Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում առաջին հետընտրական հանրահավաքը անցկացվեց

Հոկտեմբեր 14,2013 12:02

«Ազատություն» ռադիոկայան. Իլհամ Ալիևի անհապաղ հրաժարականի պահանջը շաբաթ օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքի գլխավոր կարգախոսն էր:

Հարկ է նկատել, որ սա վերջին շրջանում ընդդիմության նախաձեռնած թերևս ամենաբազմամարդ ու տպավորիչ բողոքի գործողությունն էր:

Դիմելով մասնակիցներին՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն արձանագրում էր․ – «Փոխվում են ժամանակներն ու դարաշրջանները, իսկ Ալիևների վարչակազմի մեթոդները անփոփոխ են»:

«2003 թվականին Իլհամը գողացավ իմ հաղթանակը, ժողովրդի տարած հաղթանակը: Այսօր նա նույն կերպ վարվեց Ջամիլ Հասանլիի հետ: Բայց ինչի հասավ Իլհամն այս 10 տարվա ընթացքում` միլիարդների կարողություն դիզեց` փոխարենն արժանանալով ժողովրդի ատելությանը», – նշում էր Ղամբարը:

Հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ներկայացնող Ջամիլ Հասանլիի համոզմամբ էլ՝ այն, ինչ կատարվեց, քվեարկության արդյունքների համատարած խեղաթյուրում էր:

«Հոկտեմբերի 9-ից հետո Ադրբեջանն անդառնալիորեն փոխվել է: Թեև իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունները, այնուհանդերձ, հասարակությունն է փոխվել: Իրականում հոկտեմբերի 9-ին քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 20 տոկոսը: Նրանց 65-70 տոկոսը քվեարկել է ընդդիմության թեկնածուի օգտին: 2500 տեղամասերից ստացված մեր փաստական տվյալները վկայում են, որ այս քրեական, կոռումպացված թալանչիական ռեժիմը համատած կերպով կեղծել է ընտրությունները», – նշում էր Հասանլին:

Ընտրությունների բողոքարկման օրինական գրեթե բոլոր ուղիներից, սակայն, ադրբեջանական ընդդիմությունն արդեն իսկ զրկվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ կայացած նիստի ժամանակ զուտ տեխնիկական պատճառաբանություններով մերժվեց ընդդիմադիրների ներկայացրած բողոքի քննությունը:

Ուշագրավ է, որ ԿԸՀ-ում Ջամիլ Հասանլիի լիազոր ներկայացուցչին հնարավորություն չտվեցին մասնակցել երեկվա նիստին․ ոստիկանությունը նրան ձերբակալեց և հինգ ժամ ներքին գործերի բաժնում պահեց հենց այն ժամանակ, երբ նա գնում էր մասնակցելու ընտրական հանձնաժողովի նիստին:

Ադրբեջանական ընդդիմության վերջին հույսը Արևմուտքի արձագանքն է: Սա է պատճառը, որ մի քանի ժամից Ջամիլ Հասանլին կմեկնի սկզբում Բրյուսել, ապա՝ Ստրասբուրգ, որտեղ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ կքննարկի Ադրբեջանում ստեղծված հետընտրական կացությունը:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031