Օրերս «Նախախորհրդարանի» անդամները «ի գիտություն պատկան մարմինների» վերնագրով տեսանյութ էին տարածել, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են Փակ շուկայի համար մղվող պայքարի արդյունքում անհայտ անձինք փորձում իրենց ահաբեկել: Ըստ տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին մոտ Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն վերադառնալիս հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղար Ժիրայր Սէֆիլյանի անձնական ավտոմեքենան: Նույն օրը Փակ շուկայի ակցիայի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի մարդ ու փորձել նրան առանձնազրույցի հրավիրել: Նա ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում:
Այսօր Aravot.am-ը Ժիրայր Սէֆիլյանից հետաքրքրվեց՝ այդ միջադեպից հետո չե՞ն պատրաստվում արդյոք դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար, դա իրական սպառնալիք չի՞ համարում իր կյանքի համար: Պարոն Սէֆիլյանը պատասխանեց. «Այդ անձանց ինքնությունը եւ դիտավորությունները պարզելու պահանջով «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը դիմել է ոստիկանություն: Ինչ վերաբերում է իմ անվտանգության ապահովմանը, ապա այդ հարցով ոստիկանությանը հատուկ դիմելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ նորմալ պետություն ունենալու պարագայում ոստիկանությունն առանց իմ դիմելու պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր»:
Մենք հետաքրքրվեցինք՝ բացի այդ միջադեպից այս օրերին էլի նկատե՞լ եք նման կասկածելի մարդկանց՝ Ձեր բնակարանի, գրասենյակի տարածքում: Պարոն Սէֆիլյանը պատասխանեց. «Այդ միջադեպին հաջորդած օրերին բնակարանի եւ գրասենյակի տարածքում չեմ նկատել: Անկախ մյուս կողմի գործողություններից, մենք չենք ընկրկելու եւ շարունակելու ենք պայքարը մինչեւ հաղթանակ: Եվ մենք համոզված ենք, որ հասնելու ենք հաղթանակի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աստված չանի, որ պատերազմ լինի, հենց այդ օրը վլադիմիր գասպարյանը իր զորքով հանդերձ
անպայման կդիմի՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ երկրի անվտանգության ապահովման համար:
Այսօր Փակ շուկայի փթած կոյուղից դուրս պրծած առնետները իրենց տիրոջ հետ միասին դարձել են
երկրի տեր, և նույնիսկ սպառնում են այն էլ մի մարդուն, որի անցած ճանապարհով դեռ սերունդներ են դաստիարակվելու, քանի որ ստեղծված առնետապետությանը հաշված ամիսներ է մնում, գուցե և հաշված օրեր: