Այսօր Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցավ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված գրական հուշ-երեկո: Հատվածներ ընթերցվեցին Լ. Անանյանի ստեղծագործություններից, գրչակից ընկերները մեծ սիրով ու ցավով հիշեցին նրան:
Հիշատակի խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը. «Երեկ Լևոն Անանյանի ծննդյան օրն էր և, զարմանալի զուգադիպությամբ, երեկ լրացավ նաև մահվան քառասուներորդ օրը: Սա մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ծննդի և մահվան առեղծվածները գալիս և մի տեղ խաչաձևվում են, այսինքն` մենք մի մեծ օրենքի հսկողության տակ ենք, և, ուրեմն, պետք է մտածենք, որ ծնունդը պետք է նշանավորվի մարդու արածներով, գործունեությամբ: Լ. Անանյանի պարագայում պետք է ասել, որ գրողների միությունը անհնար է պատկերացնել առանց նրա, մենք բոլորս էլ կարծեք թե զգում ենք նրա ներկայությունը»: Նա տեղեկացրեց նաև, որ վերջերս մի քանի ժողովածուներ են հրատարակվել, որոնք նվիրված են Լ. Անանյանի հիշատակին:
Հիշատակի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը. «Գրականության մեջ Լևոնի կորստի մասին միշտ կխոսվի, բայց չպետք է մոռանալ, որ նա գրականություն եկավ ժուռնալիստիկայից: Եթե նա ոչինչ էլ արած չլիներ, միայն «Գարուն» ամսագրի հետ նրա անվան շաղկապումը, նրա ակտիվ հրապարակախոսական հոդվածները բավական էին, որ նրա հաջորդ քայլը լիներ մեծ քայլ դեպի գրականություն: Ստեղծագործել և միաժամանակ լինել լիդեր, բոլորին տրված չէ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք ապրելու առանց մեր լիդերի, չեմ էլ ուզում պատկերացնել: Կապրենք, կտեսնենք»:
Արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը, կարևորելով Լ. Անանյանի դերը ՀԳՄ-ում, ասաց. «Ես զգում էի, որ Լևոն Անանյանը շատ լավ գիտեր, որ Աստված իրեն տվել էր մի գրիչ, որն ինքը կիսատ էր գործածում: Կիսատ էր գործածում, որովհետև իր ամբողջ ներուժը, ժամանակը, միտքը զբաղված էր հանրային գործերով, Գրողների միության աշխատանքներով, Գրողների միությունը օրըստօրե հայաստանյան հասարակական կյանքի կարևոր հասցեներից մեկը դարձնելու մեծագույն ձգտումով»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ