Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերտիֆիկատի պահանջ ունեցող 3000 ապրանքներից որո՞նք ունեն սերտիֆիկատ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 15:40

«Ինչո՞ւ մեր երկրում, մեր սպառողների մոտ չի գործում սերտիֆիկատների պահանջման դրույթը»,-այսօր «Հենարան» ակումբում նման հարց արծարծեց սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը, որը նաեւ ավելացրեց՝ սերտիֆիկատի առկայությունը հավաստում է, որ ապրանքը համապատասխանում է փաստաթղթերի տեխնիկական պահանջներին եւ լիազոր մարմնի կողմից տրված փաստաթղթով է շուկա դուրս եկել:

Ասուլիսի մեկ այլ մասնակից` «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ բուռն արձագանքեց պետական պաշտոնյայի այդ հարցադրմանը. «Եկեք գնանք շրջայց անենք՝ սերտիֆիկատի պահանջ ունեցող 3000 ապրանքներից որոնք ունեն սերտիֆիկատ: Եթե պարզվի, որ 30-40%-ը չունի սերտիֆիկատ, ուրեմն մենք ունենք համակարգային պրոբլեմ, եւ այստեղ ոչ թե պետք է սպառողը ստուգում իրականացնի, այլ պետական մարմինները, որովհետեւ, եթե հացամթերքի շուկայում 2012 թվականին քայլեր պետք է ձեռնարկվեին, 2013 թվականին էլի մնացին կիսատ»:

Պարոն Արարատյանն էլ նշեց, որ պարտադիր սերտիֆիկացման ենթակա են այն ապրանքները, որոնք ունեն տեխնիկական կանոնակարգեր`կաթ- կաթնամթերք, խմիչքներից` գարեջուրը, կոնյակը: Այս ցանկը պարոն Արարատյանը չկարողացավ շարունակել, քանի որ ասուլիսի մասնակիցներն ընդհատեցին ու սկսեցին հարցեր ուղղել:

Իսկ պարոն Արարատյանն էլ կարծիք հայտնեց, որ օրինակ, երբ Ե դասիչը չի մակնշվում, հ/կ-ները մեծ պատմություն են սարքում: Այս հայտարարությանն արձագանքեց պարոն Պիպոյանն ու նորից հիշեցրեց ամիսներ առաջ պաղպաղակի շուկայում իրենց հ/կ-ի հայտնաբերած խախտումները: Սակայն ասուլիսի մեկ այլ մասնակից, Հանրային խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանն էլ պաղպաղակ բառը լսելով զայրացած արձագանքեց` «դե հերիք է էլի, ինչքան կարելի է` պաղպաղակ-պաղպաղակ, բա մսի շուկա՞ն»:

Ապա տիկին Ալեքսանյանը դիմելով սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետին, հարց բարձրացրեց` «Հիգիենիկ, հակահամաճարակայինից գործառույթներ տվեցին ձեզ, ի՞նչ եք անում, դուք մտնում եք խանութ, չե՞ք տեսնում ժամկետներն անցած ապրանքները, խանութներում կեղտոտ, տարականներ են վազում, մսավաճառները երբեք ձեռնոցներ չեն հագնում, այս ի՞նչ եք անում, գործ չեք անում»:

«Սխալ է կարծիքը, որ ոչինչ չենք անում, որոշողն էլ ոչ դուք եք, ոչ` մենք»,-ասաց պարոն Արարատյանն ու օրինակներ բերեց, որ եղել են ստուգումներ, որի արդյունքում ժամանակավոր աշխատանքից հեռացվել են աշխատողներ, որոնք պարտադիր բուժզննման ենթարկված չեն եղել, նաեւ` տնտեսվարողներ են տուգանվել:

Իսկ Բաբկեն Պիպոյանն էլ կարծիք հայտնեց, որ միայն տուգանելով խնդիրը չի լուծվի, քանի որ տուգանելուց հետո տնտեսվարողը, օրինակ` 300 հազար դրամ տուգանքը վճարում է ու շարունակում նույն խախտումով աշխատելը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031