Փակ շուկայի մոտ հավաքված Հայաստանի քաղաքացիները, հայ մարդիկ բաժանված են երկու թշնամական ճամբարների եւ իրար հասցեի հնչեցնում են բոլոր հնարավոր եւ անհնարին հայհոյանքները:
Շուկայի վերակառուցումն, անշուշտ, տեղի է ունեցել օրենքի խախտումներով: Քաղաքապետարանը, ինչպես նաեւ մնացած, ինչպես ասում են, «պատկան» գերատեսչությունները հասարակությանը եւ լրագրողներին ցույց չեն տալիս այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այդ վերակառուցումը տեղի է ունեցել: Ըստ երեւույթին նման փաստաթղթեր գոյություն չունեն:
Արդյոք դրանից կարելի՞ է եզրակացնել, որ երկու ճամբարները ներկայացնող այն մարդիկ, ովքեր հավաքում են Փակ շուկայի մոտ, «թուրքեր» են՝ այսինքն, ժողովրդական ստուգաբանությամբ՝ դաժան, արնախում գազաններ: Եթե ոչ, ինչո՞ւ են ապա նրանք իրար երեսի նման մեղադրանք շպրտում: Քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են Շուկայի վերակառուցմանը, պնդում են, որ բարիկադների հակառակ կողմում Սամվել Ալեքսանյանի վարձած մարդիկ են, եւ, հետեւաբար, նյութապես շահագրգռված լինելով՝ նրանք չեն արտահայտում սեփական կարծիքը: Ըստ ամենայնի, այդպես էլ կա. այդ մարդկանց (հատկապես հզոր ձայնալարեր ունեցող տիկնանց) շարժուձեւից ու բառապաշարից հասկանալի է, որ նրանք ամենեւին Սպինոզաներ չեն՝ պարզ առեւտրականներ են, որոնք տվյալ օլիգարխի կառույցներում առեւտուր անելով, իրենց գլուխն են պահում:
Բայց ոչ ոք չի մտել նաեւ քաղաքացիական ակտիվիստների գանգուղեղի մեջ եւ ուսումնասիրություն չի կատարել, արդյոք նրանցից յուրաքանչյուրի մոտիվացիան նույնքան մաքո՞ւր է եւ անարատ, որքան Մասիսի ձյունը: Արդյոք նրանք բոլորն իրենց սեփական կարծի՞քն են արտահայտում: Այստեղ չկա՞ն քաղաքական շահեր: Եթե շուկայի սեփականատիրոջ անունը լիներ ոչ թե Սամվել Ալեքսանյան, այլ, ենթադրենք, Սամվել Կարապետյան եւ կատարվեին նույն իրավախախտումները, շարժումը նո՞ւյն թափը կունենար:
Կարդացեք նաև
Իհարկե, այդ ակտիվիստները հիմնականում հրաշալի երիտասարդներ են, եւ նրանց հետ է, որ մեր հասարակությունը պետք է հույսեր կապի: Բայց երբ կա երկու կողմ, ինձ թվում է՝ սխալ է մեկին իդեալականացնել, իսկ մյուսին համարել չարիքի մարմնավորում: Եվ հենց այդ տեսանկյունից է կարեւոր օգնել կողմերին հասնել ինչ-որ փոխզիջման, դրդել նրանց որոշակի հետքայլ կատարել, որպեսզի հայ մարդիկ տարբեր խրամատներում չհայտնվեն:
Թե ինչպես է դա հնարավոր այս դեպքում՝ ես դեռ չգիտեմ: Բայց մի փոքր օրինակ բերեմ իմ փորձից: Երբ 2010 թվականին իշխանությունը, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած թույլ չէր տալիս, որ ՀԱԿ-ը Ազատության հրապարակում հանրահավաքներ անի, ես առաջարկեցի. քանի որ իշխանությունը, ըստ երեւույթին վախենում է, որ ՀԱԿ-ը ցույցից հետո վրաններ խփի եւ մշտական լարվածության օջախ ստեղծի, գուցե նրանք պայմանավորվե՞ն, որ հանրահավաքները անցկացնեն, բայց հետո վրաններ չեն խփի:
Արձագանքելով այդ մտքին, այն ժամանակվա ՀԱԿ-ի ամենավառ դեմքերից մեկը գրեց, թե ինչպիսի տականք եմ ես, որ այդպիսի փոխզիջում եմ առաջարկում, երբ իրենց պետք է միայն պայքար, պայքար մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ, մինչեւ ռեժիմի լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիա:
Բայց ժամանակը ցույց տվեց, որ հետագայում իշխանություն-ՀԱԿ հարաբերությունները զարգացան մոտավորապես իմ սցենարով՝ երկխոսություն եւ այլն:
Այժմ էլ ակտիվիստները եւ նրանց կողմնակիցները նույնպես կարող են վրդովվել. «ինչպես ես դու մեզ՝ հասարակության արդար պահանջը մարմնավորողներիս, համեմատում Լֆիկի առեւտրականների հետ, ինչպես կարելի է մեր նման հրեշտակներին եւ այդ անգրագետ լաչառներին մի հարթության վրա դնել»: (Հակառակ կողմը այս հոդվածը դժվար թե կարդա, թե չէ կգային խմբագրություն՝ աչքերս կհանեին): Բայց իրական կյանքում հրեշտակներ եւ հրեշներ չկան: Իսկ պետության մեջ կան քաղաքացիներ`ինքնարտահայտման հավասար իրավունքներով: Պարզապես պետք է այնպես անել, որ նրանց ինքնարտահայտությունը թշնամանքի եւ հակամարտության չվերածվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ https://newsbook.am-ից
Փակ շուկայի մոտ հավաքված Հայաստանի քաղաքացիները, հայ մարդիկ բաժանված են երկու թշնամական ճամբարների եւ իրար հասցեի հնչեցնում են բոլոր հնարավոր եւ անհնարին հայհոյանքները: Նման պնդումը սխալ է: Առնվազն այդ ակցիայի կամ երևույթի կազմակերպիչները նման արտահայտություններ թույլ չեն տվել: Ավելին՝ նրանցից շատերը բազմիցս նշել են, որ փակ շուկայի պաշտպանները պարզ առևտրականներ են, ոչ թշնամիներ, և ինչպես դուք եք ասում, և ինչ որ վարձավճարի դիմաց կատարում են կոնկրետ գործառույթ: նույն հարթության վրա դնելը նույնպես սխալ է, բայց ոչ այն պատճառով, որ մեկը դիցուք արդար պահանջ է առաջ քաշում, մյուսը լաչառ է: Պատճառը պարզ է՝ «պաշտպանները» նույնատիպ զորք են, ինչպես համալսարանի ակցիայի աղջիների վրա բերած քյարթուների զորքը: «կարեւոր օգնել կողմերին հասնել ինչ-որ փոխզիջման», ո՞ր կողմերին: Նույն տրամաբանությամբ կարելի էր մարտի մեկի զոհերին ու բանակին կոչ անել զգոնություն պահել և չթշնամանալ: Թշնամություն սերմանողը ուրիշ տեղ է: նրա՞նց է ուղղված
Շատ ճիշտ կլիներ մարտի մեկից առաջ նման կոչ անել: Գուցե այդպիսով հնարագոր կլիներ խուսափել զոհերից:
Իմ կարծիքով քղքաքցիական ակտիվիստների պահանջը արդարացի է,քանի որ ակնհայտորեն խախտվել է օրենքի պահանջը,որի մասին նշել են ինչպես քաղաքապետարանի աշխատակիցները,այնպես էլ Մշակույթի նախարարությունը և կապ չունի թե նրանք այդ պայքարը տանում են քաղաքական դրդապատճառներից ելնելով,թե ուղղակի մշակութային արժեքի մասին մտածելու պատճառով;Եթե պահանջը արդարացի է, կապ չունի թե պահանջողը ինչ մոտիվացիա ունի,կարևորը լինի օրենքի շրջանակներուն:
Հակառակ կողմը այս հոդվածը դժվար թե կարդա, թե չէ կգային խմբագրություն՝ աչքերս կհանեին: :DDDD