Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե «Զվարթնոցի» հին շենքն այլեւս օդանավակայան չէ, ուրեմն պետք չէ

Հոկտեմբեր 15,2013 11:06

Հասարակության եւ մասնավորապես ճարտարապետների որոշակի շրջանակներ դեմ են արտահայտվում «Զվարթնոցի» հին շենքը քանդելուն, ասելով, որ ճարտարապետական հուշարձան է, որը նաեւ միջազգային մրցանակ է շահել: Նրանք առաջարկում են օգտագործել այս շենքը, բայց թե ինչպե՞ս, ըստ էության որոշակի չեն ասվում: Ոմանք առաջարկում են այն օգտագործել այսպես կոչված ներքին թռիչքների համար, մյուսներն առաջարկում են պահպանել պարզապես որպես հուշարձան եւ նոր օդանավակայանին հարակից կառույց: Սակայն թե առաջին, թե երկրորդ տեսակետները չեն դիմանում քննադատության:

Նախ անհասկանալի է, թե ի՞նչ ներքին թռիչքների մասին է խոսքը: Հայաստանում ո՞ր քաղաքից որ քաղաքն են թռչում օդանավով: Եթե անգամ ապագայում գործարկվեն փոքր օդանավակայաններ եւՙ ենթադրենք, Երեւանից Գյումրի կամ Վանաձոր չվերթեր լինեն, ապա անհրաժեշտ է, որ առաջին հերթին այդ շենքը կարողանա սպասարկել այդ թռիչքները, այսինքնՙ կատարի իր գործառնական նշանակությունը: Ակնհայտ է, որ դա հնարավոր չէ: Շենքն ապահովված չէ այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են թռիչքները սպասարկելու համար, ի սկզբանե սխալ լուծումներով է կառուցվել որպես օդանավակայան, իսկ օդանավային թռիչքներ սպասարկելը տաքսիների դիսպետչերական կետ չէ եւ պահանջում է խիստ մասնագիտացված մոտեցում: Եվ հետո, ինչպե՞ս կարելի է կոնցեսիոներից պահանջել, որ օգտագործի այս շենքը, եթե ընկերության մասնագետները գտնում են, որ հին շենքն այլեւս պիտանի չէ որպես օդանավակայան: Պարզապես զարմանալի է, երբ մարդիկ, ընդ որում մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ, առանց հաշվի առնելու այլ ոլորտի մասնագետների կարծիքները, վերջնագրային ձեւով իրենց տեսակետն են պարտադրում: Չենք խոսում այն մասին, որ Հայաստանում նման մեծածավալ ներդրումներ կատարած անձի եւ նրա ընկերության հետ նման ձեւով խոսելն արդեն իսկ անընդունելի է, հատկապես եթե նման ներդրողների առատություն, մեղմ ասած, չունենք:

Առավել արտառոց է շենքը որպես թանգարան պահպանելու առաջարկը: Նախ շենքն արդեն իսկ քայքայվում է, հիմնանորոգելու եւ պահպանելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ: Մասնավորապես նշվում է 10-12 մլն դոլար: Ո՞ր կառույցը պետք է պահպանի կամ շահագործի շենքը, որպես ի՞նչ պետք է պահպանվի` ուղղակի ճարտարապետական հուշարձան, թե՞ թանգարան իր ցուցանմուշներով: Եթե որպես շենք, ապա ո՞րն է դատարկ շենքը որպես արձան պահպանելու իմաստը: Ծիծաղելի է այն համեմատել համաշխարահային ճարտարապետության գլուխգործոցների հետ, որոնք պահպանվում են տարբեր երկրներում եւ հազարավոր զբոսաշրջիկների հոսք ապահովում: Այս շենքը երբեք աչքի չի ընկել զբոսաշրջիկների համար որպես գրավիչ հուշարձան, ինչպես օրինակ` Զվարթնոց տաճարի ավերակները: Եթե որպես թանգարան, ապա ի՞նչ թանգարան եւ ո՞վ է այցելելու քաղաքից կտրված եւ պարբերաբար օդանավերի թռիչքներով խլացվող այդ տարածքը: Ի՞նչ կարելի է այնտեղ ցուցադրել, որ, այս հանգամանքներից անկախ, գրավի այցելուներին, եւ եթե այդ նույն ցուցանմուշները կարելի է պահել քաղաքում, ինչո՞ւ դրանք տանել քաղաքից դուրս գտնվող շենք:

Եվ ամենակարեւորը, կրկին հիշեցնենք, որ «Զվարթնոցի» հին շենքը կառուցվել է որպես օդանավակայան, իսկ օդանավակայանը թռիչքների համար է, ոչ թե պարզապես շենք: Եթե այլեւս օդանավակայան չէ, ուրեմն շենքն այլեւս պետք չէ, եթե չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, առավել եւս չի կարող այլ նպատակի ծառայել: Ուրեմն պետք է միայն ողջունել, որ կառուցվել եւ կառուցվելու է նորն ու ժամանակակիցը, ինչին խանգարում է հին եւ այլեւս ոչ պիտանի դարձած շենքը:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031