Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի հոգեբան. «Զարուհին իսկապես թուրքի (թշնամու) դավաճանի զուգորդություն առաջացրեց հեռուստադիտողների մեջ»

Հոկտեմբեր 15,2013 11:41

Փոստանջյանի հարցադրման կապակցությամբ մամուլում եւ տեղեկատվական դաշտում շրջանառվող նորությունները համոզում են, որ այն մեծ մասամբ տհաճություն է առաջացրել: Դա տրամաբանորեն այդպես էլ պետք է լիներ, քանի որ հաճույք հեռուստադիտողի կամ ունկնդրի մեջ առաջանում է այն դեպքում, եթե ներկայացվող տեղեկատվությունը համոզիչ է եւ ադեկվատ, իսկ երբ դիտողները կամ ունկնդիրները հայտնվում են տհաճ իրադրության մեջ, ապա քարոզչությունը (տվյալ պարագայում նաեւ քարոզչության նպատակ հետապնդող հարցադրումը) հակառակ արդյունքն է տալիս: Այսինքնՙ հաղորդվող տեսակետը շատ հեռու էր նույն հարցի վերաբերյալ ունկնդիրների տեսակետից, որի համար չընկալվեց եւ չէր էլ կարող ազդել նրանց հայացքների վրա: Հեռուստադիտողը չէր կարող ազդել ինֆորմացիայի աղբյուրի վրա, բայց այն վարկաբեկվեց եւ համարվեց անհուսալի: Դա իրականում վարկաբեկելի տեղեկատվություն էր, քանի որ անմիջապես առնչվում էր նախ եւ առաջ մի ամբողջ երկրի վարկանիշի: Մամուլում շրջանառվող Զարուհի Փոստանջյանի Զուլֆիա անունը տեղին է, քանի որ Զարուհին իսկապես թուրքի (թշնամու) դավաճանի զուգորդություն առաջացրեց հեռուստադիտողների մեջ: Նա ադրբեջանական պատվիրակության նույն հարթության վրա էր կանգնած, ինչը կարելի է որակել որպես ուրացություն (ռենեգատություն): Ի դեմս այդ քաղաքական գործչիՙ մենք գործ ունենք մեր օրերի հուդայական կերպարի ու պոտենցիալ դավաճանի հետ, քանի որ նրա հետաքրքրությունները նեղ են եւ գերադասված են հանրային եւ ազգային շահերից:

Ուշադիր հետեւելով պատգամավորի քաղաքական գործունեությանըՙ դժվար չէ հասկանալ, որ հնչած հարցադրումը նախապես մտածված եւ սեղմագրված էր: Հայաստանի համար իսկապես շատ պատասխանատու շրջանում, երբ երկրի նախագահը մեկնել էր հատուկ, որպեսզի եվրոպացիներին ներկայացնի մեր երկրի քաղաքականությունը, պատասխանի վարվող քաղաքականության վերաբերյալ հարցերին, Փոստանջյանը կատարեց պատվեր: Եվ դա ակնառու էր, քանի որ հարցադրումը ներդաշնակ չէր ստեղծված մթնոլորտին եւ որոշակիացված չէր: Կազինոների մասին խոսելը, ընդ որում, առանց որեւէ հիմնավորման, որոշակիացման, ոչ մի առնչություն չուներ ՀՀ պատվիրակության առաքելության հետ եւ կոնտրաստը ՀՀ նախագահի ելույթից հետո ակնառու էր: Դժվար չէր նկատել, որ հարցադրումը ՀՀ նախագահի ընտրություններում հարազատ կուսակցության պարտության բացասական էներգիայի սուբլիմացիայի կամ տրանսֆերի (տեղափոխման) կամ փոխհատուցման երեւույթն է ագրեսիայի պատճառ հանդիսացող օբյեկտի (տվյալ պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի) վրա: Փոխհատուցումը տվյալ պարագայում կոչված է իրական կորստի անբավարարվածության առիթով առաջացած վշտի զգացումը զսպելու համար: Փոստանջյանի մոտ գերփոխհատուցման երեւույթն է, համաձայն որի նա զարգացնում է այն տվյալները, որոնք իրականում չկան կամ թույլ են զարգացած նրա մոտ:

Հարցադրումը պարունակում էր, եթե կարելի է նաեւ այսպես անվանել, տեղեկատվական աններդաշնակություն եւ անհամաչափություն: Հոգեբանական անվտանգության տեսանկյունից դա նշանակում է, որ կառավարման համակարգի տարբեր օղակների տարբեր աստիճանների տեղեկացվածության պատճառով անհավասարակշռություն է առաջանում կայացվող որոշումների միջեւ: Պատգամավորի մոտ ակնհայտ է անկայունության զգացումը, ըստորում կարելի է խոսել նաեւ կողմնորոշիչների բացակայության մասին (սոցիալ-հոգեբանական, քաղաքական, ազգային):

Այդ թաբլոիդային հարցադրումը կրկին խոսում է քաղաքական գործչի հավակնությունների եւ ինտելեկտուալ ու մասնագիտական հնարավորությունների միջեւ առկա խզման աստիճանի մասին: Զարուհի Փոստանջյանին պետք է պատասխանատվության ենթարկի գոնե Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նրան պետք է ցույց տրվի սեփական հնարավորորությունների եւ հավակնությունների անհամապատասխանության տեսանելի նշաձողը: Կատարվածի նկատմամբ վերաբերմունքը շատ կարեւոր է, քանի որ կլինի յուրատեսակ «լակմուսյան թուղթ»: Եթե համապատասխան պատիժ չլինի, ապա արդեն խոսք կլինի մեզանում առկա հոգեբանական եւ բարոյական լուրջ ճգնաժամի մասին:

ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ,

Հոգեբան, Արցախ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031