Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումները տեղափոխվել են ոստիկանության բաժիններ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 16:38

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն (Խումբ) այսօր ներկայացրեց Խմբի 2012 թ. տարեկան հաշվետվությունը:

Հաշվետվությունը ներառում էր ոչ միայն ՁՊՎ-ներում անձանց պահման պայմաններին կամ նրանց իրավունքներին առնչվող թերություններն ու բացթողումներն, այդ անձանց իրավունքների խախտումները, այլեւ՝ այն առաջընթացն ու ձեռքբերումները, որոնք Խումբը գրանցել է ինչպես ոստիկանության աշխատանքներում ընդհանրապես, այնպես էլ՝ իրենց գործունեության արդյունքում:

Չնայած Խումբը նշում է, որ «2012-ին խիստ նկատողության եւ կարգապահական տույժերի են արժանացել մի շարք իրավախախտ ոստիկաններ, մասնակի բարելավվել են ՁՊՎ-ներում անձանց պահման պայմանները, այդուհանդերձ, դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց վրա ուշադրություն էր հրավիրվում հաշվետվության մեջ:

Մասնավորապես, նշվում էր այն, որ ՀՀ ոստիկանության բաժիններում բացակայում է հասարակական վերահսկողությունը, եւ դա դարձել է առիթ, որպեսզի խոշտանգումները ՁՊՎ-ներից տեղափոխվեն ՀՀ ոստիկանության բաժիններ:

Հաշվետվության մեջ Խումբը մանրամասնորեն անդրադարձել էր ՀՀ տարբեր մարզերում գտնվող ՁՊՎ-ներին՝ ինչպես այդտեղ հայտնված անձանց պահպանման պայմաններին, այնպես էլ այդ անձանց իրավունքներին եւ դրանց հանդեպ ոտնձգություններին:

Հատկանշական է, որ հաշվետվության ներկայացմանը մասնակցում էին ոստիկանության համապատասխան բաժինների եւ վարչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք համբերատար լսում էին իրենց համակարգի թերությունների պատկերավոր նկարագրությունները, քննադատությունները: Ճիշտ է, որոշ դեպքերում նրանք համաձայն չէին այդ կարծիքների հետ եւ այդ կապակցությամբ արտահայտվեցին, սակայն, ընդհանուր առմամբ, հավաստեցին, որ դիտորդական Խմբի աշխատանքները եղել են հօգուտ համակարգի բարելավման:

Ոստիկանները, մասնավորապես, չէին ընդունում իրենց մեղքն այն քննադատության մեջ, որ ՁՊՎ բերված անձանց գերակշիռ մասը չի օգտվում իրենց՝ փաստաբան ունենալու իրավունքից: Նրանք պնդում էին, որ ոստիկանություն բերման ենթարկվածներն իրենք են հրաժարվում փաստաբանից, համառում են, թե՝ «ես ինքս ինքնուրույն կիրականացնեմ իմ պաշտպանությունը, ինձ փաստաբան պետք չէ»:

Այնինչ, Խմբի անդամները հակված էին կարծելու, որ ոստիկանները կամ չեն տեղեկացնում այդ անձանց՝ իրենց իրավունքների մասին, կամ ուղղակի անտեսում են նրանց այդ իրավունքը՝ առանց վկաների համապատասխան ճնշումների ենթարկելու հնարավորություն ունենալու համար:

Ինչպես ՁՊՎ-ներին առնչվող ցանկացած քննարկման ժամանակ, այս անգամ էլ բարձրացվեց անձի՝ բերման ենթարկելու եւ ձերբակալելու հետ կապված ժամանակացույցի խախտման հարցը, ներկայացվեցին դեպքեր, երբ օրենքով սահմանված ժամանակագրական կարգի խախտման պատճառով հնարավոր է դարձել անձին անազատության մեջ պահել ոչ թե սահմանված ժամաքանակի, այլ դրա կրկնակիի, եռակիի չափ, եւ այդ ընթացքում խոշտանգումների ենթարկել, ու քանի որ ըստ փաստաթղթերի, անձը ազատությունից զրկված չի եղել, նրա խոշտանգումները չեն վերագրվել ՁՊՎ-ներին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031