Լիլի էլբակյանը մեկն է այն երիտասարդ դերասաններից, ով կարողանում է իր խաղով գրավել հանդիսատեսին: Նրա հերոսներն այնքան անկեղծ են, որ երբեմն թվում է, թե իրական են: Կերպարները կլանում են հանդիսատեսին՝ ստեղծելով երևակայական մի աշխարհ, որտեղ միահյուսվում են մարդկային զգացմունքները՝ սերը, ատելությունը, խիղճն ու ցավը: Հենց այսպիսին է Լիլին նաև «Թռցրու ինձ լուսին» ներկայացման ժամանակ:
–Ինչպե՞ս սկսվեցին «Թռցրու ինձ լուսին» ներկայացման աշխատանքները: Արդյոք կա՞ նմանություն Ձեր և Ձեր մարմնավորած հերոսի միջև:
-Ներկայացման վրա շատ երկար ենք աշխատել, բայց մեծ ընդհատումներով: Այդ ընդհատումների ժամանակ, ասես Մոնիկա Քենդի Թվիքսի դերը հասունանում էր: Երբ սկսեցինք առաջին փորձերը, աղջիկս` Էլմին, նոր էր ծնվել: Միայն 2 տարի հետո ներկայացումը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Բուն բեմադրական աշխատանքների ժամկետը շատ կարճ է եղել:
Իմ մարմնավորած դերերի մեջ շատ նմանություններ կան, որովհետև բոլոր դերերը իմ մի մասն են դառնում: Ամեն մի նոր դեր ստանալիս, ես սկսում եմ մտածել կերպարի վարքագծով, թե ինչպես կվարվեր տվյալ անձնավորությունը, այս դեպքում Մոնիկայի, ով ընդամենը 16 տարեկան է և կյանքից ստանալու շատ բան ունի:
–Ինչպիսի՞ն է Լիլի Էլբակյանը մինչ բեմ մտնելը՝ կուլիսներում: Ձեր կյանքում եղե՞լ են այնպիսի պահեր, երբ ներկայացումից րոպեներ առաջ ուղղակի չեք ցանկացել բեմ բարձրանալ:
-Ամեն անգամ բեմ մտնելուց առաջ վախ եմ զգում, ուզում եմ փախչել, նույնիսկ երբեմն մտածում եմ, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել: Բայց հետո հավաքվում եմ, բեմում հայտնվելուց առաջ աղոթում: Հետո ամեն ինչի մասին մոռանում եմ. իմ առաջ ուրիշ աշխարհ է բացվում, ես սկսում եմ ապրել հերոսի կյանքով:
– Շատ արվեստագետներ կողմ չեն, որ իրենց երեխաները դերասան դառնան: Ձեր մասնագիտության ընտրությունն ինչպե՞ս եղավ, ինչպիսի՞ն էր Էլբակյանների արձագանքը:
-Ինքս էլ չհասկացա, թե ինչպես ընտրեցի այս մասնագիտությունը: Երևի ինքնաբերաբար ստացվեց. ես մեծացել եմ կուլիսներում՝ դերասաններով շրջապատված: Կարծես այս մասնագիտության ընտրությունն անխուսափելի էր ինձ համար: Մերոնք սկզբից այնքան էլ ուրախ չէին այս որոշումով: Հետո համակերպվեցին, որովհետև ես, բացի թատրոնից, ուրիշ ոչ մի բանով չէի հետաքրքրվում:
–Ձեր ամուսինը նույնպես արվեստագետ է: Հետաքրքրիր է, ինչպես՞ են միմյանց հետ ապրում 2 արվեստագետներ:
-Ես ու ամուսինս իրարից շատ տարբեր ենք, թե հայացքներով, թե մտածելակերպով: Բայց միևնույն ժամանակ լրացնում ենք միմյանց: Արվեստի թեմաներով դեռ որևէ վեճ չենք ունեցել, երկուսս էլ միմյանց կարծիքի հետ հաշվի ենք նստում:
–Ձեր աղջկա ծնվելուց հետո « Մինչև դրախտ՝ իրար հետ» զույգի մոտ ի՞նչն է փոխվել:
-Էլմիի ծնվելուց հետո շատ բան է փոխվել, երեխան թելադրում է իր օրենքները: Մինչ այդ ոչ մի հոգս չունեցող զույգի համար շատ դժվար է այդպիսի պատասխանատվություն ստանձնելը: Երեխային մեծ հոգատարություն է պետք: Բայց դժվար էր հասկանալ, որ մենք արդեն ծնողներ ենք: Այս շրջանը մեր ընտանիքի համար ես համարում եմ «առողջ փորձություն» ընտանիքի համար: Կարծում եմ, որ այդ դժվար փորձությունը մենք անցանք ու դեռ շարունակում ենք անցնել ՝ չմոռանալով Դրախտի մասին խոստումը:
– Դուք ձեզ ազատ համարու՞մ եք: Եվ ո՞րն է Ձեր համար իսկական ազատությունը:
-Ինձ համար ազատության ամենալավ բանաձևը գրված է Աստվածաշնչում՝ «Ամեն բան քեզ կարելի է, բայց ոչ ամեն ինչ է օգտակար»…Ես ինձ համարում եմ ազատ մարդ, որովհետև առաջնորդվում եմ այս սկզբունքով: Ես միշտ էլ ազատատենչ եմ եղել. չեմ սիրում, երբ ինձ սահմանափակում են: Համոն էլ երբեք ինձ չի սահմանափակում, նա հաշվի է նստում իմ տեսակի հետ:
– Երբ իմացաք որ դուք էլ եք հայտնվել «Աստղերը քնած ժամանակ» ֆոտոների ցուցակում, դա արվել է ձեր ամուսնու միջնորդությամբ, ի՞նչ զգացիք:
-Ես անակնկալներ չեմ սիրում, բայց ինքս էլ սիրում եմ նկարել մարդկանց քնած ժամանակ: Այդ պահին մարդ նման է իր հոգուն: Անկաշկանդ է, պարզ ու առանց դիմակների: Երևի դա է պատճառը, որ չբարկացա:
–Եթե հնարավորություն ունենայիք մի քանի ժամով «Թռչել դեպի լուսին», կդիմեի՞ք այդ քայլին:
-Եթե լիներ արժանի մեկը, ով կգար ինձ հետ դեպի լուսին, գուցե և թռչեի: «Թռցրու ինձ լուսին» ներկայացման մեջ լուսինը ազատության անսահմանության սինվոլ էր, այսինքն գնալ սիրած մարդու հետևից՝ թեկուզ լուսին: Ես կարծում եմ, որ «մինչև դրախտ դու ես» և «թռցրու ինձ լուսին» արտահայտությունները հավասարազոր են: Ես արդեն գտել եմ այդ մարդուն և թռել եմ լուսին:
Ամալյա ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Լիլի Էլբակյանի ֆեյսբուքյան էջից