Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջի-Էմ-Փի ներդնելուց հետո տեղական դեղերը կթանկանան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 15:03

«Մենք գործ ունենք մարդու առողջության հետ եւ մեր երկրի ցանկացած դեղարտադրող պարտավոր է ներդնել այդ ստանդարտները: Լինի յոդի լուծույթ, թե ինչ-որ քսուք, պետք է Ջի-Էմ-Փի-ով արտադրվի»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում ասաց դեղարտադրող «Լիկովոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը:

Միջազգային չափանիշներով դեղ արտադրելու համար այս ընկերությունը Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ծախսել է 5 միլիոն դոլար: Արդյոք կարո՞ղ են մյուս ընկերություններն էլ այդքան գումար հայթայթել, որպեսզի արտադրությունը համապատասխանեցնեն պահանջվող ստանդարտներին, պարոն Մաթեւոսյանն ասաց, որ ՓՄՁ-ի համար այսօր կառավարության կողմից երաշխավորված վարկային կազմակերպությունը տալիս է ցածր տոկոսով վարկեր:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը, արձագանքելով օրերս Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի այն հայտարարությանը, որ հունվարից իրենց կենտրոնում արտադրությունը կանգնած է, քանի որ չեն կարողանում կառավարության պահանջած միջազգային չափանիշներով աշխատել, ասաց, որ այդ կենտրոնը պարզապես ներքին խնդիրներ ունի եւ որ պատճառը Ջի-Էմ-Փի-ի պահանջները չեն:

Ինչ վերաբերում է Թոփուզյանի այն պնդումներին, թե պատշաճ պայմանների համար մեր երկրում չկան մշակված համապատասխան չափանիշներ եւ միայն եվրոպական ստանդարտներն են, որոնք անգլերեն, գերմաներեն լեզվով են եւ հայ արտադրողն, ըստ Վ. Թոփուզյանի, պարտավոր չէ այդ լեզվով ուսումնասիրել միջազգային փորձը եւ այն կիրառել սեփական երկրում, պարոն Զաքարյանն ասաց, որ թարգմանված տարբերակն առկա է, միայն որոշ բաժիններ, քանի որ պարբերաբար փոփոխվում են, մնում է տվյալ լեզվով, որպեսզի արտադրողը թարմ տեղեկատվությանը տիրապետի:

Պարոն Զաքարյանի ներկայացմամբ, նշյալ գիտատեխնիկական կենտրոնը գործում է Գիտությունների ազգային ակադեմիայի ներքո եւ նրանց հիմնական նպատակը ոչ թե գործարանային արտադրությամբ զբաղվելն է, այլ` գիտահետազոտական աշխատանքներ կատարելը, եւ այդ նպատակով է 1960 թվականին կենտրոնում բացվել փոքրիկ արտադրամասը: Նշենք, որ կենտրոնը մինչ այս տարվա հունվարի 1-ը արտադրում էր երեք անուն դեղ:

Սերգեյ Մաթեւոսյանի խոսքերով, Ջի-Էմ-Փի ներդնելը մեկ օրվա խնդիր չէ, եւ որ կառավարությունը մինչեւ 2017 թվականը ընկերություններին ժամանակ է տվել: Մեր երկրում արդեն 3 դեղ արտադրող ընկերություն իրենց արտադրությունը համապատասխանեցրել են դեղ արտադրելու պատշաճ պահանջներին: Աշխարհում միջազգայնորեն ընդունված դեղ արտադրելու երեք չափանիշ կա` ամերիկյան, ճապոնական եւ եվրոպական: Հայաստանն ընտրել է եվրոպականը:

Հարցին, թե ինչո՞ւ են անհրաժեշտ Ջի-Էմ-Փի ստանդարտները, պարոն Մաթեւոսյանն ասաց, որ այսօր մի շարք երկրներ, որոնք գործում են այդ չափանիշներով, հրաժարվում են մեր դեղարտադրողների ապրանքը գնել` հենց Ջի-Էմ-Փի-ի բացակայության պատճառով, սակայն, մեր մի քանի ընկերություններն ինչ ներդրել են այդ ստանդարտները, մեր երկրից դեղերի արտահանումը այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զգալի աճել է:

Թանկարժեք ներդրումները կավելացնե՞ն մեր երկրում դեղերի գները հարցին, պարոն Զաքարյանն ասաց`1,5 տոկոսով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031