ամբաստանյալները մեղադրվում են 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում Գրիգոր Պատյանին «միասնական դիտավորությամբ» բռունցքներով, դանակով հարվածելու համար, ինչի հետեւանքով Գրիգորը մահացել էր:
Կարդացեք նաև
Սահակ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ տուժողին օգնություն ցույց չտալու համար («թող մեռնի» ասել էր նա):
5 ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին:
Այսօր դատարանը լսեց հանգուցյալ Գրիգոր Պատյանի կնոջը՝ Քրիստինե Մինասյանին: Նա հայտնեց, որ եղել է տանը եւ կռվի մասին իմացել է ամուսնու ընկերներից: Մասնավորապես, Միհրան Խոսրովյանը, ըստ այդ վկայի՝ «մեր տանը նստած բազմիցս անգամ ասել է, որ կռվի ժամանակ ամբաստանյալները վիճել են իր ամուսնու հետ»:
Նախորդ ցուցմունքների եւ այսօր դատարանում տված ցուցմունքների միջեւ հակասություն նկատելով՝ պաշտպան Վահագն Մանուկյանը նկատեց, որ ապացույցների հետազոտումից հետո չի բացառվում տուժողի իրավահաջորդին եւս մեկ անգամ լրացուցիչ հարցաքննության կանչել: Ամբաստանյալներից մեկի եւ տուժողի իրավահաջորդի միջեւ քիչ էր մնում վեճ բռնկվեր, եւ պատճառը, ըստ իրավահաջորդի, այն էր, որ իրեն թվաց, թե ամբաստանյալը ինչ-որ բառեր է ասում:
Վահագն Մանուկյանը հանդես եկավ միջնորդությամբ, խնդրելով իր պաշտպանյալ, զինծառայող Ջորջ Թոսունյանի նկատմամբ փոխել խափանման միջոցը գրավով: Նա ասաց, որ Թոսունյանի եղբայրը՝ Կարապետը, նույնպես ամբաստանյալ է, սակայն այս գործով նրա խափանման միջոցը գրավն է եւ որ դատական ողջ գործընթացի ընթացքում նա չի խուսափել քննությունից: Պաշտպանն ասաց, որ գրավի գումարի չափը թողնում է դատարանի հայեցողությանը, նաեւ տեղեկացրեց, որ ամբաստանյալների հարազատները պատրաստ են իրենց անշարժ գույքը դնել՝ գրավի միջնորդության բավարարման դեպքում:
Ի դեպ, «Գորիս» ՔԿՀ-ից էլ մի գրություն էր եկել դատարան, որով խնդրել էին դատարանին ամբաստանյալ Սահակ Սահակյանին թույլատրել մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքների: Պարզվեց, որ Սահակ Սահակյանը ամուսնության եւ ԶԱԳՍ-ի բաժին դիմելու համար դիմել է թույլտվություն ստանալու: Դատարանը որեւէ խոչընդոտ չտեսավ եւ ամբաստանյալին տվեց թույլտվություն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ