Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՊՃՀ ռեկտոր պարոն Արա Ավետիսյանի հրամանների հայտնվելը համացանցում ավանդույթ դառնալու միտում ունի»

Հոկտեմբեր 13,2013 18:28

 Aravot.am-ը երեկ հրապարակել էր ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանի  հրամանը այն մասին, որ բուհում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակըև մինչև . նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ:

Հրապարակմանն արձագանքել է ՀՊՃՀ-ի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ    Աշոտ Խաչատրյանը, ում խմբագրությանը ուղարկած բաց նամակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Օրեր առաջ ես զետեղեցի համացանցում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի արձակած հրամանը ՀՊՃՀ-ի 34 դասախոսների ազատման վերաբերյալ (տես, օրինակ, https://hetq.am/arm/news/29897/): Հիշեցնեմ, որ այդ քայլը միտված էր կանխելու ապատեղեկատվության տարածման փորձը, որ մեր համալսարանում իբր կրճատվել է ընդամենը 4 դասախոս: Արվածիս արդյունավետության մասին ինքներդ դատեք. ռեկտոր Ավետիսյանը այժմ 4-ի փոխարեն արտաբերում է 14: Ամենայն հավանականությամբ, իմ այս քայլից հետո ոմանք կարծեցին, որ ռեկտորի հրամանները համացանց ուղարկելը վատ միտք չէ: Իրոք, եթե, օրինակ, մամուլ ուղարկվի հետևյալ կերպ վերնագրված ռեկտորի մի հրաման` «Պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով ստեղծելու մասին», ապա կարելի է ակնկալել, որ հասարակության մոտ գոնե կարճ ժամանակով կարծիք կձևավորվի, թե ՀՊՃՀ-ում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Այնուհանդերձ, հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովից հետո ՀՊՃՀ-ում իրավիճակը էլ ավելի թեժացել է: Ոմանք, թե կատակ, թե ճիշտ հույս հայտնելով հա կրկնում են. կարո՞ղ է երկրի ղեկավարությունը ՀՊՃՀ-ի 80-ամյակի առիթով նվեր անի` ազատագրի կոլեկտիվը Արա Ավետիսյանից: Այն, որ անհրաժեշտության դեպքում Արա Սերգեյիչը կարող է արձակել թերի հիմնավորումներով հրամաններ, գոնե ինձ, հայտնի է: ՀՊՃՀ-ի ներկայիս ռեկտորի ղեկավարման ժանրը չի բացառում նաև հրամանների հիմքում դնել ՀՊՃՀ-ի գիտխորհրդի որոշումներ, որոնք չէին ընդունվել, այլ կերպ ասած, կեղծել գիտխորհրդի որոշումները: Ինչևէ, փաստն այն է, որ նման վերնագրով հրաման ռեկտորի կողմից արձակվել է, այնուհանդերձ հրամանը դա միայն վերնագիրը չէ (տես https://news.am/arm/news/175728.html): Մասնավորապես, հրաման կարելի է արձակել միայն համապատասխան հիմնավորման դեպքում: Եթե վարչարարության հետ ծանոթ որևէ մեկը ուշադիր կարդա կարգավորման հանձնաժողի հրամանը, ապա նա կարձանագրի, որ այդ հրամանը որևէ իրավական հիմք չունի.

Հիմք ընդունելով պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովում քննարկված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը. Հրամայում եմ՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ և այլն:

 

  Հարգելի տիկնայք և պարոնայք, հանկարծ չկարծեք, որ ասվածով ես ցանկանում եմ ինչ-որ բան լսեցնել պարոն ռեկտորին, որը նմանատիպ ակնարկների դեպքում ասում է`դուրդ չի գալիս գնա ու ում ուզում ես, ասա, կամ գնա, դիմի դատարան: Ես պարզապես ծանոթացնում եմ Ձեզ մեր աշխատանքային պայմանների հետ, երբ մարդ հրաման է արձակում` հիմնվելով բացառապես իր տպավորությունների վրա, առանց մատնանշելու որևէ իրավական նորմ կամ նորմատիվ ակտ` միտված նմանատիպ հարցերի լուծմանը: Հավելեմ նաև, որ քննարկումների արդյունքում արհեստակցական կազմակերպության ժողովում որևէ որոշում չի ընդունվել: Եթե պարոն Ավետիսյանը, այնուամենայնիվ, իր հրամանի հիմք փորձում է դարձնել կոլեկտիվի ժողովը, ապա հետևողական լինելու համար նա պետք է ձևակերպի ինքն իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու հրաման, հիմք ընդունելով, օրինակ, երկու նախկին ռեկտորների` պրոֆեսոր Յուրի Սարգսյանի և պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի բացասական ելույթները մեր բուհում Ձեր վարած քաղաքականության վերաբերյալ, ուսանողական խորհրդի նախագահ` պարոն Գոռ Վարդանյանի Ձեր նորարարության արդյունքում ուսումնական պրոցեսում ծագած պրոբլեմների վերաբերյալ զեկույցը և այլն: Վերանշված հրամանի հիմքը թերի է նաև կազմի ձևավորման գործընթացի առումով:

Հանձնաժողովի շատ անդամներ, այդ թվում նաև ես, իրազեկվում է նրա կազմում ընդգրկվելու մասին համացանցից: Թողնելով, մի կողմ հարցի էթիկական կողմը, փաստենք հետևյալը. անձը, առանց իր համաձայնության, ներգրավվել է հանձնաժողովի աշխատանքների մեջ: Դրան կարելի է տալ հետևյալ որակումը. ռեկտորը իր հրամանով պարտադրում է անձին կատարել հավելյալ աշխատանք, որը չի մտնում իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան անմիջական պարտականությունների մեջ: Դա ըստ իս աշխատանքային նորմերի կոպտագույն խախտում է: Եթե դա այդպես չէ, ապա պարոն ռեկտորը կարող է հրամանի միջոցով պարտադրել մեզ մասնակցել ՀՊՃՀ-ի լսարաններից մեկում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:

Մի պահ վերանանք ռեկտորի հրամանի իրավական ու էթիկական հիմնավոր չլինելու հանգամանքից: Փորձենք հասկանալ, թե կոլեկտիվի արհեստակցական կազմակերպության ժողովում բարձրացված որ հարցն է կոչված այն լուծելու: Մասնավորապես, ինձ համար անհասկանալի է համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը կապակցությունը: Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման գործընթացը՝ առանց կառավարման խորհրդի, և ինչո՞վ է պայմանավորված ռեկտորատի և գիտական խորհրդի արտահերթ նիստերի հրավերը: Արդյո՞ք սա փորձ չէ ռեկտոր Ավետիսյանի կողմից, իր նախկինում միանձնյա կերպով ընդունած որոշումներին, ճնշելով ռեկտորատի և գիտական խորհրդի վրա, հաղորդել կոլեգիալ բնույթ:

Արհեստակցական միության ժողովից կոլեկտիվի անդամներից շատերի համար պարզ դարձավ, որ ռեկտոր Ավետիսյանը հակված չէ երկխոսության: Դրա մասին է ուղղակիորեն վկայում իր կողմից հապճեպ ձևակերպած կազմավորման հանձնաժողովի վերաբերյալ հրամանը: Հետևաբար, մեր կոլեկտիվը, պետք է վճռական, հետևողական և կազմակերպ լինի ռեկտոր Ավետիսյանին պաշտոնանկության հարցում` մասնակցելով կառավարման խորհուրդ հրավիրելու ստորագրահավաքին: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ռեկտոր Ավետիսյանը, պետք է, որ նոր հրաման արձակի հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հրամանը չեղյալ համարելու համար: Ակնկալվող հրամանը ևս պետք է զետեղել համացանցում: Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի տեսնել այդ նոր հրամանի հիմնավորում բաժինը:

 

ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ                                                          Ա.Ժ.Խաչատրյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031