Այսօր «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին «Ռեֆորմ հոլդինգի» տնօրեն Մուշեղ Պետրոսյանը, «Ոստան Հայոց» համույթի մենակատար Հովհաննես Կուրղինյանը (Յոհան Կոստանի), հեղինակ կատարող, «Ռեֆորմ հոլդինգի» պրոդյուսեր Վարդուհի Դավթյանը:
Նրանք պատրաստվում են անցկացնել հակապատերազմական (սիրիական պատերազմ) երաժշտական հնգօրյա միջոցառում-ակցիա` «Ձայն ընդդեմ պատերազմի» թեմայով: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայ ժողովրդական, ջազ, ռոք և հեղինակային երաժշտության կատարողներ:
Հովհաննես Կուրղինյանն ասաց, որ ակցիան իրականում քաղաքացիական է, երաժշտական չէ: Նպատակը մարդկանց ուշադրությունը սևեռելն է այնպիսի ցավալի երևույթի վրա, ինչպիսին պատերազմն է:
Հարցին, թե ինչպե՞ս են նրանք կարողանալու համերգի միջոցով իրենց ձայնը լսելի դարձնել, «Ոստան Հայոց» համույթի մենակատար Հովհաննես Կուրղինյանը պատասխանեց. «Մեր համերգը մի փոքրիկ ձայն է, որ այս ժխորի մեջ միգուցե լսվի: Այս միջոցառումը ոչ միայն երաժշտական է, այլև տեղեկատվական և քարոզչական»:
«Ռեֆորմ հոլդինգի» տնօրեն Մուշեղ Պետրոսյանն էլ ասաց, որ իրենք բաց նամակ են ուղղելու ՄԱԿ-ին և Սենատին` կոչով, որ Սիրիայում վերջ տրվի պատերազմին:
Հեղինակ կատարող, «Ռեֆորմ հոլդինգի» պրոդյուսեր Վարդուհի Դավթյանն էլ տեղեկացրեց, որ ակցիան կմեկնարկի հոկտեմբերի 16-ից (ժամը 17.00-ից) և կտևի հինգ օր: Միջոցառումը տեղի կունենա Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջնամասում գտնվող շատրվանների մոտ: Միջոցառումն իրականացվում է «Ռեֆորմ հոլդինգի» միջոցով:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ