Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չբացառեց, որ 2018-ի նախագահական ընտրություններին ինքը մասնակցելու է:
Պարոն Կարապետյանը News.am-ին ասել էր, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ: Մեր հարցին՝ ե՞րբ է լինելու ակտիվությունը, ե՞րբ եք վերադառնալու ակտիվ քաղաքականություն՝ նա պատասխանեց. «Վերադառնալը ո՞րն է,մինչեւ հիմա ես չեմ էլ լքել»:
Նա վստահեցրեց, որ ոչ միայն նախագահական ընտրությունների հետ կապված, այլ հիմա էլ լինեն արդար ուժեր՝ ինքը համագործակցելու է. «Ոչ այսօրվա ձեւական ընդդիմության հետ: Գիտեք ինչ, պետք է անկեղծ լինեն, որ կասկածներ չառաջանան»:
Նա ասաց, որ առաջիկա ծրագրերը կապված են նոր ուժ ստեղծելու կամ նոր ուժի հետ համագործակցելու հետ: Մենք ճշտեցինք՝ հնարավո՞ր է դա վերակազմավորվող ՀՀՇ-ն լինի՝ Տիգրան Կարապետյանը բացառեց. «Ոչ, ոչ: Ավելի շատ կռված տղաների հետ կլինի: Այն ուժերը, որոնք ըմբոստանում են իրոք այս վիճակից»:
Կարդացեք նաև
Պարոն Կարապետյանը փակագծերը շատ չբացեց, բայց ասաց, որ դա կարող է լինել ազատամարտիկների շարժումը:
Նա վստահեցրեց, որ այսօր քաղաքական դաշտում նոր ուժի անհրաժեշտություն կա. «Բայց այնպիսի ուժ, որ չի գնա պայմանավորվածության, որ պայմաններ չի դնի: Միակ պայմանը կլինի արդարություն: Դա այսօր ոչ մի տեղ չկա՝ ոչ իշխանության մեջ, ոչ եկեղեցու մեջ, ոչ անհատ գործիչների մեջ: Չկա: Բոլորը բիզնեսով են զբաղված, բոլորը ինչ-որ պայմանավորվում են, ինչ-որ փողեր են վաստակում: Մի խոսքով, պետք է ուժ, որը կմտածի միայն հայրենիքի մասին, հայ ժողովրդի վիճակի մասին, որն այսօր իրոք սարսափելի է»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք բավականին տեւական ժամանակ քաղաքական դաշտում պասիվ դիրքերում էիք, հիմա Ձեր մուտքը ակտիվ քաղաքական դաշտ ինչպե՞ս եք ապահովելու՝ բարեգործություններո՞վ եք էլի գալու, որ թեկնածություն դնեք:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանն իր քաղաքական գործունեության ընթացքում պարբերաբար իր հնարավոր ընտրողներին հեռուստացույց, DVD ու էպիլյատոր էր նվիրում:
Նա պատասխանեց. «Բարեգործական բան չի լինելու: Լինելու է քաղաքական գործունեություն: Ակտիվը ո՞րն է, նախագահական ընտրություններ էին, եթե ես դնեի իմ թեկնածությունը, կասեին, որ Րաֆֆի Հովհաննիսյանից ձեն ա փախցնում: Ես մտածելով իմ անվան մասին, որ մաքուր լինի, ես դեռ ոչ մի բանով ոչ վնաս եմ տվել, ոչ հուսախաբ եմ արել հայ ժողովրդին: Մաքուր եղել ենք, մաքուր էլ կմնանք մինչեւ վերջ»:
Մեր հարցին՝ կարծում եք՝ ժողովուրդն այսօր Ձեզ ձայն կտա՞, Ձեր պոտենցիալն ինչքա՞ն եք գնահատում, նա պատասխանեց. «Ժողովուրդը արդար ուժին միշտ ձայն կտա, եթե հավատա, որ դա արդար ուժ է»:
Մեր դիտարկմանը, որ Ձեր անվան շուրջ էլ պարբերաբար խոսակցություններ են պտտվում, բիզնեսների հետ են կապում, որ Ձեր կարողությունը ոչ այնքան մաքուր ճանապարհներով են, ժողովուրդն ինչպե՞ս թացը չորից տարբերի՝ նա պատասխանեց. «Դե թող ցույց տան գոնե մի հատ բիզնես, ասելով չի, չէ՞: Ես չունեմ բիզնես: Հայաստանում չունեմ, դրսում ունեմ»:
Ասում են՝ քաղաքականությունը մեծ փողեր է նաեւ պահանջում, մեր հարցին՝ Դուք այսօր պատրաս՞տ եք այդ փողերը ներդնել քաղաքական դաշտում՝ նա պատասխանեց. «Ես ժլատ երբեք չեմ եղել, ծախսերից երբեք չեմ վախեցել»:
Տիգրան Կարապետյանը դեռ հաշվարկներ չի արել, թե որքան գումար է անհրաժեշտ դրա համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ