Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Բրյուսելում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթերի այն դրույթները, որոնք կհակասեն Մաքսային միությանը»:
«Ձևակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց», – նշեց Աբրահամյանը՝ շարունակելով․ – «Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում և շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր շահերից: Որևէ հակասություններ մենք չենք տեսնում: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք՝ նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու և շտկելու»:
Հովիկ Աբրահամյանը Բրյուսել է ժամանել՝ մասնակցելու եվրոպահայերի 3-րդ համագումարին: Համագումարին մասնակցում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, բազմաթիվ այլ հյուրեր:
Ի պատասխան համագումարում հնչած քննադատությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ՀՀ իշխանություններին քննադատողները «ջուր են լցնում թուրքերի ջրաղացին»․ – «Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք պրոբլեմներ․ ունենք արտագաղթ, ունենք կոռուպցիա: Կա, բայց մենք բոլորս պայքարում ենք դրա դեմ: Ուղղակի լոկ դատարկ խոսքերով ասել, Բրյուսելում քննադատել, փնովել, դա, իմ կարծիքով, ջուր է լցնում թուրքերի, ադրբեջանցիների ջրաղացին»:
Կարդացեք նաև
Իսկ ՝թալանը, կողոպուտը, արտագաղթը, ձեր կողմից կազմակերպած, ու՞մ ժրաղացին է ջուր լցնում: