Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը ցանկանում է իր բեռը փաստաբանների ուսերին բարձել»

Հոկտեմբեր 14,2013 18:12

«Փաստաբանության» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը մտահոգությունների տեղիք է տվել նաեւ Լոռու մարզում գրանցված 48 փաստաբաններին:

Այսօր նրանք հանդես են եկել հայտարարությամբ`քննադատելով ՀՀ կառավարության նախաձեռնությունը`այն համարելով անխոհեմ եւ անհեռանկար:

Նախագծի համաձայն՝ փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառվելու համար փաստաբանից գանձվելու է տարեկան 60 հազար դրամ պետական տուրք կամ ամիսը 5000 դրամ:

Լոռիում աշխատող փաստաբանները կարծում են, որ այդ քայլը ոտնձգում է ՀՀ-ում փաստաբանության անկախությանը և մեծ հարված է հասցնելու պետության հեղինակությանն ընդհանրապես:

«Այդ օրենքներում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը բացարձակ չպատճառաբանված, անհիմն է: Մատյան վարելու համար պետական տուրք են ուզում սահմանել, այնինչ  ՀՀ փաստաբանների պալատը առանց այդ էլ անվճար վարում է այդ մատյանը, ինչ կարիք կա ամսական 5000 դրամ վճարել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Այս հարցին ՀՀ կառավարությունն իր բացատրությունն ունի:

Համաձայն դրա` գոյացած գումարները ուղղվելու են Հանրային պաշտպանի գրասենյակին:

Այս բացատրությունը, սակայն, չի գոհացնում փաստաբանական համայնքին, քանի որ Հանրային պաշտպանի գրասենյակն առանց այդ էլ ՀՀ Սահմանադրությամբ պարտավորված է պետական բյուջեի հաշվին անվճար ծառայություն մատուցել անապահովներին։

«Ստացվում է` պետությունը ցանկանում է իր  բեռը փաստաբանների ուսերին բարձել»,-ասում  են փաստաբանները:

Բացի այդ` նրանք նկատում են, որ հավելյալ վճարումները ֆինանսական խնդիրներ կառաջացնեն փաստաբանների շրջանում:

«Բավական շատ փաստաբաններ կան, որոնց նկատմամբ փաստաբանական վարույթներ են հարուցվում անգամ անդամավճարները` ամսական 5000 դրամները  չվճարելու հիմքով, չեն կարողանում վճարել այդ գումարը»,-ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը` մանրամասնելով, որ այս դեպքում պետական տուրքի համար 5000  դրամ վճարելը  չհիմնավորված, չպատճառաբանված մոտեցում է:

Փաստաբանները մտահոգություն են հայտնում նաեւ այն մասին, որ պետական տուրքը չվճարելու դեպքում կզրկվեն արտոնագրից:

«Կարծում եմ` պետությունը այս քայլով  զրկում է փաստաբանական համայնքին իր ունեցած անկախությունից եւ ինքնուրույնությունից, որը, մեղմ ասած, ճիշտ չէ: Ես կողմ եմ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի այն առաջարկին, որ եթե չվճարելու եւ այդ մատյաններում չգրանցվելու  համար մեզ պետք է զրկեն փաստաբանի արտոնագրից, ապա պետությունը չի ունենա փաստաբան»,-եզրափակում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը` տեղեկացնելով, որ Լոռու մարզի փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի կողքին են եւ միասնական պայքարելու են արդյունքի հասնելու համար:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031