Այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Զարուհի Փոստանջյանի՝ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին ուղղված հարցի եւ դրա տարաբնույթ մեկնաբանությունների մասին՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց. «Ես ինձ համարում եմ եվրոպական ընտանիքի անդամ: Սխալը դու կարող ես անել ոչ միայն տանը, այլ նաեւ Եվրոպայում, եթե սխալ է: Ինչպե՞ս կարելի է խոսքի համար մարդուն քննադատել: Զարուհի Փոստանջյանն իր խոսքն է ասել, դու էլ քո խոսքն ասա՝ որ մակարդակում էլ ուզում է դա լինի: Չի կարելի խոսքի համար քննադատել»:
Ինչ վերաբերում է «Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանի հայտարարությանը, որ Զարուհի Փոստանջյանին պետք է խարույկի վրա այրել՝ որպես Ռամիլ Սաֆարով՝ Պարույր Հայրիկյանն արձագանքեց. «Նման խոսքերը ինձ համար նույնիսկ մեկնաբանության արժանի չեմ համարում: Ի՞նչ է դա նշանակում»:
Անդրադառնալով Մեղրի-Երեւան ճանապարհին ռուս սահմանապահների հետ Զարուհի Փոստանջյանի միջադեպին ՝ ԱԻՄ առաջնորդն ասաց, որ եթե ռուս էլ չլինեին, հայ էլ լինեին, նրանք իրավունք չունեին իրենց այդպես պահելու, մանավանդ, երբ պարզում են, որ պատգամավորի հետ գործ ունեն. «Դա մեզ բոլորիս համար ահազանգ էր: Հասկանալի է արդեն, թե Հայաստանն այսօրվա ներկայով մինչեւ ուր կարող է հասնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ