«Թեև, ընդհանուր առմամբ պարոն Բալայանի բաց նամակը ՌԴ Նախագահ Պուտինին աչքի չի ընկնում ռուս-հայկական բարեկամության ու փոխգործակցության անխուսափելի և անհրաժեշտ բնույթը հավաստող նոր փաստարկներով, այնուամենայնիվ, ուշադրության արժանի եմ համարում դրանում ներառված որոշ դիտարկումներ: Դրանցից առնվազն մեկը միանգամայն իրատեսական և իրագործելի է` խոսքս Արցախ այցելելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչ-առաջարկն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` մեկնաբանելով Զորի Բալայանի ծավալուն նամակն առ ՌԴ նախագահին:
«Ես կարծում եմ, որ իսկապես նախագահ Պուտինը`հանդիսանալով Մինսկի Խմբի համանախագահ պետության ղեկավար և´բարոյական, և´ իրավական անհրաժեշտ հիմքերն ունի Ստեփանակերտ այցելելու և տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար: Ռուսական կողմի այսօրինակ նախաձեռնությունը կարող է լավ օրինակ ծառայել նաև ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահների համար»,- հավելեց մեր զրուցակիցը:
Երկրորդ հետաքրքրական դիտարկումը Արման Մելիքյանի գնահատմամբ, վերաբերում է այն փաստի արձանագրմանը, որ հակառակ` հանուն ռուս-հայկական փափագած միասնականության ապահովման երկուստեք գործադրված ջանքերին, այսօր Ռուսաստանը Հայաստանի հետ չունի ընդհանուր սահման. «Ենթադրվում է, որ ընդհանուր սահման ունենալու խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում և այդ համատեքստում ևս պարոն Պուտինի այցը Արցախ կարող է շատ արդյունավետ լինել` Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի բաժանարար գծի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող բարձրունքներից միանգամայն տեսանելի են Ռուսաստանի կովկասյան սահմանները, այնպես որ ՌԴ Նախագահը հնարավորություն կունենա առարկայորեն զգալ, թե աշխարհագրական մասշտաբով որքան փոքր է մեր երկու երկրները բաժանող տարածությունը` իրականում երազած ընդհանուր սահմանն ունենալու համար կողմերից ընդամենը ժամեր կպահանջվի»:
Երրորդ ուշագրավ հանգամանքն Արման Մելիքյանը համարում է այն, որ պարոն Բալայանը կոչ է անում Ռուսաստանի ղեկավարին վերստանձնել այն պատասխանատվությունը տարածաշրջանի և այստեղ ապրող ժողովուրդների հանդեպ, որը ուներ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի համապատասխան: «Մեզանում այդ կոչն ընկալվեց որպես Արցախը ՌԴ կազմի մեջ ընդունելու հորդոր և այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ Արցախի ՌԴ կազմի մեջ մտնելն առանց Հայաստանի միանգամայն նոր մարտահրավերներ կստեղծի տարածաշրջանում ընդհանրապես և հատկապես Ռուսաստանի համար»,- ասաց պարոն Մելիքյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ