Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահին Մաքսային միությանն անդամակցելու որոշման համար դատի՞ կտան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 13:30

«ՀՀ-ում խոսել ժողովրդավարության մասին, ժամանակավրեպ է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց սահմանադրագետ Արմեն Մազմանյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով Մաքսային միությանը միանալու՝ ՀՀ նախագահի որոշման սահմանադրականության հարցի մասին, նշեց. «Սերժ Սարգսյանի՝ որպես պետության գլխի՝ հայտարարությունը,  դրանից բխած կառավարության որոշումը պետք է տեղափոխել իրավական դաշտ և որոշել այդ գործողությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերին»:

Արթուր Սաքունցը նշեց, որ սկզբում դիմելու են վարչական դատարան, հետո գործը տանելու են Սահմանադրական դատարան: Նա նշում է, թե հակառակ դեպքում կստացվի, որ պետության գլուխը կարող է ակնհայտորեն ընդունել որոշում, որը հակասում է Սահմանադրության սկզբունքներին, և իրավական պետությունը, քաղաքական մեծամասնությունը չի կարողանում բողոքարկել այդ որոշումը, այն տեղափոխել իրավական հարթություն: Պարոն Սաքունցը սա նմանեցրեց «նացիստական Գերմանիայի» իրավիճակին:

Այնուհետև պարոն Սաքունցը նշեց, որ

Մաքսային միության փաստաթղթերի քննությամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովն էլ պետք է համարել ոչ իրավաչափ:

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը հակադարձեց. «Նման հայցը Սահմանադրական դատարանում բավարարվելու երկու քաղաքական հնարավորություն կա. երբ այն պաշտպանվի ժողովրդավարական ուժեղ շարժմամբ, երբ իշխանություններն իրենք քաղաքական պատճառներով ցանկանան, որ սահմանադրական դատարանն այդ որոշումը կայացնի»:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավաբան Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը դեմ է Մաքսային միությանն անդամակցելուն և Սերժ Սարգսյանի որոշումը չի բխում ժողովրդավարության սկզբունքներից:

ՍԴ դիմելու առիթով ասաց. «Մենք խոսում ենք վերացական սահմանադրաիրավական վեճի մասին: Իրականությունն այն է, որ այդ համաձայնագիրը կարող է միայն նախնական վերահսկողության առարկա դառնալ, երբ այն ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան: Դա չի հանգեցնելու այդ համաձայնագրի սահմանադրական քննարկման: Բայց գործողությունների սահմանադրականությունը կարելի է վիճարկել ընդհանուր իրավասության դատարանում, իսկ սահմանադրական վեճի առարկա կարող է դառնալ համաձայնագրի նախագիծը»:

Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պարոն Զեյնալյանը համարեց «քաղաքական գծի կտրուկ փոփոխություն» և հավելեց. «Այն նույն ազդեցությունն ունի, ինչ հայ-թուրքական արձանագրությունները, միայն մեկ տարբերությամբ. արձանագրությունների դեպքում հանրությունը  տեղյակ էր»:

Aravot.am-ը պարոն Սաքունցից հետաքրքրվեց՝ լուրջ ակնկալիքներ ունի՞ ՍԴ-ից, քանի որ հաճախ է խոսում դրա խոցելիության և իշխանություններից կախման մեջ գտնվելու մասին: Արթուր Սաքունցը պատասխանեց. «Գործողություններ իրականացնելիս ես չեմ ելնում այն կետից՝ արդյոք ինչպիսի՞ն է լինելու ելքը: Գործողությունը պետք է կատարեմ, ցանկացած մնացած այլ տարբերակներում կնշանակի մատնվել անգործության: Գործողություններն են, որ փոփոխում են իրավիճակը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031