Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին մտահոգում է, որ հուշարձանների նկատմամբ սեփականատերերի առաջին մղումը քանդելն է:
«Ինչքան էլ սեփականատերը պայծառ ապագա է խոստանում շենքի տեղում նոր կառույցի վերաբերյալ՝ մշտապես ստանում ենք հակառակ պատկերը: Հատուկենտ շենքեր են, որ կարողացել ենք ազատել քանդելու մոլուցքով լցված այդ մարդկանց ճիրաններից»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պրն Մինասյանը:
Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման մտադրությանը, ասաց. «Չի կարելի այդպիսի նշանակալից շենքերը քանդել: Կորցնելով այդ շենքերը կորցնում ենք այն քաղաքը, որ սիրում ենք: Պետության խնդիրն այն է, որ կարողանա միշտ պահպանել այդ արժեքները: Կամ նոր մայրաքաղաք պետք է անենք նոր կառույցներով, բայց ինչպե՞ս կարելի է անընդհատ քանդենք եւ հետո մեծ ափսոսանքով հիշենք, որ փողոցներ կային, որոնք լի էին մեր հուշարձաններով, որոնք հիմա ոչնչացել են»:
«Հայ նախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն էլ ասաց, որ օդանավակայանի հին մասնաշենքի քանդման հարցն արդեն քննարկվել է Հանրային խորհրդի չորս ենթահանձնաժողովներում եւ ենթահանձնաժողովներում ընդգրկված մասնագիտական կազմն արդեն պատասխանել է՝ չի կարելի քանդել. «Խոսում ենք, որ այդ շենքը կորցրել է ռեսուրսները, բայց ո՞ր ռեսուրսների մասին է խոսքը՝ որպես գործող միջազգային օդանավակայա՞ն, թե՞ իր կառուցվածքով ու տեսքով, ո՞ր ռեսուրսն է կորել: Եթե խոսենք որպես օդանավակայան, ապա միգուցե կորցրել է իր ռեսուրսները, իսկ եթե խոսենք որպես կառույց իր հնարավորություններով, ապա կարելի է ասել, որ Երեւանի շենքերի 80 տոկոսը նույն վիճակում են, ինչպես «Զվարթնոց» օդանավակայանը: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա պետք է շատ կառույցներ ուժեղացնենք, այդ թվում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը: Ինչ վերաբերում է ուժեղացման անհնարինությանը, դա միֆ է, որովհետեւ կան բազմաթիվ տարբերակներ՝ ինչպես կարելի է ուժեղացնել այդ շենքը… Եթե կոնցեսիոները շենքի օգտագործման նպատակ չի գտնում, ապա ես կասեմ՝ թող հայտարարվի մրցույթ ու շատ հետաքրքրիր մտքեր առաջարկվեն, ինչպես աշխատեցնել այդ շենքը»:
Կարդացեք նաև
Մկրտիչ Մինասյանն էլ ասաց՝ «Զվարթնոց» օդանավակայանի քանդվելը բացառվում է. «Ինչո՞ւ գնանք այդ ճանապարհով, մեզ աղքատացնելու ճանապարհով»:
Հարցին ի՞նչ պարտավորագիր ունի «Զվարթնոցի» սեփականատերը հուշարձանի պահպանման առումով, Ազիզյանը ճշգրտեց՝ օդանավակայանը 80-ականներին պետական մրցանակ էր ստացել ու մեխանիկորեն հուշարձանների ցանկում գրանցվել, բայց 90-ականններին հուշարձանների ցանկի փոփոխության ժամանակ հանվել էր:
Մկրտիչ Մինասյանն էլ հավելեց. «Մի տեսակ չնայած վատ փորձին, որ շատ հուշարձաններ կորցրել ենք՝ լավատես եմ, որ մասնագետների եւ հասարակության շրջանում անցկացված քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի, եւ հուշարձանը կպահպանվի: Այս դեպքում Զվարթնոց օդանավակայանը հուշարձան չէ, չկա պարտավորագիր: Պարզապես կա խնդիր, որ շենքը շատ ներկայանալի է, ճանաչելի է եւ շենքին պետք է վերաբերել որպես մեր ժառանգության կարեւորագույն մասնիկներից մեկը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ