Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Իրավապահ մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, մասնավորապես՝ ՀՔԾ-ն»

Հոկտեմբեր 14,2013 12:54

ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին ՀՀԿ խորհրդի անդամ, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի` չորս օր առաջ հնչեցրած հրապարակային սպառնալիքները դեռեւս իրավական արձագանք չեն ստացել:

Հիշեցնենք, որ Yerkir.am  կայքին նա ասել էր, որ «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»:

Ճիշտ է, ավելի ուշ հայտարարություն  էր տարածել, որում նշել էր, թե «Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային Yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել՝ Զարուհի Փոստանջյանների մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական ու կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու այլ պարագաներում, նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանցված խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը»:

Այդուհանդերձ, հրապարակային, մամուլի միջոցով արված սպառնալիքը, որքան էլ այն վերաձեւակերպվի, թերեւս, պետք է արժանանար գլխավոր դատախազության ուշադրությանը: Այս կապակցությամբ «Առավոտը» Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ բացի ոստիկանությանը իր եւ ընտանիքի անվտանգությունը պաշտպանելու խնդրանքով դիմելուց, արդյոք չի՞ դիմել իրավապահներին՝ իր հանդեպ սպառնալիքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար:

Տիկին Փոստանջյանը ասաց. «Ես սպասում եմ, որպեսզի տեսնեմ, թե մեր պետությունը ներկայացնող իշխանությունները ինչպիսի դրսեւորում պետք է որդեգրեն , որովհետեւ տվյալ դեպքում պետության պարտականությունների մեջ է մտնում անձի կյանքը եւ անվտանգությունը պաշտպանելը, դրանով պետք է զբաղվի մասնավորապես Հատուկ քննչական ծառայությունը»: Մեր հարցին՝ անձամբ չե՞ք ցանկանում դիմել, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Սա մասնավոր մեղադրանքի գործ չէ, հանրային մեղադրանքի գործ է, եւ պետական ատյանները պարտավոր էին քայլեր ձեռնարկել: Արդեն մի քանի օր է սպասում ենք, տեսնենք, թե ինչպիսին է լինելու արձագանքը՝ Հայաստանի իրավապահների կողմից, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայության»:

Մեր այն հարցին, թե ոստիկանությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ձեր եւ ձեր ընտանիքի անվտանգությունը պաշտպանելու համար, պատգամավորը պատասխանեց. «Մանրամասներ չեմ կարող հայտնել, կարող եմ միայն ասել, որ ոստիկանությունը իմ տեղաշարժման ժամանակ ներկա էր»:

Իսկ մեր դիտարկմանը, թե Խ.Ասրյանը հայտարարել է, որ ինքը կարող է պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Խաչիկ Ասրյանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, հնարավորս՝ շտապ: Որեւէ այլ մեկնաբանություն այդ անձի հետ կապված չեմ ուզում անել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031