Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կլոր սեղանների շրջանակում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղություններով գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Սանկտ Պետերբուրգի գործընկերները, կիսվելով փորձով, ներկայացրել են իրենց կողմից տարվող աշխատանքները: Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել են զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ապահովումը, քաղաքների մատչելիությունը, «Անվտանգ քաղաք» ծրագրի և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներդրումը, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր՝ քաղաքաշինական տեսանկյունից:
Աշխատանքային մյուս խմբում քննարկվել են Երևանում և Սանկտ Պետերբուրգում ներդրումային դաշտի ընդլայնման հետ կապված հարցեր: Մասնավորապես, խոսվել է սպառողական շուկայում ներդրումների ներգրավման իրատեսական ծրագրերի, այդ թվում՝ առևտրային նոր ցանցերի ստեղծման մասին:
Կլոր սեղաններին, Երևանի և Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև ներկայացուցիչներ մասնավոր ընկերություններից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն