Ամերիկահայ օպերային սոպրանո Ռոզի Անուշ Սվազլյանն իր երեւանյան առաջին ելույթն ունեցավ 2010թ., աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի հետ՝ արժանանալով հանդիսատեսի եւ մասնագետների բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը: Այս օրերին երգչուհին դարձյալ Հայաստանում է, այս անգամ՝ Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերով: Նա Ազգային օպերային թատրոնում երեկ մասնակցեց «Viva Վերդի» գալա համերգին՝ նվիրված իտալացի կոմպոզիտորի 200-ամյակին, իսկ 17-ին հանդես կգա Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ համանուն դերերգով:
«Առավոտը» խնդրեց Ռոզի Անուշին համառոտ ներկայացնել իր ընտանիքն ու պատմել իր կարիերայի մասին: Մեր հայրենակիցը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, արվեստագետի ընտանիքում, 5 տարեկանից սկսել է սովորել երաժշտության այբուբենն ու նվագել ջութակ՝ հոր՝ պարոն Ժիրայրի ղեկավարությամբ: Ընդ որում, հայրը ժամանակին (1960-70-ականներ) իբրեւ ջութակահար աշխատել է Երեւանի օպերային թատրոնի նվագախմբում: «Շուրջ 10 տարի ապրում եմ Միլանում, 2004-ից վոկալի դասեր եմ վերցրել Վերդիի անվան կոնսերվատորիայում, ինչն էլ ինձ հնարավորություն ընձեռեց յուրացնել երգեցողության բելկանտո ոճը, նաեւ երգացանկս համալրվեց իտալական, ֆրանսիական ու գերմանական օպերային արիաներով: 2009թ. ստացա մագիստրոսական աստիճան: Ի դեպ, իմ՝ իբրեւ արվեստագետի կայացման գործում մեծ է նաեւ մորս ու մորաքրոջս դերը: Հայաստանցի հանդիսատեսը մորաքրոջս՝ դերասանուհի Մարի Աբուսեֆյանի արվեստին, կարծում եմ, քաջածանոթ է… Հիմա էլ, ինչպես ընդունված է Արեւմուտքում, պայմանագրային եւ հրավիրյալ արտիստի կարգավիճակով բեմ եմ բարձրանում տարբեր թատրոններում՝ իբրեւ խաղընկեր ունենալով այլազգի ճանաչված երգիչների, էլ չեմ խոսում հայտնի դիրիժորների եւ ռեժիսորների մասին: Իսկ օպերային երգչուհու առաջին մեծ դերերգս 2009 թ. եղել է Սաֆիթրին՝ Հոլսթի համանուն օպերայում, Միլանի dal Verme թատրոնում»,- հայտնեց երգչուհին:
Ռոզի Անուշը բարձր կարծիք ունի հայկական վոկալ դպրոցի մասին: Զրույցի ընթացքում նա նշեց ճանաչված օպերային երգիչներ Անահիտ Մխիթարյանի, Հասմիկ Պապյանի, Գեղամ Գրիգորյանի, Բարսեղ Թումանյանի անունները, հիացմունքով էլ արտահայտվեց, թե «Անուշում» խաղընկերներ է ունենալու Երեւանի օպերային թատրոնի մեներգիչներ՝ տենոր Պերճ Քարազյանին (Սարո), բարիտոն Պողոս Բիազբեկյանին (Մոսի) եւ մյուսներին: Ասաց նաեւ, որ «Viva Վերդի» գալա համերգն էլ իր համար հիանալի առիթ էր ծանոթանալու օպերային թատրոնի արտիստներին: Մեր զրուցակիցը հավելեց. «Հիանալի նվագախումբ ունեք, բնականաբար՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է մեներգիչներին, ապա յուրաքանչյուր թատրոն կերազեր նման աստղաբույլ ունենալու մասին: Տպավորված եմ Գեւորգ Հակոբյանի, Արնոլդ Քոչարյանի, Դավիթ Բաբայանցի, Հայկ Տիգրանյանի եւ մյուսների թե վոկալ արվեստով եւ թե նյութի մատուցման բարձր կուլտուրայով»:
Ռոզի Անուշը, ի տարբերություն իր հայաստանյան եւ արտերկրյա շատ կոլեգաների, իր խոսքերով՝ սիրով է շփվում լրագրողների հետ: Երգչուհին մասնավորաբար հիշեց 2011թ. Մոսկվայում կայացած համաշխարհային «Օպերալիա» մրցույթից հետո լրագրողների, երաժշտական քննադատների կարծիքը՝ այդ հեղինակավոր մրցույթի յուրաքանչյուր մասնակցին ուղղված, ասաց նաեւ, որ դեռ թարմ է իր հիշողությունը Դոմինգոյի եւ իր երեւանյան համերգից հետո, շեշտելով հայ հանդիսատեսի բծախնդիր լինելու եւ բարձր պատրաստվածության փաստը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ