Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականների կարծիքով` «Էրեբունի Երևան 2795»-ում եղել են «ավելորդություններ» և «անիմաստ ծախսեր»

Հոկտեմբեր 14,2013 12:09

«Մենք քաղաքը շնչահեղձ ենք անում և միևնույն ժամանակ տվյալ պահին սեր խոստովանում: Սա զավեշտալի իրավիճակ է»,-Aravot.am-ի հարցին` «Էրեբունի Երևան 2795» տոնակատարություններն արդյոք համարժե՞ք էին 200 միլիոն դրամին, որը հատկացվել էր տոնակատարությունների իրականացման համար՝ այսպես պատասխանեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Հետաքրքրվեցինք` արդարացվա՞ծ էին նման ծավալների ծախսերը: Տիկին Հակոբյանն այսպես արձագանքեց. «Հարցը արդարացված լինելը չէ: Մի տեսակ սխալ մտածողություն է ձևավորվել` քաղաքը սիրել խոսքերով, վերնագրերով, ազդագրերով, ոչ թե արարքներով, գործով, փաստացի: Բայց դեռ Աստվածաշնչում է գրված` վերաբերմունքի մասին դատիր ոչ թե խոսքով,այլ արարքով»:

Կարինե Հակոբյանը մատնանշեց քաղաքի այն հիմնախնդիրները, որոնք չնայած քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստումներին՝ շարունակվում են չլուծված մնալ ու մանրամասնեց. «Եթե քաղաքապետարանի դիմաց Մանկական կոչվող զբոսայգին նման անբարեկարգ վիճակում է. կա կանաչապատման, լուսավորության խնդիր, կամ Կոմիտասի այգին, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք, բայց քաղաքապետարանը ծրագիր չի մշակում բարեկարգելու, կամ մայթերի վրա շարունակում են կառուցվել կրպակներ, կառույցներ, բակերում չի դադարում շինարարությունը, թեև քաղաքապետն անընդհատ խոստանում է, ապա ինչպե՞ս կարելի է խոսել քաղաքը սիրելու մասին»:

Հրապարակախոսը նաև կարծում է, որ երբ հոբելյանն ամեն տարի ես նշում, այն կորցնում է հանդիսավորությունը, դառնում սովորական մի բան: Այս առիթով մեր զրուցակիցն առաջարկ արեց. «Առաջարկում եմ` քաղաքի հիմնադրման տարեթիվը նշելու հարցում հինգ տարի դադար տալ, հետո նշել 2800-ամյակը, բայց արդեն հաշվետվություն տալով մեր քաղաքին»:

Իսկ նրան, թե ինչպես նշվեց «Էրեբունի Երևան 2795»-ը, Կարինե Հակոբյանն այսպիսի գնահատական տվեց. «Սա նման է ցոփ ու շվայտ մի հոգեբանության: Այնինչ մենք պետք է խնայողաբար օգտագործենք միջոցները, քանի որ քաղաքը բազում խնդիրներ ունի»:

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կարծում է, որ տոնակատարության մեջ կային «ավելորդություններ» ու նշում է. «Հիշում եմ, երբ Էրեբունի Երևան էինք նշում, դա մի թատերականացված միջոցառում էր, այսինքն` էրեբունի հասկացողությունը տոնակատարության մեջ առկա էր: Ես էլ քանի անգամ Արգիշտի եմ խաղացել, փող եմ աշխատել, ռուբլի էր, այդքան չէր երևում, բայց հարցը դա չէ: Այսօր ես Արգիշտիի արձանը դրել եմ, բայց չի օգտագործվում` որպես Արգիշտի, որպես քաղաքի հիմնադիր, այնինչ դրա կողքին այնքան ավելորդություններ կան, որոնց իմաստը չեմ տեսնում»:

Պարոն Թոքմաջյանը «Էրեբունի Երևան 2795» տոնակատարությունների վրա այդ ծավալի գումար ծախսելը համեմատեց Նունե Եսայանի համերգի վրա միլիոններ ծախսելու «անիմաստության» հետ ու մանրամասնեց. «Նունե Եսայանին, ում ես չեմ սիրում, երբ այդքան մեծ գումար տվեցին, ինչ է մի երեկո պիտի հանդես գար՝ հիմա նույն բանի շարունակությունն է: Ի՞նչ իմաստ ունի այդքան գումար ծախսել, երբ չնչին գումարներ են տալիս թոշակառուներին: Նայում եմ մարդկանց դեմքերին և տեսնում, որ այդ միջոցառումները մեր ազգաբնակչության մեծ մասին չեն հետաքրքրում»:

Քանդակագործը առաջարկում է «Էրեբունի Երևանը» կոչել «Նոր Երևան», քանի որ «Էրեբունիից միայն մի բերդ է մնացել», իսկ «տոնակատարություններն ավելի համեստ անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    2795 թ.ի տոնակատարությունը՝ նման էր իսկական հայկական ճոխ հարսանիքի, կամ էլ որ գնչուները չնեղանան, նրանց հարսանիքի, միայն առաց հարս ու փեսայի:

  2. Ցանկացած ծախսի դեպքում, համապատասխան, մնայուն արժեք պետք է ստեղծվի, որպեսզի այն հիշվի: Օրինակ` ,,Էրեբունի-Երևան 2750,,-ը հիշվում է Պ. Սևակի և Է. Հովհաննիսյանի ստեղծած հիանալի երգով, երևանցիներին հայտնի շատրվաններով: Մինչդեռ, ինչպես այս, այնպես էլ մյուս տոնակատարություններից ոչինչ չի մնացել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031