Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը այսօր «Հայելի» ակումբում խոսեցին Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակից: Հրապարակախոսը նշեց, թե սկզբում մտածել է, որ անմեղ նամակ է, իսկ երբ կարդացել է ամբողջությամբ՝ հասկացել է. «Դա անմեղ բան չի, եւ մարդիկ կան, որ պաշտպանում են իրեն, այդտեղ իշխանական պրոյեկտ են տեսնում: Դա շատ լուրջ վտանգ է Հայաստանի գոյության համար: Սա թշնամական պրոյեկտ է Հայաստանի դեմ»:
Հաղթանակ Շահումյանը համաձայն չէ Մարինե Պետրոսյանի հետ, համարում է, որ նամակում ընդամենը շարադրանք է պատմական փաստերի:
«Ի՞նչ շարադրանք, նամակում հստակ պրովոկացիա կա»,-ասաց Մարինե Պետրոսյանը:
«Եղածի մասին մտածելու փոխարեն, անընդհատ թիրախներ ենք փնտրում, ինքը տեղյակ մարդ է, կապեր ունի, ուրեմն մի դրդապատճառ կար նամակ գրելու»,-ընդմիջեց Շահումյանը:
Կարդացեք նաև
Մարինե Պետրոսյանն էլ գեղանկարչին ընդհատեց. «Զորի Բալայանը տեղյա՞կ է, որ Ղարաբաղի շուրջը ինչեր կան: Ինչո՞ւ, ինքը պաշտո՞ն ունի պետական»
«Նամակից կարելի է հասկանալ, որ Ղարաբաղի հարցը տագնապահարույց է, եւ ստիպված է եղել նման նամակ գրել»,-համոզված է գեղանկարիչը:
«Զորի Բալայանն ասում է՝ ամբողջ Հայաստանը հավերժ Ռուսաստանին, ասում է մենք պետք է ունենաք ընդհանուր սահման…հասկանում ե՞ք դա ինչ է նշանակում: Զորի Բալայանը կոչ է անում, որ Ռուսաստանը գրավի Ադրբեջանը եւ Վրաստանը, դու քո երկրին հանում ես ագրեսոր: Երրորդ, եթե Զորի Բալայանը խոսում է պատմությունից, ինքը չի՞ հիշում, որ տասնհինգ թիվը ռուսների ձեռքով է եղել: Նույն բանն է հրահրում հիմա… Ռուսաստանին միշտ Հայաստանը պետք է եղել առանց հայերի, հիմա դա նույն պատմությունն է»,-ասաց Պետրոսյանը:
Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ կրքոտ բանավեճերով ոչնչի չենք հասնի. «Այսպես լրջացնելով՝ նամակը դարձնում ենք հանրային սեփականություն: Դուք էլ այնպես եք խոսում, ասես Զորի Բալայանը ես եմ…»:
«Դուք ասեցինք, որ Զորին Սերժի քիփ մարդն է … Եվ եթե անգամ Զորի Բալայանին բոյկոտենք մամուլում, ինքը բոլոր ծակուծուկերը գիտի ռուսական մամուլի, ինքը փաստորեն Սերժին էլ է շրջանցել, սա ռուսական պրոյեկտ է»,-բորբոքվեց Մարինե Պետրոսյանը:
Հաղթանակ Շահումյանը մնաց նույն կարծիքին, որ Զորի Բալայանը նամակ գրելու լուրջ դրդապատճառ է ունեցել. «Գուցե Ղարաբաղի հարցը փակուղում է, դրա համար է նման քայլի գնացել»:
Մարինե Պետրոսյանը զայրացավ. «Փաստարկ ասեք, ինչ գիտեք…»:
Գեղանկարիչը փաստեց. «Քսան տարի է հարցը փակուղում է, դա էլ տագնապ է հարուցում»:
Մարինե Պետրոսյանի խոսքով. «Զորի Բալայանը թքում է ինքնորոշման վրա…Նրա նամակի ոճը մառազմատիկ է, ծրագիրը վտանգավոր: Ինքը ԿԳԲ-ի աշխատող է, բոլորը գիտեն: Ինքը Ռուսաստանի խաղն է խաղում Հայաստանի գլխին»:
Aravot.am-ի հարցին՝ Արցախը կարիք ունի՞ նման ազգային հերոսի, Մարինե Պետրոսյանը պատասխանեց. «Արցախցիներին պետք է հարցնել: Ես առաջարկեցի, որ Արցախը զրկի իրեն քաղաքացիությունից, բայց պարզվում է նման օրենք չկա: Ինքը պետք է թողնի հեռանա այստեղից, որովհետեւ ինքը մեր անունից է խոսում»: Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ լավ կլինի՝ պետական գերատեսչություններն ու քաղաքագետներն արձագանքեն: Այս հարցում Մարինե Պետրոսյանը համամիտ էր գեղանկարչի հետ:
Տիկին Պետրոսյանը անդրդվելի է հետեւյալ հարցում. «Երբ թշնամին գալիս է, ինքը գալուց առաջ հող է ստեղծում, պլացդարմ, Զորի Բալայանի նամակը նման «մեսիջ» է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ