Պետական եկամուտների կոմիտեն համագործակցություն է սկսել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ: Հոկտեմբերի 14-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որը թույլ կտա համակարգի աշխատակիցներին և բիզնեսի ներկայացուցիչներին ձեռք բերել միջազգային որակի կրթություն: Հուշագրով նախատեսվում է համատեղ իրականացնել ուսումնական ծրագրեր, գիտահետազոտական աշխատանքներ, անցկացնել գիտաժողովներ և կոնֆերանսներ: Առանձին ուսումնական ծրագրեր կկազմակերպվեն նաև սկսնակ ՓՄՁ ներկայացուցիչների համար, արդյունքները կգնահատվեն քննությամբ` համակարգչային թեստավորման միջոցով:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ, համաձայնագիրը լուրջ փոփոխություն է նախատեսում ՀԱՀ-ի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի գործելաոճում. «Մեր նպատակն է նպաստել բիզնեսի կառավարման միջազգային գործելաոճին ծանոթանալ ցանկացող տնտեսվարողների մասնագիտական զարգացմանը: Տարիների փորձը ցույց է տվել, որ կրթված գործարարի հետ աշխատելը հաճելի է և համագործակցության առումով ավելի դյուրին»:
ՊԵԿ նախագահի խորհրդական Լևոն Բարխուդարյանը նշել է, որ համագործակցության շրջանակում դերերի բաշխում է կատարվելու. «ՊԵԿ ուսումնական կենտրոնը գործարարներին ծանոթացնելու է ժամանակակից հարկային, մաքսային վարչարարության բոլոր նրբություններին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հարկատվության ցածր մակարդակի պատճառը հաճախ հարկատուների չիմացությունն է: Իսկ Ամերիկյան համալսարանը լրացնելու է նրանց գիտելիքները բիզնեսի կառավարման ոլորտում, ինչն էապես կբարձրացնի մեր գործարարների կրթական մակարդակը»:
Կարդացեք նաև
Պետական եկամուտների կոմիտե