Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերում շարունակվում են մուտքերի դռների ու լուսամուտների տեղադրման, ջրթափ խողովակների նորոգման, ջրամատակարարման ցանցերի և կոյուղագծերի ջերմամեկուսացման աշխատանքները:
Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ կնորոգվի 6044 գծմ ջրթափ խողովակ, կիրականացվեն 2075 գծմ ջրամատակարարման ցանցի և շուրջ 1988 գծմ էլ կոյուղագծերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Բացի այս, բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն մուտքի 159 նոր դռներ, կիրականացվեն 4497 քմ ապակեպատման աշխատանքներ:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են նաև հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: 2013թ. բարեկարգման ծրագրերով իրականացված 68387 քմ հարթ տանիքի ու 48550 քմ թեք տանիքի վերանորոգման աշխատանքներից զատ, ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում կբարեկարգվի ու իզոգամով կպատվի ևս 12160 քմ հարթ տանիք, կփոխվեն շուրջ 9800 թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն