«Պարոն նախարար, ավտոմատի ձգանը այդքան կտրուկ մի՛ քաշեք: Ավտոմատը կնոջ նման քնքշություն է սիրում: Ու այս զենքի անունն իրականում պիտի լիներ ոչ թե Կալաշնիկով, այլ Կալաշնիկովա… Ես կասեի՝ նույնիսկ Վոլոչկովա»:
Ախր, ում եմ ասում՝ սրանք երբ են իրենց կյանքում զենք տեսել, զենք հավաքել, զենք մաքրել, զենք փայլեցրել, զենքը ուսից կախել, զենքը հարազատ եղբոր պես սիրել ու փայփայել… Ամբողջ օրը բանակից են խոսում, առիթ-անառիթ բանակի կենացը վիսկիով են խմում… Բա կարելի՞ է բանակի կենացը վիսկիով խմել… Բանակի կենացը քարահունջով են խմում, ա՛յ փափկասուններ հայոց աշխարհի… Ախր էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է…
Տո դուք բանակի երե՞ս եք տեսել: «Ջիփերով» ու «Մերսեդեսներով» եկել եք հրաձգարան՝ թատրոն եք սարքում: Գնդապետ Սաքոն ճիշտ է ասում՝ հլա մի հատ սրանց բոլորին հակագազ հագցնեին եւ առաջ՝ 3 կիլոմետրանոց մարշ բրասոկ… Տեսնեմ դրանից հետո քանի՞ շաբաթ աշխատանքի չէին ներկայանա:
Էդ որ ասում եք՝ բանակում չեմ ծառայել, բայց ռազմական ամբիոն եմ ավարտել, բա ինչո՞ւ եք պատրոնը թարս դնում: Տո, սուտ եք ասում, որ Լենինականում երկու ամիս ռազմական դասընթացներ եք անցել: Ինչու ես չգիտե՞մ, որ այդ երկու ամիսն էլ ամեն առավոտ գնացել եք «Պոլոզ Մուկուչ»՝ խաշ ուտելու, շաբաթ-կիրակի էլ կապիտանին մի շիշ հինգաստղանի եք տվել ու ծլկել տուն… Ու հիմա նույն ձեւի էլ երկիր եք ղեկավարում՝ խաշի սեղանների շուրջ կադրային հարցեր լուծելով ու դժվարություններից ծլկելով:
Կարդացեք նաև
«Տիկին նախարար, խնդրում եմ պահպանեք զենքի հետ վարվելու գլխավոր կանոնը, որը մեր պապերից է գալիս՝ զենքը երբեք վարչապետի վրա չեն պահում: Ինքն էլ է մարդ»:
Տո դուք մա՞րդ եք: Բա հայաստանցի սպային ամսական ընդամենը 124 հազար դրամ կվճարե՞ն: Սրտաճմլիկ երգեր ենք միայն ամեն օր լսում հեռուստացույցից սպաների մասին: Գազի համար Արսեն Սաֆարյանի երգերո՞վ եմ վճարելու:
Ու ես զարմանում եմ մեր չաստի Դերենիկի վրա, որը զարմանում է սրանց կամուֆլյաժից: Ասում է՝ մի օր կամուֆլյաժ հագած թատրոն են խաղում, մյուս օրն էլ իրենց առանձնասենյակներում կոմպերի դեմ նստած զբաղված են նրանով, որ կամուֆլյաժով իրենց լուսանկարները Ֆեյսբուք են դնում եւ ուրախանում… Ժողովուրդն էլ իրենց մանկամտության վրա է ուրախանում:
Ասում եմ՝ այ Դերո ջան, սրանք տեղով կամուֆլյաժ են: Սրանց տված աշխատավարձը կամուֆլյա՞ժ չի: Ախր գիտեն, որ այդ գումարով ձմռանը կարելի է ընդամենը կոմունալ ծախսերը փակել: Լավ, մի երկու հատ էլ Մարքսի շաուրմա առնել: Կամ՝ Արամուսի գազար:
Իրենց հրապարակած թվերը տնտեսական աճի մասին՝ կամուֆլյա՞ժ չեն: Ախր այնքան լավ են թաքցրել այդ տնտեսական աճը, որ ոչ ոք երբեք չի տեսնում: Երեւի խրամատ են փորում, նստեցնում են այնտեղ այդ խեղճ աճին, ասում են՝ ձայն չհանես, վրան էլ կաղնու թարմ տերեւներ են դնում, որ հակառակորդը երբեք չհայտնաբերի… Ու մեկ-մեկ մտածում եմ՝ հակառակորդը ո՞վ է, ե՞ս եմ… Տո դուք էդ ե՞րբ եք կարողացել 22 տարի բանակում ծառայած զինվորականին ձեր մանր խորամանկություններով թյուրիմացության մեջ գցել:
Ես հո միամիտ եվրոպացի չեմ, որ կարողանաք չորս տարի շարունակ մատի շուրջ ֆռռացնել, հետո էլ գնալ, ընկնել ռուսների գիրկը: Ա՛յ մարդ, էս ինչ օրի ենք հասել, առաջ ռուս աղջիկներն էին մեր գիրկն ընկնում…
Մի խոսքով, ոչ ես, ոչ էլ Դերոն ձեզ համար Շտեֆան Ֆյուլե չենք, որ հանգիստ քթներիցս բռնած տարիներով ման տաք: Մենք հո լավ գիտենք, որ այսքան տարի ձեր արածն ընդամենը կամուֆլյաժ է, իրականությունը թաքցնելու միջոց:
«Պարոն նախարար, ինքնաձիգի կոթը ամուր հպեք ձեր ուսին, որովհետեւ Կալաշը թեեւ թույլ, բայց ատդաչա ունի»:
Էս բանակից խուսափածը հաստատ չհասկացավ, թե ինչ է նշանակում ատդաչա: Դաչան գիտի, բայց ատդաչան՝ չէ: Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ, թե հայերեն ոնց են ասում, բայց ինքը հաստատ մտածեց, թե ատդաչան դա ատկատն է: Դե այդ ատկատը շատ ավելի հարազատ հասկացություն է նրա համար: Արդեն ամենաբարձր մակարդակում են արտասանում այդ բառը:
Երկար էի պատրաստվում այս օրվան: Սպասում էի՝ երբ կգան կրակելու, որ բոլոր մեր սպայական դարդերը պատմեմ սրանց: Դե հո բողոքավորների նման չե՞մ գնալու ամեն հինգշաբթի կառավարության շենքի առաջ բռնացնեմ ու հարցնեմ՝ երբ ուղիղ 20 տարի առաջ Մարտակերտում ես ու Դերոն, հա՝ մեկ էլ Սուրոն, երեք տանկ խփեցինք ու հարձակումը կասեցրինք, դուք այն ժամանակ որտե՞ղ էիք… Բենզինի վաճառքով էիք զբաղված: Ու նաեւ խիստ անհանգստացած էիք, թե մեր ազգային տարադրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որքան է սահմանվելու, որպեսզի գնեք, հետո վաճառեք, հետո նորից գնեք ու բարգավաճեք համատարած աղքատության երկրում:
Բայց հետո մտածեցի՝ ախր ի՞նչ եմ ասելու կամուֆլյաժով մանկան պես ուրախացող այս մարդկանց: Ոչ ես եմ ճառ ասող, ոչ էլ Դերոն… Սուրոն երեւի կասեր, բայց ինքն էլ այլեւս չկա: Հորադիզում խփեցին:
Հետո էլ ամոթ է՝ բողոքելը սպայի գործը չէ:
Բայց ասեմ ձեզ՝ կամուֆլյաժային այս թատրոնը առնվազն մի օգուտ տվեց: Հասկացա, որ համատարած կամուֆլյաժի երկրում եմ ապրում: Էդ 200 ամենախոշոր հարկատուների ցուցակը վերցրեք՝ լրիվ կամուֆլյաժ: Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը նայեք՝ լրիվ կամուֆլյաժ: Որակյալ՝ լավ ձեւած-կարած կամուֆլյաժ:
Ու հիմա, երբ ծանոթ ու բարեկամ օրական հազար անգամ տալիս են աշխարհի ամենադժվար պատասխանելի հարցը՝ «Ո՞նց ես», էլ չեմ մտածում, հանգիստ ու անվրդով պատասխանում եմ՝ «Կամուֆլյաժ»…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ատդաչա = հետհարված, պարոն Դուլյան:
Հա, ի դեպ ես էլ բանակում չեմ ծառայել:
Նախ բովանդակության մասին: Կոշտ էր, բայց օգտակար:
Հիմա էլ հայերեն եզրերի: Հարգելի պ. Դուլյան, 2004թ հրատարակված “Կաշառվածությունը և պետությունը” /գրախանութներում կա/գրքում կան կաշառքին վերաբերող բոլոր անհրաժեշտ հայերեն եզրերը; Օտկատը` այսինքն երբ պաշտոնյան քեզ փող է տալիս, իսկ դու վերադարձնում ես դրա մի մասը, կոչվում է “դարձավճար”; Իսկ երբ պաշտոնյային փոխ ես տալիս, որ նա մի ապօրինի բան անի, դա կոչվում է “հատուցավճար”: Այլ հետաքրքիր բաներ էլ կան այդ գրքում, կարդացե’ք;