Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը Գյումրու տոնը իրենով արեց (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2013 13:08
PrevPhoto
NextPhoto

Երեկ Գյումրու նորընտիր իշխանություններն իրենց պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ նշեցին Գյումրու տոնը: Ի տարբերություն նախորդ իշխանությունների, այս անգամ քաղաքի տոնը չուղեկցվեց թագավորների ու պատմական այլ կերպարների արձանների բացմամբ, այլ սահմանափակվեց «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների շրջանակով:

Այս միջոցառումների մեջ թերևս ամենահաջողվածն ու ինքնատիպը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում ԳԱԱ Շիրակ հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հացի փառատոնն ու «Ազգային խոհանոցի ու ավանդական կենցաղի» ցուցահանդեսն էր: Այստեղ յուրահատուկ կոլորիտ էր ստեղծվել` հացաթխման արարողությամբ, ավանդական երգ-պարով, ազգային հագուստով, սակայն միջոցառման մասնակիցները մոտ մեկ ժամ ու կես արևի տակ լարված սպասում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցին, որպեսզի մեկնարկեին փառատոնը ու հայոց վարչապետի հետ ճաշակեին գցված ճոխ սեղանը:

Այդ ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն անսպասելի հյուր էր Գյումրիում, խորհրդակցություն էր անցկացնում Գյումրու քաղաքապետարանում:

Նկատենք, որ տոնակատարությանը մասնակցող գյումրեցիներից շատերը թեև ուրախ էին, որ կառավարության ղեկավարը չի անտեսել իրենց, եկել ու ամենուր, այդ թվում նաև ռեստորաններից մեկում իրենց քաղաքի պատվին քեֆ-ուրախություն է անում, սակայն մյուս կողմից նեղսրտում էին, որ տոնը թողած` Գյումրու իշխանությունները ստիպված էին վարչապետին սիրաշահել, տոնակատարությունները նրան հարմարեցնել:

Գյումրու քաղաքապետը հացի փառատոնի բացման իր ելույթում տեղեկացրեց, որ սա 31-րդ տոնակատարությունն է «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի շրջանակներում, սակայն դեռ կա 47-ը:

Իսկ հացի փառատոնի մասին քաղաքապետը խոսեց բավական բարդ բառապաշարով, որն ավելի շատ դասախոսության նմանվեց: «Հացը համամարդկային արժեք է, և կարող է դառնալ հանուն մարդկության միավորման գործոն: Փառատոնը ծառայում է ազգային ավանդույթների վերականգման նպատակին ժողովրդական մշակույթը, ազգային տոների ու ծեսերի ավելի կազմակերպված դարձնելու` որպես քաղաքի զարգացման գրավական: Հացը, մանավանդ լավաշը հայ ժողովրդի սրբազան արարչագործությունն է , այն ոչ գիտական, մշակութային ժառանգության բացառիկ տարրերից է, որը իր ստեղծման պահից մինչև օրս անդադար պահպանվելով լայնորեն կիրառվում է ոչ միայն Հայաստանում, այլև նաև նրա սահմաններից դուրս՝ այն երկրներում, որտեղ ապրում են հայ ժողովրդի ներկայացուցիչներ: Երբ որ մենք գնում ենք դուրս, ասում են` բերեք լավաշ և չեչիլ պանիր: Լավաշի յուրաքանչյուր յուրահատկությունները այն է, որ հայերի համար միայն ուտեստ չէ, այլ պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային կարևոր բաղադրիչ է: Իր էությամբ լավաշը այսօր էլ հայ ժողովրդի համար շարունակում է մնալ որպես ազգային ինքնության արտահայտություն: Հացի փառատոնի խորհուրդն է միավորել մարդկանց, տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնում ու վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Տոնը փառաբանություն է հողի, սերմի և հատիկի, հասկի ու հողի մշակի, սերմնացանի ոսկե ձեռքերն են հացը աճեցնում և դառնում է կենսատու ոսկի…» :

Վարչապետը ևս շնորհավորեց գյումրեցիների իր բառերով ասած հիասքանչ տոնը: «Մեծ խորհուրդ կա, որ քաղաքի տոնը նաև նշվում է Հացի փառատոնի հետ միասին, և այդ խորհուրդն այն մասին է, որ Գյումրին ոչ միայն վերականգնվում ու վերածնվում է, այլ այն տոնական տրամադրությունը, որ այստեղ կա, այն ոգևորությունը, որ կա ժողովրդի մոտ, այսուհետ լինելու է շարունակական և հավերժական: Ցանկանում եմ, որ այսուհետև ձեր ընտանիքներում լինեն միայն տոնական տրամադրություն: Շնորհավորում եմ ձեզ քաղաքի տոնի կապակցությամբ», -ասաց վարչապետը:

Եվ մինչ Տիգրան Սարգսյանն ու Հասմիկ Պողոսյանը միջոցառման կազմակերպիչների ու հյուրերի հետ վայելում էին գցված ճոխ սեղանը՝ թանգարանի բակում «Կարին» ազատագրական երգի-պարի համույթը ու աշխարհահռչակ գյումրեցի տենոր Վահրամ Թադևոսյանը հրաշալի ելույթներ էին ունենում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031