Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի քայքայման հիմքերը կարող են դրվել այսօր

Հոկտեմբեր 15,2013 14:48

Արբակ Խաչատրյանը հորդորում է կենտրոնացնել ուժերը՝ տարածաշրջանային բարենպաստ իրադրությունը հօգուտ Հայաստանի օգտագործելու համար:

– Իրանի նախագահ Հասան Ռուհանին վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է 3-6 ամսվա ընթացքում միջազգային հանրության հետ համաձայնության գալ միջուկային էներգիայի հարցում: «Washington Post»-ին տված հարցազրույցում Իրանի նախագահը նշել է, որ միջուկային էներգիայի հարցի լուծումը կարող է Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորման հիմնակետ դառնալ: Ըստ նրա` իր երկիրը պատրաստ է առավելագույնս թափանցիկ աշխատելաոճի, որպեսզի ապացուցի միջազգային հանրությանը, որ միջուկային էներգիայի մշակումը խաղաղ նպատակ է հետապնդում: Իրանի կեցվածքի փոփոխությունն ի՞նչ ազդեցություններ կարող է ունենալ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վրա եւ տարածաշրջանային ի՞նչ զարգացումների կարող է բերել:

– Սիրիական զարգացումները վերջին շրջանում այնպիսի ընթացք ստացան, որ տպավորություն էր, թե երրորդ համաշխարհային պատերազմն է սկսվում: Բայց տասնյակ տարիներ, այն ընթացքում, երբ Իրանը դեմ էր ԱՄՆ-ին, Սիրիայում էին գտնվում այն ուժերը, որոնցով Իրանը պայքարում էր ԱՄՆ-ի դեմ, ու դեռ տասը տարի առաջ էր տեսանելի Սիրիայի վրա հավանական հարվածը, որն իրականում Իրանի դեմ էր: Պարզապես Իրանի նախկին նախագահի օրոք այնպիսի քաղաքականություն էր վարվում, կարծես ինքն իր դեմ էր, քանի որ Իրանին հարվածելու դեպքում, մանավանդ, եթե կար նաեւ միջուկային զենքի կասկած, հնարավոր էր հզոր պատերազմական վիճակ, որը հիմնահատակ կքանդեր աշխարհի՝ առանց այդ էլ քանդված տնտեսությունը: Բայց Իրանը լավ հասկացավ, ԱՄՆ-ի հնարավոր հարվածից հետո քաոսային վիճակից չի կարող դուրս գալ, ինչպես եղավ Լիբիայում, Եգիպտոսում, Իրաքում…

Շատ բարդ է կոտրել տարիների սառույցը, բայց ԱՄՆ-ին, Իսրայելին ուղարկված «մեսիջները» համագործակցության հնարավորություն են տալիս, եւ դրա ճանապարհը կա: Բայց այստեղ ՌԴ-ի համար մեծ վտանգ կա, քանի որ տարածաշրջանում ստեղծված այս քաոսային վիճակը ՌԴ-ին դուրս բերեց դեռ ելցինյան ժամանակներից խորացած ծանր տնտեսական վիճակից՝ գազի եւ նավթի գների բարձրացման արդյունքում: Եթե Միջին Արեւելքի երկրներում իրադրությունը հանդարտվի, նավթի եւ գազի գները տասնյակ անգամ կնվազեն: Ի դեպ, ԽՍՀՄ-ի քանդման հիմքը Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանում սկսվեց հենց նավթի գնի իջեցմամբ: Չի բացառվում, որ այս տարբերակն արդեն ավտոմատ կերպով սկսի գործել, մանավանդ որ՝ ՌԴ-ի տնտեսությունն այժմ այդքան էլ բարվոք վիճակում չէ. ջրհեղեղից հետո էլ ավելի է ծանրացել: Այս իրավիճակում ո՞վ կարող է փաստել, իրավական հիմքեր ներկայացնել, որ Մաքսային միությունն ինչ-որ օգուտներ է բերել տվյալ երկրներին:

– ՌԴ տարբեր պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, վերջերս «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում էլ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւն ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում Մաքսային միության անդամ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է:

– Ես ուրախ եմ, որ պարոն Գլազեւն այդպիսի տվյալներ ունի, ինքը մեծ տնտեսագետ է, բայց այն փաստերը, որոնք տեսանելի են, երբ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ հարաբերությունները մի փոքր սառում են, միանգամից եւ Բելառուսի կաթն է վատանում եւ այլ սննդամթերքները, ու սահմանները փակվում են: Այդպիսի վիճակում հնարավո՞ր է, որ տնտեսական միավորն աշխատի:

– Իսկ Թուրքիայի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի,  երբ Իրանը սկսի «աշխատել» եւ ԱՄՆ-ի, եւ Իսրայելի հետ:

– Այո, հետաքրքիր է, այդ դեպքում Իրանը Թուրքիային նավթ կտա՞, թե՞ ոչ, Չինաստանն ի՞նչ դիրք կբռնի եւ այլն, հարցեր են, որոնք կապված են ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ: Փաստորեն, Թուրքիայի ռազմավարական ուղղությունը կարող է փոխվել՝ Իրանի երկու քայլով պայմանավորված, թե ի՞նչ կտա դրա փոփոխությունը…

Ցավալի է, բայց ղարաբաղյան պատերազմում հրադադարից հետո, երբ Հայաստանը տարածաշրջանում առաջինն էր, այդպես էլ չկարողացավ քայլեր կատարել, որոնք սնուցման ու զարգացման հնարավորություններ կտային մեր երկրին: Ժամանակն է, որ հասկանանք՝ վախեցնելով ոչնչի չենք հասնի ու պետք չէ նախկին սխալները կրկնել: Ես մի ուղղություն եմ տեսնում Հայաստանի զարգացման՝ գաղափարական եւ դիվանագիտական դպրոցների զարգացումը: Բավ է բողոքենք, դա ճանապարհ չէ: Հայաստանն այս վիճակից դուրս բերելու միակ ճանապարհն անկեղծությունն է. պետք է անկեղծ խոսենք այն ամենի մասին, ինչ տեսնում ենք: Մենք պետք է մտածենք՝ ինչպե՞ս  անել, որ տարածաշրջանում իրադրության բարեհաջող դասավորությունն օգտագործենք մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Մենք նաեւ հզոր Սփյուռք ունենք: Դա կարեւոր գործոն է: Բայց երբեւէ չպետք է հույսեր կապենք որեւէ նախագահի անձնական կապերի հետ: Դա խորտակում է, ինչպես եղել է մինչ այժմ:

– Այս իրավիճակում, երբ Հայաստանի նախագահը նախապատվությունը տվեց ռուսական ուղղությանը, ի՞նչ է սպասվում մեր երկրին:

– Ոչ ոք դեռ չգիտի, թե մեզ շրջապատող երկրներում ի՞նչ իրավիճակ է լինելու: Ի՞նչ միավորի է միանալու Վրաստանը՝ Եվրոպայի՞ն, ՌԴ-ի՞ն: Բայց թեկուզ այդ մի ճանապարհը մեզ չի փրկելու, եւ դա ոչինչ է այն տնտեսական հզորության դեմ, որը ստանում է Ադրբեջանը: Եթե ՌԴ-ի տնտեսությունը խորտակվում է, բայց Հայաստանը Վրաստանում բարենպաստ ճանապարհ է ունենում դեպի ՌԴ, այդ ճանապարհը բավարա՞ր է, որ մենք ռազմավարական քայլեր տանենք Ադրբեջանի դեմ, երբ վերջինս աշխատում է եւ եվրոպական երկրների, եւ ՌԴ-ի, եւ Ղազախստանի, եւ Թուրքմենստանի եւ այլ երկրների հետ: Եթե մենք չունենք ռազմավարական հիմք եւ միջազգային տնտեսական դաշտ, ինչո՞վ պետք է պայքարենք: Մանավանդ, որ անգամ նման քննարկումներ չկան: Չի կարելի անձնական հարաբերությունների վրա պետության համար հարաբերություններ կառուցել: Ես հենց դրանից եմ վախենում՝ տեսնելով, թե Ուկրաինայի, Բելառուսի դեմ ինչ քայլեր են կատարվում: Նրանք դեռ ձայն ունեն, կարող են շուռ գալ, իսկ Հայաստանի՞  հետ ինչ կկատարվի, եթե հանկարծ ինքնուրույն մի քայլ որոշի, եթե Մաքսային միությանը միանա: Մենք դեռ շատ բան չենք տեսնում, բայց Ղարաբաղի հարցն է, բուֆերային գոտիների հարցը կա… (ի դեպ, ինձ մեղադրում են, որ այդ տարածքների համար գրել էի գրավված տարածքներ, բայց աշխարհի համար գրավելն ավելի լավ է, քան ազատագրելը, քանի որ ուժն է որոշողը): Նման պայմաններում այդ հողերի համար պայքարելը շատ բարդ է: 2-3 առեւտրի կենտրոններ են ստեղծվել՝ եւ ՌԴ-ում, եւ Հայաստանում՝ առանց հարկեր վճարելու, ու այդ պատճառով նախագահն այդ մարդկանց ձեռք չի տալիս, քանի որ ինչ-որ գումարներ են Ղարաբաղ տանում, մինչդեռ այդ ուժը վճռական պահին ոչինչ չի կարող անել:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031