Այսօր «Հայելի» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսելով «Մեր ձայնը» նախաձեռնության մասին, կարծիք հայտնեց, որ մեզ մոտ արդարության մթնոլորտ չկա, օրինակ՝ նախագահական դիմողների մեծ մասը հույս չունի, որ իր նամակին ընթացք կտրվի:
«Նախագահը, վարչապետը, նախարարները պետք է իմանան, թե ինչ են մտածում մարդիկ իրենց կողմից կառավարվող գերատեսչության մասին:
Նախագահականի նամակների բաժնում, օրինակ՝ երեք հոգի աշխատող չպետք է լինի, շատ պետք է լինեն»,- գտնում է Ահարոն Ադիբեկյանը, նշելով, թե նախաձեռնությունն ավելի շատ ակումբի նման բան է լինելու, իրենք` ձեւական կառույց չեն լինի, կհրավիրեն մասնագետների, որ աշխատեն իրենց հետ ու այն նամակները որոնք ուղարկվել են նախագահին ու հերքվել են, կզբաղվեն դրանցով, ինչը օրինակ կլինի մյուսներին:
«Կարեւոր է, որ մարդիկ իմանան այս նախաձեռնության մասին, մենք նաեւ կայք ենք ստեղծելու, նամակներ կարող են գրել մեզ: Մեզ հետ կարող են աշխատել համակիր-կամավորները հասարակական հիմունքներով: Մենք արդեն մի քանի իրավաբանների հետ բանակցել ենք, դեմ չեն, բայց դեռ պետք է հասկանանք, թե որ ոլորտում են ավելի լուրջ խնդիրներ, որ համապատասխան մասնագետների բերենք: Մենք չիստիլչիկի դեր ենք կատարելու»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը, նշելով, որ գոյություն ունի երկրի բարեկեցության վարկանիշ ու հիմնարար հարցն այն է, որ եթե դու բողոք ունես ու հարց է, թե ինչ եղանակով ես պատրաստ այն արտահայտելու, եթե նամակագրության բարեկիրթ ճանապարհը գերակշռում է, ուրեմն` դա բարեկրթության նշան է:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ