Այսօր Aravot.am-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ նա չի՞ մասնակցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խորհրդակցությունների շարքին՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված:
Հիշեցնենք, որ պարոն Սարգսյանը հայտարարել էր, որ անողոք պայքար է մղելու իշխանությունների դեմ եւ խորհրդակցությունների շարք է սկսում, եւ դրան արդեն մասնակցել են մի շարք կուսակցություններ, քաղաքական գործիչներ:
Պարույր Հայրիկյանն ասաց. «Նրանք մեզ չեն դիմել: Իհարկե, մենք կմասնակցենք: Մենք մեծ հավակնություններ չունենք, մեզ չեն դիմել, երեւի բարդույթներ ունեն: Մեր դիրքորոշումը հայտնի է: Երբ ամսի 3-ին որոշումն ընդունվեց, ամսի 5-ին մամուլի ասուլիսով մենք ներկայացրել ենք մեր վերաբերմունքը այդ չակերտավոր Մաքսային միության նկատմամբ: Իրենք իրենց համար ինչ կուզեն, թող անեն: Ես կարող եմ հենց հիմա զանգահարել Արամ Սարգսյանին եւ ասել՝ էդ ի՞նչ եք անում առանց մեզ, ինչի՞ մեզ չեք դիմել, չէ՞ որ գիտեք, որ մենք ենք հիմնական այդ հարցին արձագանքողը եղել: Ինչի՞ մեզ չեք դիմում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ