Սվետլանա Դպիրյանին հարկ չեն համարել 1928թ. հայրական տունը քանդելուց տեղեկացնել այդ մասին, առանց նրա էլ դատարանները կայացրել են դատական տարբեր տիպի ակտեր՝ հօգուտ «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ ՊՈԱԿ-ի:
Սվետլանա Դպիրյանը դիմել էր քաղաքացիական վերաքննիչ դատարան, ուր նախորդ շաբաթ կայացավ դատական նիստը, իսկ վճռի հրապարակումն էլ նախագահող Ն.Տավարացյանը նշանակեց հոկտեմբերի 24-ին:
Միայնակ թոշակառուն՝ 1-ին կարգի հաշմանդամ կինը, բողոք էր բերել ԾԻԳ-ի դեմ: Բողոքաբերը պահանջում էր նոր քննություն նշանակել իր մասնակցությամբ:
Շատ հուզիչ էր մտավորական կնոջ դատարանում հայտնվելը: Նրան որեւէ մեկը չի լսել, նրա հետ պայմանագիր չեն կնքել, նրան հարկ չեն համարել լսել:
Կարդացեք նաև
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայցվոր Սվետլանա Դպիրյանի հայցը բավարարել էր մասնակիորեն` պատասխանող Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար՝ սկսած 17.09.2004թ. մինչև 05.03.2013թ. ժամանակահատվածի համար:
Ս.Դպիրյանն ասում է, որ հազար անգամ գնացել-եկել է աջակցության գումարի համար, դա էլ չեն ցանկացել տալ իրեն: Եվ վճռի 42-րդ օրն են հարկ համարել գումարի մի մասը տալու:
ԾԻԳ-ը, չգիտես ինչու, քաղաքացուն չի գտել, չի իմացել, թե որտեղ է նա գտնվում, այն դեպքում, երբ հայցվոր-բողոքաբերը 2004թ-ից չի ապրել նշված բնակարանում:
Ի դեպ, մեզ հետ զրույցի ժամանակ Ս.Դպիրյանը տեղեկացրեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.03.2004թ. վճռով բավարարվել է «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Սվետլանա Դպիրյանի` փոխհատուցմամբ վտարելու պահանջի մասին և վճռվել է պատասխանող Սվետլանա Դպիրյանին վտարել Երևանի Լալայանց փողոցի թիվ 8 հասցեից` նրան վճարելով աջակցության` 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարն` առանց խրախուսման գումարի։
Նշված վճիռը բողոքարկվել է, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2004թ. որոշմամբ թողնվել է անփոփոխ։
20.12.2012թ. Ս.Դպիրյանը դատարան է ներկայացրել դիմում` վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու ու դրա կատարման ժամկետը հարգելի համարելու խնդրանքի մասին։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.01.2013թ. որոշմամբ հարգելի է համարվել 29.03.2004 թ. կայացված վճռի հիման վրա 08.11.2012 թ. տրված կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը:
Պահանջատեր «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ ՊՈԱԿ-ը սահմանված ժամկետում վճիռը չի ներկայացրել հարկադիր կատարման, ինչից էլ, ըստ Է.Ավետիսյանի կայացրած վճռի նկարագրական մասի, պարզվել էր, որ Ս.Դպիրյանը չէր կարող իմանալ իր իրավունքների խախտման մասին և կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմումի քննության ժամանակ դատարանը փաստելով, որ 29.03.2004թ. օրինական ուժի մեջ մտած վճռի հարկադիր կատարման ներկայացնելու դիմողի իրավունքը օրենքով սահմանված ժամկետում չի իրականացվել:
Ս.Դպիրյանի պահանջը 2000 ԱՄՆ դոլարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով տոկոսներ պահանջելու վերաբերյալ իրավաչափ էր համարվել, իսկ պատասխանող կողմի առարկությունները, այդ թվում նաև հայցային վաղեմություն կիրառելու դիմումը` անհիմն է եղել:
Ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցչի այն փաստարկին, թե հայցվորի գումարը դեպոնացված է եղել ԾԻԳ-ում և հայցվորը չի ցանկացել ստանալ այն, ապա այդ կապակցությամբ առաջին ատյանի դատարանը փաստել էր, որ ինչպես հայցվորին գումարի դեպոնացված լինելու վերաբերյալ տեղեկացնելու, այնպես էլ գումարը դեպոնացված լինելու վերաբերյալ ապացույցներ դատարանին չեն ներկայացվել։ Ս.Դպիրյանը վերաքննիչ դատարանում էլ հայտնեց, որ գումարը դեպոնացված չի եղել եւ ԾԻԳ-ը հերթական անգամ ստել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ