Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ կարծիքներ հայտնեցին, որ Ռուսաստանի կողմից ճնշումներ են եղել, նման կարծիքներ նաեւ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներն են արտահայտել, որին հաջորդեցին մեր պաշտոնյաների հերքումները:
Հիմա էլ Ռուսաստանը Եվրամիությանն է մեղադրում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու մեջ, ու հայկական քաղաքական գործիչների՝ ՄՄ մտնելով մեր սուվերենությունն ենք կորցնելու վստահություններին հայտարարում, թե հենց ԵՄ-ում Հայաստանը կկորցներ իր սուվերենությունը:
Օրերս «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը կարծիք է հայտնել, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելու եւս մեկ լրացուցիչ ֆակտոր էր Եվրամիության կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման նպատակով. «Ոչ թե մենք ենք Հայաստանին մղել Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնել, այլ Եվրոպական միությունը` Հայաստանին իր սուվերենությունից զրկելու համառ ցանկությամբ: Որպեսզի պահպանի անկախությունը եւ ՌԴ-ի հետ բալանսավորված հարաբերությունները, Հայաստանի նախագահը ստիպված էր այդ ճնշման ներքո համապատասխան քաղաքական որոշում կայացնել»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցում Գլազեւի այս հայտարարության վերաբերյալ ասաց, որ նման ռուսական բյուրոկրատ չինովնիկները չպետք է իրենց աշխատանքային հիմնական պարտականություններից դուրս գան եւ քաղաքական վերլուծություններ կատարեն, այն էլ՝ Հայաստանին խրատելով ու գնահատականներ տալով. «Ես դա ճիշտ չեմ համարում: Անկախ նրանից, թե Գլազեւն ինչ է ասել, ԵՄ-ն որեւէ ճնշում, չգիտեմ՝ ի՞նչ ճնշում, գոնե կարդում ենք ու գիտենք, որ գաղտնի հանդիպումներ չեն եղել, որ ճնշում էլ լիներ, ու չի էլ կարող լինել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԵՄ-ում Հայաստանի սուվերենությունը կորցնելու կարծիքին, ապա վերլուծելով խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պահանջները՝ պարոն Իգիթյանն ասաց, որ «դրանք ընդամենը սկզբունքներ են, որտեղ նշված է՝ Հայաստանն ընդունո՞ւմ է դրանք, թե՞ ոչ, ուզո՞ւմ է աշխատել իր տնտեսական դաշտը զարգացնելու այդ ուղղությամբ, ուզո՞ւմ է արդյոք Հայաստանը իր ապրանքը եվրոպական ձեւով սերտիֆիկացնել, թե՞ ոչ: Եվ այս պայմանները ընդունելու դեպքում մեր ապրանքները կարող են ազատորեն մուտք գործել եվրոպական շուկա: Դրանով ոչ միայն ներսում արտադրվող, նաեւ ներմուծվողների հանդեպ կլինեին քաղաքակիրթ չափանիշներ, եվրոպական արտադրողներն էլ կմտածեին՝ արդյոք ավելի ձեռնտու չէ՞ իրենց ապրանքը հենց Հայաստանում արտադրել: Այսօր եթե քաղաքական հարցը դնենք մի կողմ, Հայաստանում պետք է տնտեսական հրաշք տեղի ունենա, այսինքն՝ Հայաստանի դեպքում խոսքը գնում է 2-5 տարիներ 2-3 միլիարդ եվրոյի ուղղակի ներդրում ունենալու մասին, որը թույլ կտա զարգացնել տնտեսությունը, ապահովել աշխատատեղեր եւ ինչ-որ կերպ կանգնեցնել արտագաղթը»:
Պարոն Իգիթյանի խոսքերով՝ ռուսական չինովնիկները փոխանակ գոհունակություն հայտնեն, որ Հայաստանը միացավ ՄՄ-ին, դեռ մի բան էլ ագրեսիվություն ու քննադատություն են հնչեցնում այն քաղաքական գործիչների հասցեին, ովքեր կարծիք են հայտնում Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալու ոչ նպատակահարմարության մասին:
ՄՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն այլես չի վերահսկում իր մաքսային պայմանները, իսկ ԵՄ-ն, ըստ պարոն Իգիթյանի, չի կարող նախկինում առաջարկած պայմանները տարածել Հայաստանի վրա, ուստի նոր առաջարկներ պետք է քննարկվեն. «Հիմա մենք չենք որոշելու մեր տարածք մտնող ապրանքների մաքսատուրքը, ապրանքների քվոտավորումը կամ արտահանումն ինչպես պետք է լինեն: Սա Մաքսային միության տնտեսական հանձնաժողովը պետք է որոշի, որը Վիկտոր Խրիստենկոն է ղեկավարում: ՄՄ-ն վարչական միավոր է, իսկ ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին տնտեսական շուկայական միավոր է: Մի դեպքում գործելու են շուկայական ազատ հարաբերությունները, իսկ ՄՄ-ի դեպքում աշխատելու է չինովնիկների ճարպկությունը կամ կոռուպցիան»:
«Առավոտի» այն դիտարկմանը, որ ՌԴ նախագահի խորհրդականը վստահեցրել է, որ ՄՄ-ում կա բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ, որը գործում է կոնսենսուսի սկզբունքով եւ կարող է չեղյալ համարել Եվրասիական տնտեսական կոմիտեի ցանկացած որոշում, արդյոք մեր ներկայացուցիչները մեզ ձեռնտու որոշումներին կարո՞ղ են դեմ գնալ, պարոն Իգիթյանն ասաց. «Նախ՝ մեր քաղաքական գործիչները թող հիշեն, թե վերջին 10-15 տարում Հայաստանը ոչ թե Պուտինին կամ մեկ այլ չինովնիկի երբ է ո՛չ ասել, կամ Հայաստանին ոչ բարենպաստ որոշմանը, որ մի քիչ գոնե քննադատական պատասխան են տվել: Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենք վաճառելուց էլ մերոնք լռել են, պարզ չէ՞, որ ՄՄ-ում Հայաստանն ու մեր չինովնիկները ոչ համարձակություն, ոչ էլ գիտելիք կունենան՝ ո՛չ ասելու Խրիստենկոյի որոշումներին»:
Պարոն Իգիթյանն անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու տնտեսական օգուտներին՝ կարծիք հայտնեց, որ Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսատուրքեր, քան Հայաստան ներկրվող ապրանքների վրա. սա կբարձրացնի մեր սպառողական զամբյուղի շեմը: Բացի այդ, ըստ փորձագետի՝ այն կանխատեսումները, որ 0,5-7%-ով ավելանալու են բյուջեի մուտքերը, դա դեռ երաշխիք չէ, որ շարքային հայ քաղաքացու կյանքը լավանալու է: Պարոն Իգիթյանն օրինակ բերեց Ղազախստանն ու Բելառուսը, որոնց կառավարություններն արդեն դժգոհություններ են հայտնել ՄՄ ընդհանուր եկամուտների վերաբաշխումից:
Մեր այն հարցին էլ՝ արդյոք եթե Հայաստանին ոչ ձեռնտու պայմաններ լինեն, մենք հնարավորություն կամ համարձակություն չե՞նք ունենա լքել ՄՄ-ն, պարոն Իգիթյանն ասաց. «Մաքսային միություն մտնելն, իհարկե, պրոբլեմատիկ է, վնաս է Հայաստանին, բայց պատկերացնո՞ւմ եք, եթե Հայաստանը որոշի դուրս գալ, նույնիսկ նուրբ ձեւով, էլ չեմ ասում՝ դուռը շրխկացնելով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սանկցիաներ ու ճնշումներ կկիրառվեն Ռուսաստանի կողմից, եթե Հայաստանը որոշի, որ բարենպաստ չէ ՄՄ-ն: Քաղաքականության մեջ կան բաներ, երբ ասենք՝ դուրս գալն ավելի մեծ վնաս է, քան մտնելը: Հայաստանը կատարեց Ռուսաստանի ցանկությունն ու պայմանները. դա պարզ երեւում է ռուս չինովնիկների ուրախությունից: Ուրախության հետ կա նաեւ ագրեսիվություն, եւ եթե գնահատենք այսօրվա իրավիճակը՝ ես չեմ նկատում հայ-ռուսական հարաբերությունների լավացում, ես չեմ նկատում, որ Ռուսաստանում հայերի համար բարենպաստ մթնոլորտ կամ որեւէ տարբերություն կա ՄՄ ոչ անդամ երկրների քաղաքացիների ու հայերի հետ: Նույնիսկ դժգոհություններ կան, ըստ ռուսական մամուլի, որ եւս մեկ երկիր պետք է կերակրեն: Հանրահայտ ռուսներ են ասում, որ Հայաստանը բեռ է իրենց համար»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ