Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի օրոք Ղարաբաղյան հակամարտությունն ընդհանրապես չի լուծվելու»

Հոկտեմբեր 15,2013 14:36

Ըստ Արիֆ Յունուսովի՝ Ադրբեջանում մեծացել է այսպես մտածողների թիվը, եւ նրանց, ովքեր կարծում են, որ իրենց շարունակելու են կերակրել խոստումներով:

– Պարոն Յունուսով, ինչո՞վ տարբերվեցին Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատությամբ, ինչպիսի՞ մթնոլորտում դրանք անցկացվեցին:

– Ընտրությունները անցկացվեցին ինչպես միշտ՝ վարչական ամբողջ ռեսուրսի օգտագործման պայմաններում, ինչպես միշտ՝ տեղի ունեցան կեղծիքներ, բյուջետային կառույցների օգտագործում, ինչպես միշտ՝ արդեն ձանձրալի դարձած խաղի՝ «կարուսելի» ականատեսը դարձանք, երբ ընտրողների նույն խմբին ավտոբուսներով տանում էին մի քանի ընտրատեղամասեր, եւ նրանք քվեարկում էին մի քանի անգամ: Ինչպես միշտ՝ եղել են ճնշումներ այլախոհների նկատմամբ եւ նախեւառաջ՝ ընդդիմության առաջնորդների եւ մյուսների նկատմամբ, ինչը լավ հայտնի է Հայաստանին, որտեղ նույն պատկերն է լինում:

Տարբերությունը միայն մասշտաբների մեջ է: Ինչպես չպետք է զարմացնի իշխանությունների արձագանքը, թե ընտրությունները ժողովրդավարական էին ու ազատ, եւ գործող նախագահը միանշանակ հաղթել է, իսկ ընդդիմությունը պարտվել է՝ չունենալով հասարակության աջակցությունը, այնպես էլ ավանդական էին նաեւ միջազգային դիտորդների արձագանքը՝ մեծամասնությունը, մասնավորապես ԱՊՀ երկրների պատվիրակությունը, ուրախությամբ ողջունեցին ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ արեւմտյան պատվիրակությունների մեծ մասը։ Այո, եղել են մի քանի փոքր խմբեր, այդ թվում՝ ԵԱՀԿ պատվիրակությունից, որոնք հայտարարեցին կեղծիքների մասին: Բայց Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքներից հետո, թե՝ արմատապես կվերանայեն իրենց մոտեցումները այդ կազմակերպության նկատմամբ, կասկած չունեմ, որ դրա արդյունքում ԵԱՀԿ-ի վերջնական որոշումը ավելի ուշ կվերանայվի: Ընդհանուր առմամբ ադրբեջանական՝ «արջամկան օրն» էր… Այսինքն՝ եթե ընտրություններին մոտենանք ավանդական տեսանկյունից՝ հաշվի առնելով թվերը, պաշտոնական արդյունքները, որեւէ նոր բան չկար այս ընտրություններում:

Սակայն իրականում նորամուծություն եղել է: Իլհամ Ալիեւի իշխանավարման տասը տարիների ընթացքում եւ հասարակության մեջ այլախոհների նկատմամբ ճնշումների առկայության պայմաններում նկատելիորեն մեծացել է դեպրեսիայի եւ վախի մթնոլորտը իշխանության նկատմամբ: Իշխանությունը թույլ էր տալիս որոշակի պահերի, ասենք՝ նախընտրական շրջանում, քննադատել իրեն, բայց աբստրակտ, ոչ կոնկրետ: Երբեմն թույլ էին տալիս այս կամ այն նախարարներին հանդիմանել: Բայց նախագահի անձն ու նրա ընտանիքը խիստ տաբուի ներքո էին: Եվ հանկարծ հայտնվում է մի մարդ (Ջամիլ Հասանլին) եւ հրապարակայնորեն խոսում արգելված այդ թեմաների շուրջ, այն մասին, որ Իլհամ Ալիեւը միապետ չէ, այլ ընդամենը թիվ մեկ պաշտոնյան է եւ այդ իսկ պատճառով պետք է հանրությանը հայտարարագիր ներկայացնի իր եւ ընտանիքի անդամների՝ արտերկրում ունեցած առանձնատների, հաշիվների մասին եւ ընդհանրապես՝ մասնակցի բանավեճերի: Ժամանակակից Ադրբեջանում դա հասարակության մեջ շատերի համար նորամուծություն էր: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունը շատ ժամանակ էր կորցրել միավորման շուրջ բանավեճի վրա, իսկ հետո երկար ժամանակ միավորվում էր, հետո որոշում էր միասնական թեկնածուի հարցը, իսկ հետո թեկնածուին (Ռուստամ Իբրահիմբեկով) իշխանությունները չգրանցեցին, եւ ընդդիմությունը ստիպված եղավ նորից որոշել՝ միասնական թեկնածու առաջադրե՞լ, թե՞ առանձին-առանձին գնալ ընտրությունների: Եվ նորից ժամանակի կորուստ: Եվ ահա, չնայած ժամանակային այդ սահմանափակմանը, միջոցների բացակայությանը, չունենալով քարոզչության հնարավորություններ հեռուստատեսությամբ եւ ԶԼՄ-ներով, որոնք իշխանության տոտալ հսկողության տակ էին, այնուամենայնիվ՝ ընդդիմությունը եւ մասնավորապես Հասանլին կարողացավ իշխանությանը լրջորեն վախեցնել եւ հասարակության մեջ նոր տրամադրություններ առաջացնել: Այս տեսանկյունից Հասանլին բարոյական հաղթանակ տարավ: Բայց իրավիճակը երկրում չի սահմանափակվում միայն ընտրություններով: Եվ այս առումով կարեւոր է հարցը՝ կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը եւ անձամբ Հասանլին պահել նշաձողը՝ սա լուրջ հարց է: Սա այսօրվա ամենակարեւոր հարցն է:

– Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ ընտրությունները անցել են տոտալ կեղծիքներով, հնարավո՞ր է՝ որ հասարակության մեջ դժգոհությունն էլ ավելի մեծ բողոքի ակցիաների վերաճի:

– Այս առումով ընդդիմությունը լիովին ճիշտ է, ընտրությունները ժողովրդավարական ու ազատ չէին: Մյուս կողմից՝ թեեւ ես նշեցի Հասանլիի տարած բարոյական հաղթանակի մասին եւ այն մասին, որ իշխանություններից հասարակության վախը սկսել է հալվել, այնուամենայնիվ՝ սրանից չի բխում, որ այդ վախն անցել է կամ մեծ չափերի է հասնում։ Ոչ, շատերին դեռ իշխանությունից վախը պահում է գերության մեջ, եւ այդ պատճառով ես հասարակությունից լուրջ քաղաքական բողոքի ակցիաներ չեմ սպասում:

– Իսկ Իլհամ Ալիեւի վերընտրությունից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում կարո՞ղ են փոփոխություններ տեղի ունենալ:

– Ոչ։ Այդ հարցում փոփոխությունների չարժե սպասել, ամեն ինչ կմնա նույնը, ինչպես նախկինում: Հնարավոր է՝ որոշակի փոփոխություններ առաջանան արտաքին ոլորտում, բայց դրանք կապված չեն լինի ընտրությունների արդյունքների հետ, այդտեղ դեր կխաղան այլ գործոններ:

– Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ, եթե գործող նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեր ընտրություններում՝ հայտարարել էր Սերժ Սարգսյանը օգոստոսի 17-ին: Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 11-ին, Իլհամ Ալիեւն էլ, թերեւս, հակադարձեց այս հայտարարությանը. «Որքան շատ իշխանության ղեկին մնան ներկայիս իշխանությունն ու Սերժ Սարգսյանը, այնքան արագ մենք կազատագրենք մեր հողերը, որովհետեւ այդ մարդը եւ նրա շրջապատը Հայաստանը տանում են կործանման»: Պարոն Յունուսով, Ադրբեջանում ընդհանրապես որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ Ալիեւի իշխանությունը ընդունակ է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ՝ փոխզիջումների ճանապարհով:

– Անգամ ամենալավ ժամանակներում, երբ նոր իշխանության եկած Իլհամ Ալիեւը «երիտասարդ բարեփոխչի» համբավ ուներ, նույնիսկ այդ ժամանակ ադրբեջանական հասարակության մեջ շատերը կարծում էին, որ պատերազմի արդյունքում կորցրածը խաղաղ ճանապարհով հնարավոր չէ հետ բերել, եւ պատերազմի կողմնակիցները նույնիսկ տասը տարի առաջ ավելի շատ էին: Բայց այն ժամանակ կային նաեւ այնպիսիք, որոնք հավատում էին հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը, ինչպես նաեւ հավատում էին Իլհամ Ալիեւին եւ նրա խոստումներին: Այսօր արդեն նրանք էլ մեծամասամբ հիասթափված են: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ անգամ իշխանական թեկնածուները հեռուստաբանավեճերի ժամանակ միայն խոսում էին Ղարաբաղը վերադարձնելու ռազմական ճանապարհի մասին, եւ տարբերությունը նրանց միջեւ միայն դետալներում էր կայանում։

Այսինքն՝ մի կողմից՝ այսօր հասարակության մեջ շեշտակի կրճատվել է նրանց թիվը, որոնք հավատում են խաղաղ կարգավորման գործընթացին եւ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը: Սա օբյեկտիվ փաստ է՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններում կոնկրետ արդյունքների բացակայության հետ: Մյուս կողմից՝ շատերը դադարել են հավատալ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, այդ թվում՝ որ նա կսկսի ռազմական գործողություններ: Այսինքն՝ կտրուկ մեծացել է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ Իլհամ Ալիեւի օրոք Ղարաբաղյան հակամարտությունն ընդհանրապես չի լուծվելու, եւ որ հասարակությանը շարունակելու են կերակրել խոստումներով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031