Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը՝ Զորի Բալայանին. «Ինքը հայտնի հրապարակախոս է, բայց ինքը հայ մտավորական չէ»

Հոկտեմբեր 15,2013 11:47

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ Զորի Բալայանի նամակին՝ «ռուսաց թագավորին»:

Նրա խոսքերով՝ «Մաքսային միություն եթե մտնի, Հայաստանը կորցնելու է իր ունեցած կիսատ-պռատ ազատությունները: Զորի Բալայանի նամակը ոչ միայն անիրազեկություն է, այլեւ զարգացում է՝ արդեն ընդունված որոշման: Ինքը զարգացրել է ռուսական կայսրությունը վերականգնելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունները Զորի Բալայանի միջոցով հասարակության մեջ նետեցին այդ գաղափարը, նա գործի՞ք դարձավ՝ պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Դա էլ կարող ենք ասել, բայց Զորի Բալայանն այն մարդը չի, որ թույլ տա իշխանությունների ձեռքին խաղալիք դառնա: Ինքը հայտնի հրապարակախոս է, բայց ինքը հայ մտավորական չէ: Հայի սահմանումը գիտե՞ք որն է: Ռաֆայել Պատկանյանն ասում է՝ հայը նա է, ով պայքարում է անկախ Հայաստանի համար: Զորի Բալայանը լավ մտավորական է, բայց հայ չէ: Ես հիմա կասկածում եմ՝ ինքը երբեւէ կարդացե՞լ է Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, գիտի՞ Սեւրի պայմանագրի մասին»:

Հարցին՝ եթե Զորի Բալայանը այդ նամակը գրելով իշխանության գործիք չի, խաղալիք չի, այդ դեպքում ինչո՞ւ է գրել՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Զորի Բալայանը դա մեկ օրվա մեջ չի գրել: Ես նրա հետ ծանոթ եմ արդեն 30 տարի: Զորի Բալայանն ինքն իրեն չի դավաճանել, պարզապես ինքը սխալ ճանապարհի վրա է: Նա մոռանում է, որ ռուսական կայսրության համար ոչ մի սրբություն չկա, իրենք իրենց սրբություն սրբոց ուղղափառ եկեղեցու դեմ էին պայքարում, հիմա միասեռականության դեմ են, բայց վաղը եթե պետք լինի՝ իրենց միասեռականության կենտրոն կհամարեն, միայն թե պահպանեն ռուսական կայսրությունը: Մենք սխալ ճանապարհի վրա ենք»:

Պարույր Հայրիկյանը հայտարարեց նաեւ, որ Զորի Բալայանն արագացնում է հայաթափման գործընթացը. «Հիմա պայքար է, թե ով ավելի խորը կմտնի հայտնի տեղը: Հարութ Սասունյանն ասում է՝ Ձեր իրավունքն է մտնել, բայց էնպես մտեք, որ մի քիչ երեւաք»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Զորի Բալայանն իր այս նամակով պարզապես իր առաջիկա նավարկության համար միջոցներ է վաստակում՝ ֆինանսավորելով ոչ թե մեր իշխանությունների, այլ ռուսական կողմից՝ նա պատասխանեց. «Ես Զորի Բալայանի նավարկությունների մեջ բացասական ոչ մի բան չեմ տեսնում, բայց դրա ուռճացումն էլ չեմ հասկացել: Հարցն ավելի լուրջ է՝ հայտնի հրապարակախոս, մտավորական անձը իսկապես մտահոգ լինելով Արցախի ապագայով, առաջարկում է հուսահատական ելք: Գիտեք, որ արցախցիները դժգոհ են: Իմ անձնական բազմաթիվ ծանոթների հետ եմ խոսել, ասում են՝ էս ի՞նչ է նշանակում, մենք անկախություն ունենք: Ստիպված ենք հայ մտավորականների դե՞մ էլ պայքարել: Խնդիրն ավելի լուրջ է, քան որեւէ մասնավոր նախաձեռնություն: Սա արցախակենտրոն մտածելակերպի բացասական հետեւանքներից մեկն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031