Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Լիպարիտյան. «Ժամանակը չէ՞ հարց տալու, թե ինչ ենք արել Ղարաբաղի հարցը կարգավորելու համար»

Հոկտեմբեր 15,2013 12:56
Jirayr Liparityan

Հատված 1994-1997 թվականների ՀՀ նախագահի ավագ խորհրդական ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ հետ հարցազրույցից:

– Շատերը, նկատի ունենալով մեր շահերը, հիշեցնում են, թե ունենք Ղարաբաղի չլուծված խնդիր, և առանց Ռուսաստանի այդ հարցի լուծումը վտանգված է։ Նույնիսկ խոսվում է հնարավոր պատերազմի մասին և այդ պարագայում ռուսական միջամտության՝ հօգուտ Ղարաբաղի։

– Իսկ ժամանակը չէ՞ հարց տալու, թե ինչ ենք արել Ղարաբաղի հարցը կարգավորելու համար։ Նկատի չունեմ, թե պատճառը միայն մենք ենք։ Սակայն անհնար է խուսափել այդ հարցում պատասխանատվությունից, որովհետև մեր մաքսիմալ պահանջների պատճառով լավ առիթներ կորցրինք այդ հարցը մեզ համար հնարավորինս լավագույն ձևով լուծելու համար և վերջին 15 տարիներին սպասեցինք, որ ուրիշները դա անեն, ինչպես վարվեց Ադրբեջանը։

Մինչև հիմա շատ ուժեր ասում էին՝ մենք Ղարաբաղի հարց չունենք, Ադրբեջանը ունի։ Հիմա ինչո՞ւ հանկարծ հիշեցինք, որ ունենք։ Երբ մեր իշխանությունները հայտարարում են, թե մեր բանակը որևէ պատերազմի պարագայում առանց հարցի հաղթանակ կտանի, ո՞րն է վախը։ Իսկ եթե Ղարաբաղի հարց կա, ինչո՞ւ չեն խոսում այդ մասին։ Վերջին անգամ ե՞րբ է որևէ կուսակցություն, քաղաքական ուժ հարց բարձրացրել Ղարաբաղի խնդրի լուծման մասին։ Եթե չեմ սխալվում վերջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ 2008-ի իր ելույթներից մեկում խոսեց այդ մասին։ Մնացածի համար հարցը գոյություն չունի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարց գոյություն չունի, չկա Ղարաբաղի հարց ու Հայաստանի վտանգ։ Եվ հանկարծ հիմա Ղարաբաղի հարցը հիշեցին։ Որոշ ուժեր հանկարծ որոշեցին նույնիսկ, որ պետության ու ժողովրդի գոյությանն է վտանգ սպառնում։ Սա առաջին հարցն է։

Երկրորդն այն է, որ Ռուսաստանի գործադիր իշխանության որևէ պաշտոնյա ե՞րբ է պաշտոնապես ինչ-որ բան ասել ի նպաստ Ղարաբաղի։ Ի՞նչ է նշանակում՝ ի նպաստ Ղարաբաղի։ Եթե սիրաբանություն է, ուրիշ բան, բայց եթե քաղաքական հարց է, Ղարաբաղը երկու հարց ունի՝ կարգավիճակի և տարածքների։ Այս հարցերով ՌԴ-ն պաշտոնապես երբևէ ասե՞լ է, որ վարվելու է ի նպաստ Ղարաբաղի. այսինքն, ճանաչելու է ԼՂ-ի անկախությունը, որը նաև կպահի ԼՂՀ-ից դուրս հայկական հակակշռի տակ գտնվող տարածքները։ Բացարձակապես։

Ուրեմն՝ ինչի՞ վրա ենք հույս դնում, որ պատերազմի պարագայում Ռուսաստանը մեր կողմն է լինելու։ Նույն տեսակի աղբյուրների՞, որոնք 1987-ի վերջերին ու 1988-ի սկզբներին մերոնց վստահեցրին, որ եթե մենք Ղարաբաղի հարցը բարձրացնենք, մեզ համար «լավ կլինի»։

Կամ՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի նախադեպի՞ վրա։ Այս երկուսի կապակցությամբ Ռուսաստանը մի քանի անգամ միջազգային հանրությանը զգուշացրել էր, որ եթե Կոսովոյի անկախությունը ճանաչեն, ինքն էլ այդ երկուսի անկախությունը կճանաչի։ Ղարաբաղի մասին նման բան չի ասել։ Եվ հետո՝ Ղարաբաղի հարցում ինչո՞ւ է միջամտելու ի նպաստ Ղարաբաղի։ ՌԴ-ն ի՞նչ հարց է լուծելու իր համար նման քաղաքականություն վարելով։ ՌԴ-ն հարցեր էր լուծում Վրաստանի արտաքին քաղաքականությանը կապված։ Իսկ ի՞նչ հարցեր ունի Հայաստանի հետ՝ ի համեմատ Ադրբեջանի։ ՌԴ-ի քաղաքականությունը հստակ է եղել արդեն ավելի քան 20 տարի, և եթե ՌԴ-ի միջամտությունը ի նպաստ ԼՂ-ի նշանակում է ապահովել նրա գոյությունը, դա կարելի էր ապահովել տարիներ առաջ։

Հարցազրույցը վարեց Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031