Հատված «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տարբեր առաջարկների շարքում ուսումնասիրում է նաեւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի դեռ 2011-ին ներկայացրած առաջարկը, որը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես վերջին 10 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ սահմանադրական դրույթը փոփոխելուն։ Ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխության անհրաժեշտությունը:
-Անկեղծ ասած, ԵԱՀԿ-ի մոտեցումներն ինձ համար ամենեւին դոգմա չեն, առավել եւս հեղինակություն չեն, եւ ես չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ է այդ դրույթին այդչափ ուշադրություն դարձնում ԵԱՀԿ-ն, այն համարում անհամաչափ, մանավանդ առաջարկում վերանայել, կրճատել ժամկետը:
Դա ինձ զարմացնում է, եթե նկատի ունենանք, որ կան արեւմտյան երկրներ, ուր ավելի կոշտ մոտեցում կա այս հարցում: Այսինքն՝ անձը անպայման պետք է ծնված լինի տվյալ երկրում, որպեսզի իրավունք ունենա նախագահ դառնալու հայտ ներկայացնել: Այնպես որ, եթե պետք է վերանայվի սահմանադրական հիշյալ դրույթը, ապա կուզենայի, որ փոփոխությունը կատարվեր հօգուտ ժամկետի երկարաձգման՝ 10 տարին պետք է դառնա 30, 40 տարի ու հանգի Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու պահանջին:
Կարդացեք նաև
Վերստին անդրադառնալով ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի առաջարկին` ասեմ, որ սա նրա խնդիրը չէ, քանի որ ոչ ժողովրդավարության, ոչ էլ մարդու իրավունքների հետ կապ չունեցող հարց է: Իսկ մնացածը ենթադրությունների դաշտում են, թե նման պահանջ բարձրացնելով ի՞նչ նպատակ է հետապնդում այդ կառույցը: Մեր երկրի գլխավոր օրենքում փոփոխման արժանի շատ ավելի լուրջ դրույթներ կան, ու լավ կլինի, որ ԵԱՀԿ-ն դրանց ուշադրություն դարձնի:
–Հնչում են տեսակետներ, որ եթե իշխանությունն այժմ չառաջարկի անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ինչ փոփոխություններ էլ դրվեն սեղանին, դրանք չեն լինի խորքային:
-Իրոք, եթե արմատական, լուրջ փոփոխություններ չպետք է տեղի ունենան, ապա մանր-մունր փոփոխությունների համար պետք չէ հանրաքվե, դա լուրջ չի լինի: Բայց այլ հարց է, թե արմատական փոփոխություններ ասելով՝ ով ինչ է հասկանում, եւ արդյոք այդ առաջարկները կարո՞ղ են ընդունելի լինել:
Մասնավորաբար եթե խոսքը կառավարման համակարգ փոխելու մասին է, ապա այսօր լուրջ նախադրյալներ չեմ տեսնում այն փոխելու: Բնավ այն կարծիքին չեմ, որ Հայաստանում պետք է ներդրվի խորհրդարանական կառավարման մոդելը, հակառակը, կարծում եմ, որքան մեր երկրում շատ ընտրություններ կազմակերպվեն, այնքան մեծ շանսեր կունենանք հասնելու այն օրվան, երբ վերջնականապես կձեւավորենք նորմալ ընտրական համակարգ: Հետեւաբար ընտրական գործընթացից հանել ամենակարեւորը՝ նախագահի ընտրությունը, ճիշտ չէ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում