Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Ղազախստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում ասաց, որ Ֆրանսիայից կրած պարտությունից հետո անցած երկու օրվա ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է ֆուտբոլիստներին հոգեբանական ճնշվածությունից դուրս բերելու վրա: «Անցյալը պետք է թողնենք ետեւում եւ շարժվենք առաջ», – ասաց նա:
Վաղը երիտասարդական հավաքականի կազմում խաղադաշտ չեն մտնի Վարազդատ Հարոյանը, որը միացել է ազգային հավաքականին եւ Վահագն Այվազյանը, որը երկու դեղին քարտ ունի: Մյուսները մարզվում են:
Խոսելով Ղազախստանի հավաքականի մասին՝ Ռաֆայել Նազարյանն ասաց, որ նրանց հետ խաղացել են, հաղթել եւ ընդհանուր առմամբ ծանոթ է վաղվա մրցակցի կարողություններին: «Ղազախստանի հավաքականում լավ ֆուտբոլիստներ են ընդգրկված: Նրանք, անհրաժեշտ ուշադրությամբ չվերաբերվելու դեպքում, կարող են անախորժություններ պատճառել: Ղազախներն իրենց դաշտում մեզ պարտվել են եւ պատրաստ են ռեվանշի», – ասաց գլխավոր մարզիչը, որի խոսքով, ինքը մեր թիմի մեկնարկային կազմն ընտրելու հարցում դեռ չի կողմնորոշվել: Ռաֆայել Նազարյանն անպայման հաղթանակ չխոստացավ: Բայց պարզից էլ պարզ է, որ վաղը ամեն բան արվելու է երեք միավոր վաստակելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև