Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փոխվարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Փարիզում

Հոկտեմբեր 14,2013 21:55

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ:

Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ  հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք եւ համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ արդեն  ձեւավորվել են ապակենտրոնացված  համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեց տարի ավելի է ընդլայնվում: Արդեն երկրորդ անգամ անցկացվում է  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում  փոխգործակցության կայացածության մասին եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների եւ համայնքների միջեւ համագործակցությունն ավելի համակարգված  եւ գործնական բնույթ ստանա:

Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կողմերն ընդգծեցին այս ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ֆրանսիական տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա մասնավորապես կարեւորեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարեւոր են նաեւ Հայաստանի կառավարության համար:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԶՖԳ աջակցությամբ նաեւ ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված  ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ եւ կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:

Հանդիպմանը  քննարկվեցին նաեւ հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում եւ իրականացնում է վերապատրաստման ծարգրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները եւս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունելի համարեց` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաեւ ֆրանսիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մյուս  հանդիպումը  Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ էր:

Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով  երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակը` նրանք կարեւորեցին նաեւ Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:

Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան միգրացիայի ոլորտում  թե  երկկողմ,  եւ թե Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի եւ նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:

Այս համատեքստում անդրադարձ եղավ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարեւորվեց նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ  պայմանների ստեղծումը: Նշվեց, որ  դրան է միտված Եվրամիության`  «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն  իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության կողմից եւ ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:

Առաջիկայում ՀՀ  Ազգային  ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի  Հայաստանը  փաստաթուղթն  ստորագրած ԵՄ  անդամ  պետությանների հետ պետք  է կազմի համաձայնագրի  կիրարկման  արձանագրություն:  Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը  պատրաստակամ  է  արդեն  իսկ  սկսել  այդ  հարցով  քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ  մի շարք  աշխատանքներ են իրականացվում  սահմանային կառավարման  բարելավման եւ անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:

Երկուստեք  կարեւորվեց վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Պրն Վալսը  նշեց, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:

Զրուցակիցները բարձր գնահատեցին նաեւ ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության,  թրամիջոցների ապօրինի տարանցման եւ թրաֆիքինգի դեմ  պայքարի հարցում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը Մանուել Վալսին հրավիրեց այցելել Հայաստան:

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031