«Հայկական կողմի՝ արձանագրություններից հետ չկանգնելը ցույց տվեց, որ մեր քայլերն ավելի արդար էին։ Անգամ սառած վիճակում հայ-թուրքական արձանագրությունները վնաս են հասցնում Թուրքիայի միջազգային վարկին` լինելով անպատասխանատու եւ ցույց են տալիս հայկական կողմի պատրաստականությունն՝ իր ստանձնած նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար»,- այսօր այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ անցել է շուրջ չորս տարի եւ այս ընթացքը միայն բացասաբար է անդրադարձել Թուրքիայի վրա:
«Թուրքիան է, որ մինչեւ այսօր փորձում է արդարացումներ գտնել գործընթացի վերաբերյալ: Այս արձանագրությունները կարող են ապագայի համար դառնալ հիմք, կամ գցել պատմության աղբարկղ»,-ընդգծեց Մելքոնյանը:
Արեւելագետն անդրադառնալով Էրդողանի հայտարարած ժողովրդավարացման ծրագրերին՝ ասաց, որ Թուրքիայում դեմոկրատացում սկսելու փորձերը ցույց են տալիս, որ Թուրքիան խնդիր ունի այս հարցի հետ կապված: «Եթե նայում ենք այդ ժողովրդավարացման փաթեթին, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, ապա հասկանում ենք, որ այս փոփոխությունները ոչ թե ուղղված են հայերին, հույներին, հրեաներին, այլ քրդերի համար են: Թուրքական ժողովրդավարացման այս փաթեթը մեզ համար էական նշանակություն չունի: Նրանց կողմից իրականացված փաթեթը չի կարող միանշանակ ընդունելի լինել մեզ համար»:
Ըստ արեւելագետի` ժողովրդավարացման փաթեթը ունի երկու թիրախ` ներքին եւ արտաքին: «Արտաքին աշխարհում փոխել Թուրքիայի դեմքը, ցույց տալով ժողովրդավարության փորձեր, միաժամանակ կոծկելով իր անհաջողությունները»,-ասաց Մելքոնյանը` նկատելով, որ արտաքին աշխարհում Թուրքիայի դաշնակիցները շահագրգռված են, որպեսզի կառչեն նրանից, բայց իրականում, այս հռչակված բարեփոխումների մի մասը հնացած են, մի մասն էլ դուրս են մնալու դրանց իրականացումից:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ