«Այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գույքի թափանցիկության ապահովման առումով ԱԺ 131 պատգամավորներից ընդամենը 42-ն է ethics.am կայքում իր ունեցվածքի հայտարարագրերը ներկայացրել: Իհարկե, մինչև դեկտեմբեր ժամանակ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է խախտել ներքին օրենսդրությունը: Լուրջ խնդիր է նաև այդ հայտարարագրերի ստույգությունը»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով «Բաց կառավարման գործընկերությունը» շարժման (OGP) իրականացման գործընթացի մշտադիտարկման արդյունքները այսպես արտահայտվեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նշեց, որ մշտադիտարկում իրականացրել են նաև պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության, տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական պաշտոնյաների գիտելիքների և հմտությունների զարգացման առումով: Պարոն Մելիքյանը նշեց, որ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ 86 նամակ են ուղարկել գերատեսչություններ, բայց դրանցից միայն 31-ի դեպքում են պատասխան ստացել: Ուստի նա իրավիճակը «անմխիթար» գնահատեց: Գերատեսչական կայքերի միջին թափանցիկության մակարդակը Աշոտ Մելիքյանը 42 տոկոս գնահատեց ու նշեց, որ դրանք անհրաժեշտություն ունեն բովանդակային թարմացման:
Աշոտ Մելիքյանը կայքերի մեծ մասը «փակ» անվանեց ու տեղեկացրեց, որ իրենք այս խնդիրների վերաբերյալ պաշտոնյաների հետ լուրջ խնդիրներ են ունեցել: Ըստ ուսումնասիրությունների՝ կայքերից առաջատարը Տարածքային կառավարման նախարարության կայքն է, իսկ հետնապահներից է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքը:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց սեփական դիտարկումների արդյունքները ու նշեց. «ՀՀ-ում ԶԼՄ-ները համարյա թե տեղյակ չեն OGP ծրագրին, այնինչ հիմա արդեն ավարտվում է ծրագրի առաջին հատվածը: Հանրային լայն իրազեկման իրականացնելու համար իշխանությունները հատուկ ջանքեր չեն գործադրել»: Պարոն Բարսեղյանը ծրագրի կատարողականը 10 բալանոց համակարգից գնահատեց «7-8»:
Կարդացեք նաև
Լևոն Բարսեղյանն այս համատեքստում մի օրինակ բերեց. «Ոստիկանների թիվը ՀՀ-ում ծառայողական գաղտնիք է: Այնինչ թափանցիկ աշխատելու պարտավորություն ստանձնած կառավարությունն այս թվերը պետք է թափանցիկ պահի»:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց էլեկտրոնային գնումների համակարգում կատարված դիտարկումների արդյունքները. «Ֆորմալ առումով գործ արվել է, բայց թերի է»:
Իսկ թե որ ոլորտներն են ծրագրի հաջորդ փուլում մտնելու էլեկտրոնային կառավարման համակարգ, այս մասին պարոն Հոկտանյանն ասաց. «Ընդամենը մեկ աշխատանքային նիստ է եղել, որի ընթացքում տարբեր նախարարություններ առաջարկեցին իրենց ցանկության մասին, բայց ինքնին ծրագիր դեռ չկա: Եվ ընդհանրապես՝ բաց կառավարումը մեր կառավարությունը ընկալել է միայն էլեկտրոնային կառավարման գործընթաց»:
Aravot.am-ը Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ արդյոք հանրային իրազեկման առումով լուրջ ջանքեր չներդնելու քաղաքականությամբ իշխանությունը պաշտպանվո՞ւմ է հասարակությունից: Պարոն Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա ինչ-որ պաշտպանության մեխանիզմ է, չեմ էլ ուզում ասել, որ հատուկ դիտավորություն է: Երևի հավես չունեն, շատ լուրջ հավատ չեն ընծայում այն գաղափարներին, որոնք որդեգրել են: Երևի կամպանի մեջ լինելու համար են մտել գործընթաց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ