Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապնախարարությունը սայլակավոր հաշմանդամ չունի, շենքը հարմարեցված չէ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 12:31

IMG_0481 IMG_0478 IMG_6683[

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Դեպի ներառական հասարակություն» թեմայով համաժողովի ժամանակ Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանից, որը ներկայացնում էր, թե Հայաստանն ինչ է անում հաշմանդամ անձանց զբաղվածության հարցը լուծելու համար` հետաքրքրվեց, թե նախարարությունը քանի՞ հաշմանդամ մարդ աշխատակից ունի:

«Սայլակավոր հաշմանդամ աշխատակից չունենք»,-պատասխանեց տիկին Բաղդասարյանը՝ պատճառաբանելով, որ շենքը հարմարեցված չէ: Ըստ նրա, այդ ուղղությամբ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, իսկ նրանք էլ, որոնք աշխատում են, տեսանելի հաշմանդամներ չեն, ասաց Ջեմմա Բաղդասարյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխարհում միակ գերատեսչությունն է, որ ունի երեսուն սայլակավոր հաշմանդամ անձ մի տեղում աշխատող:

Մեր երկրի հաշմանդամ անձանց իրավունքները լիարժեք իրացնելու համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է մշակվել եւ ներկայացվել Ազգային ժողով:

Տիկին Բաղդասարյանի տվյալներով, այսօր Հայաստանում կա 189 հազար հաշմանդամ, որից 8 հազարը երեխաներ են: Հաշմանդամ անձինք կազմում են մեր բնակչության 6 տոկոսը:

«Անկախ նրանից` հաշմանդամություն ունեցող անձն ինչ պայմաններում է ապրում, նա իրավունք ունի բոլորի հետ հավասար իրավունքների»,-ասաց տիկին Բաղդասարյանը՝ մատնացույց անելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանվածության ռազմավարությունը, որի հիմքում դրված է հաշմանդամ անձի նկատմամբ նախեւառաջ խտրականության բացառումը, հաշմանդամություն ունեցող երեխայի իրավունքների գերակայությունը. «Որքան վաղ կկարողանանք երեխայի հաշմանդամությունը ֆիքսել, այնքան շուտ հնարավոր կլինի օգնել այդ երեխային»,-նկատեց տիկին Բաղդասարյանը:

«Միջավայրը մատչելի չէ, թեքահարթակներ ոչ բոլոր վայրերում կան, եղածներից էլ ոչ բոլորն են հարմար հաշմանդամին օգտվելու համար, շենքերը շարունակվում են նախագծվել առանց հաշմանդամին հարմարեցնելու, հասարակական տրանսպորտը հաշմանդամին մատչելի չէ, դպրոցներում հաշմանդամ երեխաները չեն կարողանում օգտվել զուգարաններից»,-իրենց խնդիրները ներկայացրին համաժողովին մասնակից հաշմանդամ անձինք:

Տիկին Բաղդասարյանն ասաց, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Ազգային հանձնաժողով, որի անդամների հիսուն տոկոսը կազմված կլինի հաշմանդամ մարդկանցից: Իսկ ԱԺ ներկայացված օրենքի նախագծում հստակ մեխանիզմներն են նշված, թե ինչպես պետք է պաշտպանվեն հաշմանդամ մարդու իրավունքները:

Ըստ նրա, այսօր այն գործատուները, որոնք ունեն հաշմանդամ աշխատակից՝ պետությունից ստանում են մասնակի փոխհատուցում տվյալ անձի համար: Այդուհանդերձ, ըստ փոխնախարարի, այսօր, շատ քիչ թվով աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող մարդիկ են ներգրավված աշխատանքում:

Տիկին Բաղդասարյանը նաեւ կարեւորեց համայնքային ծառայությունների զարգացումը, որպեսզի երեխաները չհայտնվեն մանկատներում:

Համաժողովին ներկայացվեց Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ հասարակական կյանքում լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015 թթ. Գործողությունների ծրագիրը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031