Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորները վաճառո՞ւմ են իրենց ձայնը 10000 դրամով

Հոկտեմբեր 15,2013 16:42

Այսօր «Հայելի» ակումբի հյուրը կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն էր, որը, խոսելով Կոմպոզիտորների միությունում առկա լարված մթնոլորտի մասին, ասաց. «Մենք լուրջ փոփոխությունների ենք սպասում արդեն 22 տարի, այսինքն` այն ժամանակից, ինչ Ռոբերտ Ամիրխանյանը դարձավ նախագահ: Արդեն 22 տարի է, որ Կոմպոզիտորների միությունում չկա ստեղծագործական մթնոլորտ: Ռ. Ամիրխանյանը երբեք ծրագրեր չի ունեցել, միայն խոստումներ, որոնց մի չնչին մասն է միայն իրագործվել, այն էլ աղավաղված, արվեստին չծառայող բաներ։ Կոմպոզիտորների միությունը բավականին մեծ հնարավորություններ ունի, բայց վերջին 22 տարվա ընթացքում ոչ մի համերգ չի կազմակերպել արտասահմանում»:

Վ. Բաբայանն ասաց նաև, որ հիմա, երբ արդեն մոտ է միության նախագահի ընտրության օրը (հոկտեմբերի 26), կոմպոզիտորները բաժանվել են արդեն ոչ թե երկու, այլ երեք խմբավորումների։ Նա այդ մասին մասնավորապես ասաց. «Երրորդ խմբի մարդիկ անհասկանալի վարքագիծ ունեն, կամ ավելի ճիշտ է ասել, որ դրանք չկողմնորոշվող, կաշառված մարդիկ են։ Ես հավատացնում եմ ձեզ, որ նրանք վաճառում են իրենց ձայնը 10000 դրամով»:

Կոմպոզիտոր Վ. Բաբայանը խոսեց նաև համագումար անցկացնելու պահանջով կազմակերպված ստորագրահավաքի մասին. «Ստորագրահավաքին միացած 42 կոմպոզիտորների մեջ էլ, սակայն, եղան կոմպոզիտորներ, որոնք Ամիրխանյանի հետ հանդիպումից հետո միանգամից մտքները փոխեցին»,- հայտնեց կոմպոզիտորը:

Վահրամ Բաբայանը, Ամիրխանյանի պահվածքը «խուլիգանական» որակելով, ասաց. «Կոմպոզիտորների 90 տոկոսին չի բարևում։ Պետք էլ չէ նրա բարևը, ուղղակի կուլտուրա է: Բացի այդ, վիրավորելու սովորություն ունի բոլոր նրանց, ովքեր իրեն դեմ են, երիտասարդներին, օրինակ, անվանում է թշվառներ»:

Կոմպոզիտորը նշեց նաև մի քանի անուններ, որոնք ցանկալի թեկնածուներ են երկրորդ խմբի համար (Արամ Սաթյան, Լևոն Չաուշյան, Վարդան Աճեմյան), բայց որոնք դեռևս պաշտոնապես չեն առաջադրվել: Նա, որպես հավելում, ասաց նաև, որ միայն վերը նշված երեք անունները չեն, էլի տարբերակներ կան, պարզապես, կան մարդիկ, որոնք չեն ցանկանում, և մարդիկ, որոնք, ցանկանալով հանդերձ, հրաժարվում են, որովհետև չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է Միությունը փրկել կործանումից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031