«Եթե մարդն իր սիրած աղջկանից այդքան երկար նամակ ստանա, չի կարդա, ուր մնաց այլ պետության ղեկավարը, մեկ այլ պետության քաղաքացուց»,- Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին նախ հումորով արձագանքեց նախկին ՀՀՇ-ի երիտթեւի ղեկավար եւ նոր ստեղծվելիք ՀՀՇ-ի նախաձեռնող խմբի անդամ Կարեն Կարապետյանը:
Հարցը վերաբերում էր Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված 17 էջանոց նամակին:
Ապա, մեր զրուցակիցը երեւույթն ինքն արդեն զավեշտալի համարեց: Նամակում, ըստ Կարեն Կարապետյանի, զավեշտն այն է, որ Զորի Բալայանն այլոց փորձում է բացատրել իրենց շահը. «Կարելի է կարծել, իրենք իրենց շահը չեն հասկանում, սպասում էին, որ Զորին բացատրի՝ այն էլ ստորադասելով մեր պետության շահն այդ պետության շահին»:
Ընդհանրապես, անկախ Հայաստանի գոյության պայմաններում նման իրադարձությունն, ըստ մեր զրուցակցի, տպավորություն է ստեղծում, թե պատմությունը կրկնվում է: Նա նկատի ունի հայ մտավորականների պատմական նամակն ուղղված «ռուսաց թագավորին»: «Հերթական անգամ նամակ է գրվում ցարին, ցածրանալով ու հերթական անգամ փաստելով, որ ինքներս անզոր ենք մեր խնդիրները լուծել, խնդրում ենք, որ ցարը դրանք լուծի: 21-րդ դարում, անկախ պետականության պայմաններում դա արդեն զավեշտ է, եթե ոչ պետական դավաճանություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Կարդացեք նաև
Այս պարագայում, նա գերադասում է հումորախառն անդրադարձը. «Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչը Զորի Բալայանի նամակը կարդալուց հետո, անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրեց, որպեսզի կյանքի մնացած տարիները նվիրի Զորիի բերած փաստերի ուսումնասիրմանը»:
Ապա հավելում. «Անհատի էվոլյուցիան երբեմն զարմանալի շրջադարձեր է ունենում: Անհատը կարող է «գրողից» վերածվել պալատական սազանդարի, այնուհետև՝ «Նավապետի» և վերջում դառնալ փառավոր խեղկատակ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ