Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի կոմբինատում վերջին օրերին աշխատանքից ազատման նոր դեպքեր են եղել

Հոկտեմբեր 14,2013 19:46

Կապանում  այս օրերին գրեթե ամենուր խոսվում է  այն մասին, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում վերջին երեք օրերին մոտ թվով 30 աշխատակից է աշխատանքից ազատվել, ինչը Կապանի նման սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքի համար անընդունելի երեւույթ է եւ հնարավոր է նոր գործադուլներ լինեն կոմբինատում:

Փորձեցինք ընկերությունից ճշտել շրջանառվող լուրերի իսկությունը: Պարզվում է՝ աշխատանքից ազատման դեպքեր եղել են իրականում, բայց 30-ի փոխարեն 12 աշխատակից է ազատվել աշխատանքից: Ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադեւոսյանը մեզ փոխանցեց, որ աշխատակիցներն աշխատանքից ազատվել են անհարգելի բացակայություն ունենալու եւ աշխատանքի չներկայանալու պատճառով: «Աշխատանքից ազատել ենք 12 հոգու՝ շարունակաբար աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքից անհարգելի բացակայելու համար: Աշխատանքից ազատվածներն ապարաբարձիչ մեքենավարներ են եւ հանքի այլ աշխատակիցներ: Նրանց կփոխարինեն նոր աշխատակիցներ, ովքեր կընդունվեն մեզ մոտ աշխատանքի», – նշեց «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության հանրության հետ կապերի պատասխանատուն:

Ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանն էլ փոխանցեց, որ  աշխատանքից ազատված աշխատողների մեջ կային նաեւ լավ աշխատակիցներ, ովքեր այս տարիների ընթացքում պարտաճանաչ ներկայացել են աշխատանքի:

«Եղել է անհարգելի բացակայություն մի ամբողջ օրվա ընթացքում, մոտ 10 հոգի ազատվել են աշխատանքից: Նրանք չեն եկել աշխատանքի եւ ոչ մեկին տեղյակ չեն պահել բացակայության համար: Տարբեր բացատրություններ կային. մեկն ասել էր ատամս ցավում էր՝ դրա համար չեմ եկել, մյուսն ասել է  արձակուրդից էի վերադառնում,  օրը շփոթել եմ ու չեմ եկել եւ այլն: Նրանց աշխատանքից ազատելիս օգտագործել են աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ կետը: Եթե անհարգելի բացակայություն է մեկ հերթափոխի ընթացքում, ապա գործատուն իրավունք ունի ազատել աշխատակցին: Ի դեպ, ասեմ, որ լավ աշխատողներ էլ կային նրանց մեջ, միշտ նորմալ գալիս էին աշխատանքի, բայց դե  օրենքը հավասար է բոլորի համար: Գործադուլ չկար, ուրբաթ օրը գիշերը մի քանի հոգի հավաքվել էին, խոսել են ու թողել-գնացել իրենց տները: Նույնիսկ ինձ չեն զանգել, հաջորդ առավոտն եմ իմացել», -ասաց նա:

Ապարաբարձիչ մեքենավար Առնոլիկ Հակոբյանը աշխատանքից ազատվել է հոկտեմբերի 11-ին: Նա ասում է, որ համաձայն չէ ընկերության ղեկավարության կայացրած որոշման հետ, քանի որ 13 տարի շարունակ պարտաճանաչ ներկայացել է աշխատանքի, ոչ մի կարգապահական խախտում չի արել, որեւէ նկատողության չէր արժանացել: Ըստ նրա՝ ընկերությունը կարող էր նկատողություն տալ, այլ ոչ թե միանգամից աշխատանքից ազատել: Ընտանիքի միակ եկամտի աղբյուրն իր 170-180 հազար դրամ աշխատավարձն էր, այս պահին աշխատանք է փնտրում, իսկ Կապանի պայմաններում աշխատանք գտնելը շատ դժվար է համարում:

«Ես այսքան տարիների ընթացքում կարգապահական խախտում չէի արել, ընդամենը մեկ օր վատ էի զգացել՝ չկարողացա ներկայանալ ու նույնիսկ չկարողացա զանգել: Չուզեցի գնալ բյուլետենի, իմ կիրակիների ժամանակ լավացա ու եկա գործի, 1 օր ընդամենը չգնացի աշխատանքի, կարող էին գոնե նկատողություն տալ, ոչ թե բռնեն ու ազատեն աշխատանքից: Արհմիության նախագահը  աշխատանքից ազատելու պահին պիտի էնտեղ լիներ՝ մեր կողքին, ոչ մի բանով չի օգնում, ես չեմ նկատում, որ ինքը աշխատողների կողքին լինի», – ասաց ընկերության արդեն նախկին աշխատակիցը:

Դավիթ Համբարձումյանն էլ են հոկտեմբերի 11-ին աշխատանքից ազատվել: Վերջինս նույնպես անընդունելի է համարում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության տնօրինության որոշումը՝ նշելով, որ իրենց տված բացատրությունն էլ հիմք չեն ընդունել որոշում կայացնելիս: «Սխալ որոշում էր: Ես աշխատանքի էի, կադրերի բաժնից ինձ կանչեցին, հանքից գնացի էնտեղ, ասեցին շորերդ հագիր, դու ռաշոտ ես եղել՝ սեպտեմբերի 21-ին աշխատանքի չներկայանալու պատճառով: Կինս հիվանդ էր, ես գնացել էի դեղ բերելու, էդ Երեւանի դեղատնից թուղթ եմ վերցրել, որ ես էդ ապտեկայից գնում եմ կատարել էդ օրը: Ինձ պետք չի վերադառնալ կոմբինատ, ուղղակի ուզում եմ իմանան, որ մենք ոչխար չենք, ոչխարն իրենք են, որ մարդուն մի օրում հանքից հանում են ռաշոտ են անում ու ուղարկում տուն: Մի օրվա համար գործից չեն հանում: Հեսա էլի են մարդկանց հանելու, ահագին հոգու կանչել են, բացատրություններ են վերցրել, ոնց որ մեզանից են վերցրել ու մի քանի օր հետո էլ իրենց են կանչելու ազատեն գործից: Էսքան հոգու հանել են, առանց մի առ ժամանակ առաջ տեղեկացնելու, գեղեցիկ չի, բոլորս էլ բանկերի հետ խնդիրներ ունենք», – ասաց նա:

Մինչդեռ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում աշխատակիցներ են ազատվում, ընկերությունը հոկտեմբերի 11-ին աշխատանքի տոնավաճառում նոր աշխատատեղեր էր առաջարկում աշխատանք փնտրողներին՝ այդ թվում նաեւ 4 ապարաբարձիչ մեքենավարի: Նկատենք, որ ընկերությունը ներկայացրել էր 13 թափուր աշխատատեղ, իսկ ընկերության գլխավոր տնօրենը տոնավաճառի ժամանակ հայտարարել էր, որ 25 թափուր հաստիք են ներկայացնում: Թեմայի շարունակությունն առաջիկայում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031