Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանը Օբամային չի հարգում, իսկ Պուտինին նամակ կգրեր (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 13:18

Այսօր «Հայելի» ակումբում Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը անդրադարձան Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին:

Լեւոն Իգիթյանն ասաց, որ գիշերն է կարդացել այդ նամակը ու մտածմունքների մեջ ընկել. «Մենք միասին ապրել պիտի սովորե՞նք, թե՞ չէ: Քաղաքականությունը համարում եմ բարդ երեւույթ, բայց դրանով այսօր զբաղվում են բոլորը: Նման նյութերը, որ առաջանում են՝ ողջունում եմ, բայց, մյուս կողմից էլ՝ ունենք նախագահ, ԱԳ նախարար, երբ մենք կողքի ցեղերի հետ գործ ունենք, էդ գործը համատեղ քննարկումներից հետո պետք է անեինք: Գուցե նախագահի մոտ հավաքվեին ու որոշեին, որ պետք է մի հատ նամակ լինի, պիտի մի տեղից այդ ամենը ղեկավարվի, թե չէ մեկը Ստրասբուրգում վեր է կենում՝ մի բան ասում, մի ուրիշը հոդված է գրում: Ախր ամեն ինչ երկրի արտաքին քաղաքականության կոնտեքստում պետք է լինի»: Aravot.am-ի հարցին՝ փաստորեն կո՞ղմ է նամակին, Լեւոն Իգիթյանը դրական պատասխան տվեց:

Մեր հաջորդ հարցին՝ ինքն ում կգրեր նամակ՝ Օբամային, թե՞ Պուտինին, ճարտարապետը պատասխանեց. «Օբամային հաստատ չէի գրի, չեմ հարգում, այ Պուտինին հարգում եմ, տղամարդ է»: Ռուբեն Բաբայանը ընդհատեց նրան. «Ինչքանով է տղամարդը տղամարդ, պետք կնոջը հարցնել»:

Լեւոն Իգիթյանը վստահ չէ, որ նամակը հասցեատիրոջը կհասնի, մանավանդ նամակը իր ձեւակերպմամբ, стенгазета-ի տպավորություն է թողնում. «Ինչ վերաբերում է Զորիկի հոդվածին, դա կարող է Պուտինին չհասնի, հազիվ Պեսկովի մոտ հայտնվի, չնայած կարող ա Պեսկովն էլ չկարդա»:

Իգիթյանը որպես երեւույթ դեմ չէ նամակին, բայց չէր ուզենա Ղարաբաղը տեսնել Ռուսաստանի կազմում:

Ռուբեն Բաբայանն էլ նշեց. « Անչափ շնորհակալ եմ, որ Զորի Հայկովիչը նման նամակ է գրել: Դա ապացուցում է մի բան՝ բոլոր խնդիրները մեր մեջ են… Զորի Բալայանը գրում է, որ ինքը չի նեղանա, եթե Պուտինը ընդհանրապես չկարդա…Սա փաստում է, որ նամակը ավելի շատ հայ լսարանին է ուղղված, քան Պուտինին: Պատմական էքսկուրսները, որ անում է Զորի Հայկովիչը՝ դիլետանտական մակարդակով են: Իսկական գիտնականը եւ հետազոտողը ման է գալիս այն փաստերը, որոնք մերժում են իր թեզը, իսկ դիլետանտները պատմությունից վերցնում են միայն այն, ինչը հաստատում է իրենց թեզը: Հիմա Ռուսաստանում նման բան անում է օրինակ Միխայիլ Զադորնովը: Նա ասում է, որ բոլոր լեզուներն առաջացել են ռուսական նախահիմք լեզվից: Զորի Հայկովիչի նամակից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ու Պարսկաստանը նստել են սեղանի շուրջ, թեյ են խմել ու որոշել այնպես անել, որ Հայաստանի ապագան լավ լինի: Իրականում Ռուսաստանում զավթիչ էր, որը զավթել է Պարսկաստանին պատկանող տարածքը, որը բնակեցված է եղել հայերով, նպատակն էլ սահմանը պաշտպանել էր: Զավթումը չպետք է բարեգործություն որակել: Դա նույնն է, որ Ծածկած շուկան զավթել են, բայց բարեգործություն են ներկայացնում»:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, նամակը գրելիս հաշվի չի առնված հասարակության կարծիքը.« Ղարաբաղի ժողովրդին հարցրել ե՞ք… Մենք այսօր ստացել ենք քարտ-բլանշ Ադրբեջանի խայտառակ ընտրությունների եւ Ալիեւի քաղաքականության պատճառով,այսինքն` կարող ենք ապացուցել, որ Ղարաբաղը չի կարող լինել նման երկրի կազմում, մինչդեռ նման հոդվածով ասում ենք՝ մենք Ղարաբաղի անկախություն չենք ուզում, ուզում ենք ընդամենը մի կտոր հող պոկել ու տալ Ադրբեջանին: Սա տարածքային պահանջ չէ, ինքնորոշման հարց է, իսկ այս նամակով այդ ինքնորոշման հարցը ջնջվում է: Փաստորեն այս նամակով ասում ենք, որ 10000-ից ավելի զոհերը նշանակություն չունեն»:

Ռուբեն Բաբայանի խոսքով. «Չեմ կարծում, թե սա ծերունական մառազմի արդյունք է, ուղղակի հոտառությունը մի քիչ խաբել է»:

Ավելին, նրա ասելով, Զորի Բալայանը այլ կերպ է մտածում, որովհետեւ իր հայրենիքը համարում է Սախալինից մինչեւ Բելառուս, եւ իր համար Հայաստանը նեղ է, շնչելը՝ դժվար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031