Ավտովարորդների պաշտպանության լիգան այսօր հայտարարեց Հայաստանի դաշնային հրամանատարների խորհրդին միանալու մասին: Այսօր «Նոյյան տապանում» լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք արդեն 22 տարի է՝ պայքարում են, որ ավտոներկրողները օրինական գրանցում ստանան, աշխատեն հարկային դաշտում, բայց կառավարությունը նրանց չի լսում, հարկային դաշտ էլ բերելու մտադրություն չունի: Հովհաննիսյանի խոսքով, հենց այս խնդրի լուծումը ստանալու ակնկալիքով էլ միանում են Ազատության հրապարակում ամեն շաբաթ հավաքվող ազատամարտիկների խմբին:
«Մենք իշխանափոխության կամ ծավալուն հարցերի խնդիր չենք դնում: Ուզում ենք ազատամարտիկների միջոցով մեր ձայնը հասցնել կառավարությանը, որ մենք օրենքից դուրս ենք: Ուզում ենք հարկ վճարել, չենք կարողանում: Գտնում ենք` կարգավիճակ ստանալով, հարկային դաշտ մտնելով՝ միգուցե կարողանանք սոցիալական խնդիրներ լուծենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ ասաց.. «Մեր երկրում բզկտման քաղաքականությունը շարունակվում է, եւ դրա վերջն աստիճանաբար դրվում է: Պայքարի տարբեր օջախներ են ստեղծվել, բոլորը պայքարում են, իշխանությունները տեղերում փորձում են խնդիրները իբր թե կարգավորել, որպես կանոն, խաբում են մարդկանց, եւ խնդիրները նորից վեր են հառնում: Այսօր հայտարարում ենք միավորման մասին, այսուհետեւ միասին ենք պայքարելու իշխանությունների դեմ: Մոտ 20 տարի, այս մարդիկ «գրդոնչու» պիտակ ունեն, որովհետեւ իշխանությունները այս մարդկանց բիզնեսը չեն օրինականացնում»,- ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ ուրբաթ օրը իրենց նախաձեռնած կուսակցությունների ղեկավարների հետ կլոր-սեղան քննարկում է տեղի ունենալու:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ