Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» քննչական փորձարարությանը ներկա են եղել տուժողները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2013 15:36

Banda_R_02 Banda_R_01 Banda_R_04Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր «Բանդայի գործով» հետազոտվեցին քրեական գործում առկա մի քանի ապացույցներ, ինչպես նաեւ դիտվեց քննչական փորձարարությունը պատկերող տեսանյութը:

Հրապարակվեց 2011թ. դեկտեմբերի 24-ի խուզարկության արձանագրությունը, երբ ամբաստանյալների վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ֆրանսիական օծանելիքի բացված սեւ տուփ: Տանտերը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, հայտարարել է, թե այդ օծանելիքը չի պատկանել իր ընտանիքի անդամներից որեւէ մեկին, այլ այն վերաբերել է վարձակալությամբ ապրողներին: Նկատենք, որ այս վիճելի օծանելիքը մեղադրանքի հիմքում է դրված եւ թերեւս միակ գողոնն է, որ առարկայորեն հայտնաբերվել է:

Մինչդեռ ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանին, Դավիթ Գալստյանին, Քյարամ Ամոյանին, Սամվել Դավթյանին եւ Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց բնակարաններից, առանձնատներից խոշոր չափի գումար, ոսկեղեն, նկարներ, չհրկիզվող պահարաններում ամփոփված թանկարժեք իրեր հափշտակելու համար:

Քննչական փորձարարության արձանագրությունը, որը կազմվել էր 2011թ. դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Խաչատրյանի կողմից, վերաբերում էր ամբաստանյալ Դավիթ Գալստյանի կողմից մատնանշված տներում կատարված գողություններին՝ Դանիել Վարուժան 48 հասցեից, Կիլիկիա թաղամասում կատարված… Ամբաստանյալն, ըստ այդ արձանագրությունների, ցույց է տալիս, թե ինչպես են պատուհաններից խմբով մտել նշված բնակարանները:

Ուշագրավ է, որ ըստ արձանագրվածի, բոլոր տուժողները հետագայում Դավիթին ճանաչել էին, հայտնելով, թե նա խմբի «ամենահաղթանդամն» էր: Ըստ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի հայտարարության էլ, այն տպավորությունն էր, թե ողջ հանրապետությունում միայն մեկ հաղթանդամ մարդ է եղել՝ իր պաշտպանյալը:

Ստեփան Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տուժողների ներկայությամբ է կատարվել քննչական փորձարարությունը, որ իր պաշտպանյալին ուղեկցել են դիմակավորված հատուկ ջոկատայինները եւ որ նա ենթարկված է եղել խոշտանգումների. «Առհասարակ, մենք գործ ունենք կենդանի առերեսումների, զննման, դեպքի վայրում կատարված քննչական միացյալ գործողությունների հետ, որն անթույլատրելի է:

Հետագայում, երբ մենք դիտում էինք տեսանկարահանված քննչական փորձարարությունը, այն հաճախակի ուղեկցվում էր հարվածների ձայներով, որը ողջամիտ դիտողի մոտ թողնում էր այն տպավորությունը, թե կասկածյալին դեպքի վայր տանելով՝ հարվածում են: Հաճախ լսելի էր քննիչի ուղղորդող հարցը. «սպիտակ գույնի՞ էր մեքենան», «դու եկար, հետո մյուսնե՞րը»:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Արտուշ Հակոբյանի պաշտպանը՝ Հովիկ Արսենյանը, որն ակնարկեց ապացույցների անթույլատրելիության մասին, իսկ տեսանյութը դիտելու ընթացքում ասում էր, որ քննչական փորձարարություն պետք է նորից արվի, որպեսզի հստակեցվի, թե արդյոք հնարավո՞ր էր այդ բարձր պարիսպների վրայով թռչել խմբով, աննկատ:

Դատարանը ստացել էր տուժող Նապոլեոն Ազիզյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Նա դատարան չի գալիս, ինչպես մյուս տուժողները:

Ի դեպ, դատարանը բավարարեց նաեւ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությունն ամբողջությամբ՝ պահանջելով խուզարկություն թույլատրելու եւ այն բավարարելու մասին դատարան ներկայացրած ողջ փաթեթը: Խուզարկություն անցկացնելու թույլտվություն տրվել էր այս նույն դատարանի կողմից, այս դատարանի նախկին դատավոր Բեկթաշյանի կողմից: Պաշտպանը դիմել էր աշխատակազմին, սակայն նրան չէր տրամադրվել, իսկ դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ դատական ծառայողները չպետք է գնահատեն, որոշեն, որը տրամադրել , այլ ամբողջությամբ կպահանջի ողջ փաթեթը եւ դրանց հետազոտումն ու գնահատումը կարվի այս դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031